Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլն ու Արցախը

Դեկտեմբեր 01,2018 12:00

Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը չպետք է իրենց կաշկանդված զգան Արցախի զարգացման, ամրացման, բարգավաճման մասին մոտեցումները, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց դիրքորոշումները ներկայացնելիս: Ավելին՝ քաղաքական ուժերը դա նույնիսկ պարտավոր են անել, որպեսզի Հայաստանի հասարակությունը մեր պետության ամենագլխավոր հարցերի շուրջ ունենա պատկերացում, թե ինչպես է այս կամ այն ուժը խորհրդարանական իր գործունեության շրջանում պատրաստվում աշխատել Հայաստանի եւ Արցախի համար այս կարեւորագույն հարցերում:

Առավել եւս իշխանության թիմը, որն արդեն 7 ամիս ղեկավարում է Հայաստանը եւ, հավանաբար, տիրապետում է բանակցային գործընթացի նրբերանգներին՝ պետք է հնարավորինս բաց լինի իր դիրքորոշումը ներկայացնելիս: Փաշինյանը բազմիցս ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արտահայտել է մտքեր, որոնք ներկայացրել են նաեւ նրա նախորդ իշխանության ներկայացուցիչները:

Օրինակ՝ «Մենք պատրաստ ենք իսկապես ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով», «բանակցային հետագա գործընթացը պատկերացնում ենք միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում»: Նրա կողմից հնչել են նաեւ ազդակներ. «Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք եւս պատրաստ ենք: Եթե ոչ, մենք եւս պատրաստ չենք»: Կամ՝ «Եթե սպառնալիքների մթնոլորտում մենք խոսենք փոխզիջումներից, ինչ-որ մեկը կարող է դա ընկալել որպես թուլություն: Մենք դա երբեք թույլ չենք տա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ մեզ հետ կարող է խոսել ուժի դիրքերից, ապա մենք ասում ենք, որ դա անհնարին է: Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել այդպես»:

Եղել է նաեւ այսպիսի ուղերձ՝ եւ ոչ մեկ անգամ. «Ես Հայաստանի վարչապետն եմ ու պատրաստ եմ մասնակցել բանակցություններին ՀՀ անունից: Ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացներին: Նրանք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը: Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ մեկը, ով ունի ժողովրդին ներկայացնելու մանդատ: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք դրան պատրաստ ենք ամեն պահի: Սակայն Ղարաբաղը պետք է ներկայացնի Ղարաբաղի ներկայացուցիչը»: Նախկին իշխանությունները եւս, բանակցելով, հայտարարում էին, որ միեւնույն է՝ Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը, այսպես ասած՝ վերջնական խոսքը արցախցիներինն է:

Գարնանը եղել է իշխանափոխություն: Ներկա իշխանությունը, եթե ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանության շարունակականությունն է ապահովելու ապագայում, ուրեմն կարելի կլինի ասել, որ խոշոր հաշվով շատ բան չի փոխվել: Բայց այլ բան են հրապարակային ելույթները, այլ բան՝ բուն բանակցային գործընթացը:

Օրինակ՝ այսօրվա իշխանությունը պատրա՞ստ է Մադրիդյան սկզբունքների շրջանակներում շարունակել բանակցություններ վարել Հայաստանի կողմից: Եթե չի հայտարարվել, որ այդ սկզբունքները պաշտոնական Երեւանի համար օրակարգային չեն, ուրեմն այդ սկզբունքներն են շարունակելու բանակցությունների հիմք հանդիսանալ: Այսօր իշխանությունների կողմից քննադատել Մադրիդյան սկզբունքները՝ որպես Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության ձախողում՝ անիմաստ է, եթե դու պաշտոնապես չես մերժել այդ սկզբունքները: Իսկ եթե մերժես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է «պատրաստեն» նոր փաթեթ, որոնց հիմքում սկզբունքները հազիվ թե խիստ տարբերվեն «մադրիդյանից»: Ավելի կարեւոր է պահպանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի արձանագրման խիստ կարեւոր հրամայականը, որը ՀՀ ներկայիս իշխանությունը ժառանգել է նախորդներից:

Պակաս կարեւոր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով բուն հանդիպումների կազմակերպումից բացի՝ կարգավորման գործընթացի շուրջ ընդհանուր մթնոլորտը, որը եւս կարող է հիմք հանդիսանալ հետագա մոտեցումների համար: Օրինակ՝ գաղտնիք չէ, որ պաշտոնական Բաքուն մշտապես ձգտել է մոռացության տալ ապրիլյան պատերազմից հետո ավելի սուր կերպով ներկայացված պահանջների՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Իշխանափոխությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարություններում դրանք չհիշատակելը, հստակ չարձանագրելը հայկական կողմին ձեռնտու չէր, դա չպետք էր թույլ տալ: Մեզ ձեռնտու չէ նաեւ թուլացնել 1994թ. կնքված զինադադարի համաձայնագիրը, որի տակ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներից բացի՝ առկա է նաեւ ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը: Այդ համաձայնագրի նշանակությունը հնարավորինս նվազեցնելը եւ առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների նոր համաձայնություններ «կնքելը» Ալիեւի երազանքն է:

Դուշանբեում ռուսական հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հարաբերական անդորրը սահմաններում եւ շփման գծում եթե պահպանվի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո եւս մեկ-երկու տարի, ուրեմն կարելի կլինի արձանագրել, որ դա կարեւոր համաձայնություն էր: Բայց դա բանավոր համաձայնություն է, եւ ինչպես ցանկացած փաստաթղթային պահանջ ու հորդոր, այնպես էլ բանավորը, կարող է ադրբեջանական կողմից խախտվել ցանկացած պահի, կարծում ենք՝ նման զարգացումը որեւէ տրամաբանող մարդ չի բացառի:

Կարեւոր է իմանալ նաեւ, թե ինչպես է իշխանությունը պատկերացնում Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, առհասարակ այդ ուղղությամբ աշխատանքները պատկերացնո՞ւմ է: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել: Այսքանը ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին:

Միակ բանը, որ անցանկալի էր տեսնել նախընտրական Հայաստանի քարոզարշավի ընթացքում, եւ այն միանշանակ պետք էր բացառել, հրապարակային կերպով Արցախյան պատերազմի հաղթանակը գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ համեմատությունն էր: Խոսքը Սասուն Միքայելյանի խիստ անհաջող ձեւակերպման մասին էր, երբ նա հայտարարեց, թե՝ «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

Բայց պարզվեց, սա դեռ ամենը չէ: Դրան հաջորդեցին էլ ավելի անցանկալի երեւույթներ: Նախընտրական քարոզարշավին պակասում էր միայն Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ լարվածության առկայության ցուցադրությունը, ինչն անմիջապես որսաց ադրբեջանական մամուլն ու հրճվանքով «լուսաբանեց»:

Հայաստանում արդեն մի քաղաքական ուժ՝ «Սասնա ծռերը», որի ներկայացուցիչները նոր են բանտից դուրս եկել, հայտարարել է իր գերնպատակը՝ Արցախում իշխանափոխություն իրականացնելն է: Եթե այս ուժին Հայաստանի իշխանությունը հրապարակավ չի սաստում ու չի ասում՝ մի խառնվեք Արցախի գործերին, ուրեմն չարժի Արցախի իշխանության ներկայացուցիչներին արգելել արտահայտվել, որոնց շարքում մարդիկ են, ովքեր ամեն օր, ամեն րոպե Արցախը ամուր են պահում՝ կոնկրետ իրենց աշխատանքով, ու այդպիսով ամուր են պահում նաեւ Հայաստանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Այսպես մի քիչ էլ եթե շարունակվի, մասսայական պսիխոզի դեպքերի ենք ականատես լինելու, որովհետև չի կարելի այսչափ երկդիմի, իրար հակասող, քաոսային իրականության մեջ առողջ մնալ: Չպատկերացնել սեփական տեղն ու դերը աշխարհում, նետվել մի ծայրահեղությունից մյուսը այս դարում վտանգավոր է, պետք է գործել հստակորեն, լինել կրեատիվ, այլ ոչ թե հեղհեղուկ, զանազանել կարևորը երկրորդականից և զերծ մնալ էմոցիոնալ դրսևորումներից: Ամենասարսափելի բանն է էմոցիան, այն թուլացնում է մարդուն և դարձնում խոցելի:
    Իսկ Արցախը աեմն րոպե ամուր են պահում հենց Արցախում ապրողները՝ մեծից փոքր, ինչպես նաև այնտեղ ծառայող զինվորականները՝ մեծից մինչև շարքային:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31