Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրումները նվազել են այն պատճառով, որ այս պահի դրությամբ խաղի կանոնները հստակեցված չեն»

Դեկտեմբեր 01,2018 14:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ բանավիճում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Մեջլումյանը եւ «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արայիկ Այվազյանը:

Լուսինե Բուդաղյան. Տնտեսագետները, հասարակական-քաղաքական գործիչները կարծում են, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է տեղափոխվի տնտեսական դաշտ: Արդեն 4 օր է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավներում ժողովրդին վստահեցնում են, որ այս անգամ Ազգային ժողով են գնում տնտեսական հեղափոխական ծրագրերով:

Պարոն Այվազյան, նախ` համամի՞տ եք, որ տնտեսական դաշտում էլ է պետք հեղափոխություն, ինչպիսի՞ հեղափոխական քայլեր եք առաջարկում, որպեսզի գործազրկությունը, արտագաղթը կրճատվեն, ներդրումային դաշտը բարելավվի:

Արայիկ Այվազյան.– Այո, տնտեսական դաշտում էլ պետք է լինի հեղափոխություն, առաջին հերթին պետք է լինի հարկային վարչարարության արդարացիություն: Այսինքն` մենք նախկինում հանդիպել ենք գրված օրենքների, որոնք կիրառելի են միմիայն մի կողմի համար, օրենքները միշտ կիրառվել են ըստ խտրականության, հետեւաբար առաջացրել են սոցիալական անարդարություն: Գոյություն ունի տնտեսագիտության կանոն շուկայի ինքնակարգավորման վերաբերյալ, սակայն միշտ չէ, որ դա կիրառելի է, միշտ չէ, որ դա ճիշտ է, տվյալ դեպքում պետությունն ունի շատ կարեւոր գործառույթ` պիտի ապահովի մանր եւ միջին ձեռնարկությունների երաշխիքը շուկայում, որովհետեւ գիտենք, որ խոշոր ընկերությունների պարագայում գործում է մասշտաբի էֆեկտը:

Դա այն է, որ մեծաքանակ ներմուծումների կամ արտադրությունների դեպքում գործում է ինքնարժեքի նվազեցման հնարավորություն: Դա ստեղծում է լրացուցիչ դժվարություն փոքր ձեռնարկությունների համար` մրցակցելու խոշորների հետ: Այս ոլորտում մեծ անելիքներ ունի պետությունը: Նաեւ՝ մենք ունենք դժվարություններ դրսի շուկայում, փոքր ձեռնարկությունները չեն կարողանում դուրս գալ արտաքին շուկա, չեն կարողանում մրցակցել դրսի շուկայում գործող ընկերությունների հետ: Այս պարագայում եւս մեծ աջակցություն պետք է ունենանք պետության կողմից: «Մենք» դաշինքն իր ծրագրում ընդգծված նշել է, որ մենք կողմնակից ենք Եվրամիության: Դեռ «Ելք» դաշինքում գտնվելու ժամանակ էլ, այսօր էլ «Հանրապետություն» կուսակցությունը շարունակում է պնդել, որ ԵԱՏՄ-ն մեզ համար անբարենպաստ է: Մենք ստեղծել ենք մի ընդհանուր տնտեսական միջավայր, որտեղ մենք բավականին թույլ ենք, ցածր մրցունակ ենք:

Մենք փորձում ենք նույն հավասար պայմաններով մրցակցել Ռուսաստանի խոշոր ընկերությունների հետ: Դրան գումարած՝ ԵԱՏՄ-ում գործում են մաքսատուրքեր, որոնք մշակված են ռուսական շուկայի համար, որը պարտադրել են մեզ: Բնականաբար, այդ մաքսատուրքերը մեզ համար ոչ բոլոր դեպքերում են նախընտրելի: Օրինակ` մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ժամանակ մոտավորապես 759 անուն ապրանքի մաքսատուրք փոխվեց: Դրանց մի մասը նվազեց, մեծ մասն ավելացավ: Նախկինում մեր մաքսատուրքի միջին տոկոսադրույքը կազմում էր 3,1 տոկոս, որը փոփոխությունից հետո դարձավ, եթե չեմ սխալվում, 8,4 տոկոս: Այս ամենը վերանայելու խնդիր կա, բայց, բնականաբար, դանդաղ քայլերով, կտրուկ քայլերը չեն կարող մեզ արդյունք տալ, որովհետեւ շուկան կբերի ցնցումների, ցնցումները կբերեն տնտեսական կորուստների:

Լ. Բ. – Պարոն Մեջլումյան, «Լուսավոր Հայաստանը» շարունակում է մնալ այն կարծիքին, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լավագույն տարբերակը չէր, սակայն, այսպես ասած, մխիթարվում է այն հանգամանքով, որ մեր երկրում տեղի ունեցած նոր իրողությունները հնարավորություն են ընձեռում եվրասիական ինտեգրացիոն նախագծերում գործել ի շահ Հայաստանի եւ զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Կասե՞ք` ինչպե՞ս եք սա պատկերացնում:

Տիգրան Մեջլումյան.– Մինչեւ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մենք էլ էինք կարծում, որ ԵԱՏՄ-ն լավագույն տարբերակը չէ: Սակայն պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունն ունի մեծ հնարավորություններ` ինտեգրվելու նաեւ եվրոպական շուկային: Այսինքն` պետության աջակցությունն է անհրաժեշտ բիզնեսին, որպեսզի կարողանան ինտեգրվել նաեւ եվրոպական շուկային: Մենք, լինելով ազատական կուսակցություն, մեզ համար շատ կարեւոր են եվրոպական արժեքները եւ եվրոպական չափանիշներով երկրի կառուցումը: Սակայն հաշվի առնելով, որ մենք ունենք մեծ կախվածություն Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ից, այստեղ արդեն պետությունը մանեւրելու հնարավորություն ունի: Այսինքն` միանշանակ չէ, որ միայն պետք է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, այլ նաեւ կարելի է համագործակցել եվրոպական երկրների հետ` ի շահ Հայաստանի Հանրապետության` վերցնելով լավագույն տարբերակները, որոնք կխթանեն մեր տնտեսության զարգացումը, մեր արժեհամակարգի զարգացումը:

Օրինակ՝ ԵԱՏՄ մտնելու ժամանակ Հայաստանի Հանրապետությունը որոշ կետեր կարողացավ հօգուտ իրեն գրել` հաշվի առնելով մեր սահմանների, տարածաշրջանի խնդիրը, որ մենք չունենք Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահման, նաեւ տրանսպորտային լոգիստիկայի խնդիր, այդ ամենը հաշվի առնելով՝ նախկին իշխանությունները փորձեցին ինչ-որ արտոնություններ ստանալ, բայց չէին կարողանում ՀՀ-ի շահերը լիարժեք ներկայացնել: Հիմա դիվանագիտական խողովակներով, բացի այդ՝ մենք ունենք առեւտրային ներկայացուցիչներ, որոնք պետք է նույնպես զբաղվեն այդ հարցերով: Այսինքն` պետություն-բիզնես այդ համագործակցությունը պետք է լինի: Այնպես չէ, որ պետությունը պետք է բիզնեսմենի փոխարեն աշխատի, բայց պետք է հնարավորություններ ստեղծեն, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել:

Լ. Բ.- Նախընտրական ծրագրերում չենք հանդիպում ապօրինի ճանապարհով երկրից արտահոսած գումարների վերադարձի մասին խոստումների: Ինչո՞ւ 10 միլիարդից ավելի գումար է դուրս եկել Հայաստանից:

Արայիկ Այվազյան.- Մեր ծրագրում հստակ նշել ենք` պայքար կոռուպցիայի դեմ, ինչը նշանակում է նաեւ նախկինում տեղի ունեցած ապօրինությունների դեմ պայքար: Ապօրինությունների արդյունքում հայտնաբերված գումարները կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում, թե կլինեն տարածքից դուրս՝ միանշանակ դրանք ենթակա են բյուջե վերադարձման:

Կան բաներ, որոնք չափելի են եւ չափելի են համապատասխան կառույցների համար, խոսակցական մակարդակում դրանք ձեւակերպել կոմպետենտ չի լինի: Մինչեւ այս պահը նոր եկած իշխանությունը բավականին հաջող պայքարում է կոռուպցիայի դեմ` չնայած կան որոշակի դրվագներ, որոնց հետ մենք համաձայն չենք: Մասնավորապես` մինչեւ հեղափոխություն եղել են որոշակի խաղի կանոններ, որոնք եղել են նախկին իշխանության կողմից թելադրված, որոնք ընդունել եւ խաղի կանոններով շարժվել են մի շարք տնտեսվարողներ: Նոր իշխանությունը գալով՝ սահմանել է խաղի նոր կանոններ, բայց սկսել է պատժել նրանց, որոնք նախկինում խաղացել են այդ խաղի կանոններով: Մենք այդ հարցում չենք կիսում մոտեցումները: Ինչու, որովհետեւ տնտեսվարողներն իրավասու չեն դեմ գնալ պետությանը: Եթե նույնիսկ դրանք չեն եղել օրենքով ամրագրված խաղի կանոններ, այնուամենայնիվ, չի եղել մի տնտեսվարող:

Դա եղել է տնտեսվարողների մի խումբ, որոնք որ ընդունել են խաղի կանոններն ի գիտություն: Մեր պատկերացմամբ՝ նոր իշխանությունը պետք է սահմաներ խաղի նոր կանոններ: Արդեն նոր խաղի կանոնները չընդունող տնտեսվարողներին կարելի էր պատժել: Բայց այն, ինչ եղել է նախկինում, նախկին իշխանությունների համաձայնությամբ, մենք կարծում ենք, որ դրան պետք չէր տալ այդպիսի գնահատական: Դրան գումարած՝ գոյություն ունի հրապարակայնության խնդիր: Նախորդ կառավարության հետ աշխատած տնտեսվարողների նկատմամբ հայտնաբերված խախտումները դարձրին հանրային քննարկման առարկա: Մենք կարծում ենք, որ կան որոշակի խախտումներ, որոնք կարիք չկար դարձնել հանրային քննարկման առարկա: Օրինակ` որեւէ կազմակերպություն միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն է մեր երկրում, եւ քաղաքական շահարկումների առումով վարկաբեկել տվյալ կազմակերպությանը առաջացնում է ռիսկ, որ միջազգային կազմակերպությունը միգուցե հրաժարվի տվյալ կազմակերպությանը դիտարկել որպես իր ներկայացուցիչ: Մենք կողմ ենք, որ բոլորին բերեն հարկային դաշտ, բայց ոչ՝ վարկաբեկելով: Մենք կողմ ենք, որ սահմանվեն միասնական խաղի կանոններ, բայց դրանք պետք է լինեն հստակ: Մենք համոզված ենք, որ այդ խաղի կանոնները ուղիղ տեսքով վնասեցին մեր ներդրումները: Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում ներդրումները նվազեցին 11 անգամ: Այն պատճառով, որ մեզ մոտ այս պահի դրությամբ խաղի կանոնները հստակեցված չեն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ», 

30.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31