Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքում «մեծ շուքով» ապամոնտաժված շինության սեփականատեր եղբայրները 10-ից ավելի նմանատիպ շինություններ ունեն

Դեկտեմբեր 01,2018 13:30

Նոյեմբերի 12-ին Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կիսակառույց շինության ապամոնտաժման գործընթացը մեծ աղմուկ բարձրացրեց. կառուցապատողը դժգոհում է, որ մեծ գումարներ է ծախսել, մինչդեռ քաղաքային իշխանությունն այդ ամենը փոշիացրեց: Քաղաքապետարանն էլ պնդում է՝ շինարարությունն ապօրինի է: «Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Շինության (ընդհանուր՝ շուրջ 1100 քմ) միայն մի մասն է քանդվել, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը»,-հայտարարել է քաղաքապետարանը:

Ընդհանուր շինության ապամոնտաժումը կասեցված է: Կառույցի սեփականատեր Դավիթ Ահարոնյանը դատարան է ներկայացրել հայցադիմում՝ անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումը: Դատարանը որոշում է կայացրել գործի դատաքննություն նշանակելու մասին:

Դավիթ Ահարոնյանը վրդովված է՝ մարդը ի վերջո մեծ ներդրումներ է կատարել, եւ քաղաքապետարանը մի քանի րոպեում այդ կառույցի մի մասը քանդեց: Արդյոք հնարավոր չէ՞ր ավելի մեղմ մոտեցում, առանց ցնցումների խնդիրը լուծել, որպեսզի գործարարն էլ չտուժեր, քանի որ, ինչպես իշխանությունն է վստահեցնում, գործարարների շահերը մեր երկրում պետք է պաշտպանված լինեն: Այս հարցերի պատասխանները «Առավոտը» փորձեց պարզել Երեւանի քաղաքապետարանից:

Նախ՝ ըստ քաղաքապետարանի, կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է դադարեցնի շինարարությունը, սակայն ակնհայտ անհարգալից վարք է դրսեւորել օրինականության նկատմամբ եւ, անտեսելով քաղաքապետի պարբերական զգուշացումներն ու հորդորները, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակել է ապօրինի շինարարությունը:

«Համաձայն 30.09.2014 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30092014-01-0183 վկայականի՝ ք. Երեւան, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեում առկա 160քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով գրանցվել է «Անի-97» ՍՊԸ-ի անվամբ: 30.09.2014 թվականի հ.30092014-01-0183 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ եւ տեղեկություններ» բաժնում առկա գրառման՝ վերը նշված հասցեի 0.016 հա մակերեսով հողամասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով նշված սահմանափակումների ցանկում, հետեւաբար ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման 2-րդ կետի բ/ ենթակետի հիմքով այդ հողամասում կառուցված ինքնակամ շինությունը օրենքի ուժով ենթակա չէր օրինականացման, այլ ենթակա էր քանդման»,- ի պատասխան մեր հարցման՝ պարզաբանել են Երեւանի քաղաքապետարանից:

Ապամոնտաժված շինության սեփականատեր Դավիթ Ահարոնյանը վստահեցրել է՝ մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան, որպեսզի իր սեփական հողի վրա օրինական շինություն կառուցի, բայց մերժվելուց հետո որոշել է ինքնակամ կառուցել:

«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանից պարզաբանում է խնդրել նաեւ Ահարոնյանի այս պնդումների վերաբերյալ, խնդրել է տրամադրել մերժման հիմքերը: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը պարզաբանել է. «Անի-97» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ահարոնյանը Գյուրջյան փողոցի 1/3 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծման թույլտվություն ստանալու նպատակով քաղաքապետարան է դիմել երկու անգամ՝ 14.08.2018թ. եւ 15.09.2018թ., դիմումներին կից ներկայացված էսքիզային առաջարկները եղել են անընդունելի»:

Ահարոնյանը, ըստ լրավամիջոցների, նաեւ վստահեցրել է. «Ընդհանրապես, որ քեզ թույլտվություն են տալիս, քո մուծումը լինում ա մոտ 200 հազար դրամ, տուրքը էլի, բայց եթե ես ինքնակամ եմ սարքել, իմ սեփական հողի վրա, մոտավորապես 100 միլիոնի մուծում եմ անելու: Այսինքն՝ երկրորդ տարբերակ չի եղել, եթե տարբերակ լիներ, հաստատ ես 200 հազար դրամը կմուծեի, 200 հազարով կպրծնեի, ոչ թե 100 միլիոնով, վերջում էլ գային քանդեին»:

Կառուցապատողի նշած այս թվերի ու մտահոգությունների մասին էլ՝ արդյոք ներդրողն այլընտրանք չունե՞ր, մեր այս հարցին ի պատասխան էլ քաղաքապետարանից տրամադրել են հետեւյալ տեղեկատվությունը.«Շինարարության թույլտվության տրամադրման փուլում սահմանված է շինարարության թույլտվության տեղական տուրք՝ կախված կառուցվող շինության մակերեսի չափից՝ 1000-3000 քմ մակերես ունեցող շինությունների համար սահմանված է տեղական տուրք 350 հազար դրամի չափով, իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո շահագործման թույլտվության տրամադրման փուլում սահմանված է ավարտված շինարարության փաստագրման տեղական վճար՝ նույնպես կախված կառուցված շինության մակերեսից»:

«Առավոտի» ձեռքի տակ է հայտնվել պաշտոնական մի փաստաթուղթ, ըստ որի՝ Դավիթ եւ Արմեն Ահարոնյան եղբայրների անուններով առկա է 10-ից ավելի անշարժ գույքր: Օրինակ՝ «Արմեն Ահարոնյանի անվամբ առկա է 13 անշարժ գույք, եւ ունի հարկային պարտավորություն Երեւան համայնքի նկատմամբ: Դավիթ Ահարոնյանի անվամբ առկա է 2 անշարժ գույք. ունի հարկային պարտավորություն Երեւան համայնքի նկատմամբ: Եղբայրներից մեկին պատկանող նույն ապօրինի շինարարության կառուցապատող ընկերություն հանդիսացող «Անի 97» ՍՊԸ-ի անունով էլ առկա է 1 անշարժ գույք. ունի հարկային պարտավորություն Երեւան համայնքի նկատմամբ»:

Ըստ նույն փաստաթղթի՝ «Ահարոնյան եղբայրների եւ «Անի 97» ՍՊԸ-ի անուններով գրանցված վերը նշված անշարժ գույքերի վերաբերյալ ավարտական ակտեր առկա չեն, ինչը կարող է վկայել, որ նշված շինությունները եղել են ինքնակամ»: Մեր ձեռքի տակ հայտնված նույն փաստաթղթի համաձայն՝ «Արմեն եւ Դավիթ Ահարոնյանների անուններով առկա է թվով 3 ավարտական ակտ, սակայն սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաեւ առկա է թվով 2 շինարարական թույլտվություն, որոնցից մեկն ավարտված է, սակայն ավարտական ակտ ձեւակերպված չէ, իսկ մյուսը՝ շինարարական աշխատանքները, սկսված չեն»: Այս եղբայրներից մեկի անունով էլ Էրեբունի համայնքում, Խաղաղ Դոնի 1/3 հասցեում շինարարության թույլտվություն կա, սակայն հետագայում նրանք հաստատված նախագծից շեղվել են, ինչի համար այս տարի օգոստոսին վարչական իրավախախտման մասին նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել:

Թե Ահարոնյան եղբայրների անունով գրանցված քանի՞ անշարժ գույք կա՝ մեր այս հարցին Երեւանի քաղաքապետարանից ոչ լիարժեք պատասխան են տվել. «Նշված քաղաքացու կողմից այլ հասցեներում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացում Երեւանի քաղաքապետարանի կողմից կատարվել է թվով երեք անգամ՝ 2014թ., 2017թ., 2018թ.»: Այսինքն՝ քաղաքապետարանը մեզ տրամադրել է միայն օրինականացված ինքնակամ շինությունների մասին տեղեկություն, իսկ թե թվով քանի շինություն կամ շինարարության ընթացքում գտնվող կամ ասենք՝ ինքնակամ ու դեռ չօրինականացված շինություններ կան, տեղեկություն, ինչպես որ նշել էինք մեր հարցման մեջ, չտրամադրվեց:
Հնարավոր է այս եղբայրների շինությունների մասին տեղեկատվությունը բացահայտվի արդեն դատարանում: Հիշեցնենք. դատաքննությունը նշանակվել է 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի Երեւան քաղաքի նստավայրում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի կայքէջից

«Առավոտ», 

30.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31