Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեդի Ալկոյի» Մանվելը տուժո՞ղ

Դեկտեմբեր 01,2018 13:00

Փաստաբան Կարեն Հակոբյանի կարծիքով՝ շատ բարդ է օրինական պայքար մղել կոռուպցիոն սխեմաների դեմ, մարզի «սահմանափակ» տարածքում, երբ «դիմացինը» ունի և ֆինանսական, և այլ ազդեցություններ

Օրերս սոցիալական ցանցում բուռն քննարկում ծավալվեց ՀՀԿ նախկին պատգամավոր, «Մարտի 1-ի գործով» Տեր-Պետրոսյանին սատարած, ներկայումս «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մանվել Ղազարյանի անվան շուրջ:

Պարզվեց՝ առկա է ոչ միայն քրեական գործ, այլ ըստ հանրային քննարկման՝ «Վեդի Ալկոյի տնօրենին խաբել են», Մանվել Ղազարյանի հորեղբայրը` Հրանտ Ղազարյանը, առանց իր եղբոր որդուն տեղյակ պահելու, Անդրանիկ Ղարիբյանին համոզել է իրեն պատկանող բնակարանը գրանցել իր անունով, այդ գործարքը կայացել է, որի արդյունքում Մանվել Ղազարյանից հափշտակվել է հենց նրան փաստացի պատկանող գույքը:

Հրանտ Ղազարյանի փաստաբան Կարեն Հակոբյանը տեղյակ էր քննարկումներին, նաեւ որոշ հրապարակումների մասին և «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե հասկանում է դրա իմաստը` պատգամավորի թեկնածու Մանվել Ղազարյանը ցանկանում է հասարակությանը ներկայանալ «զոհի» կերպարով:

Ըստ փաստաբանի, առկա քրեական գործն ամբողջությամբ շինծու է և եթե խարդախության գործերով դատական պրակտիկայի հետ համադրեն, ապա դա նյութերի նախապատրաստումից այն կողմ չէր կարող շարունակվել: Մասնավորապես, Արարատի մարզի դատախազությունն իր տրամադրության տակ ունենալով հաստատված փաստ, որ առկա է քաղաքացիաիրավական վեճ Մանվել Ղազարյանի և Հրանտ Ղազարյանի միջև (թիվ ԱՎԴ1/1828/02/17 քաղաքացիական գործ), անտեսելով նախադեպային որոշման պահանջները, չի վերացրել հետաքննության մարմնի ապօրինաբար և անհիմն կերպով կայացրած որոշումը` քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին: Ըստ էության, Մանվել Ղազարյանի ցուցմունքները գնահատվել են որպես նախապես հաստատված հանգամանք և օբյեկտիվորեն որևէ բացասական գնահատական չի տրվել վերջինիս ցուցմունքներին, որ վերջինս 2012 թվականից տեղեկանալով իբրև իրեն պատկանող բնակարանի՝ Հրանտ Ղազարյանի անունով ձևակերպված լինելու մասին, ոչինչ չի ձեռնարկել և միայն 2017 թվականի հոկտեմբերին փաստաբանի միջոցով քաղաքացիական հայց և բողոք է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետո, երբ Հրանտ Ղազարյանը ձեռնամուխ է եղել իր սեփականությունից Հարություն Հարությունյանին և վերջինիս ընտանիքի անդամներին վտարելու գործին։

Փաստաբանն «Առավոտին» տեղեկացրեց, որ մեղադրող Հ. Սարգսյանը դեռ նախաքննության փուլում նրա պաշտպանյալ Հրանտ Ղազարյանի նկատմամբ ակնհայտ կանխակալ վերաբերմունք է դրսևորել, ինչը պայմանավորված է եղել այս գործով հանրությանը հայտնի՝ Մանվել Ղազարյանին արհեստական տուժողի կարգավիճակ տալով, վերջինիս նկատմամբ ունեցած հովանավորչությամբ։ Նախաքննությունը դատախազի ցուցումներով կատարվել է միակողմանի, ոչ օբյեկտիվ և թերի, և որ քրեական գործը դատարան չէր հասնի նման մեղադրական եզրակացությամբ:

Ըստ պաշտպանական կողմի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով հետաքննիչի որոշումն ի սկզբանե ամբողջությամբ եղել է անհիմն և ապօրինի, քանի որ «բացակայել են օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու առիթն ու հանցագործության հատկանիշները»։

«Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումից ակնհայտ է, որ հետաքննիչը քննարկել է փաստաբան Համլետ Մնացականյանի հաղորդումը որպես ֆիզիկական անձի հաղորդում, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի պահանջները, վերջինս հաղորդում տալու ժամանակ չի նախազգուշացվել ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որը դատախազի կողմից փորձ է արվել արդարացնել ՀՀ վճռաբեկ դատարանի 05.06.2015թ. թիվ ԼԴ/0051/01/14 որոշմամբ, մինչդեռ քրեական արդարադատությանը փոքրիշատե ծանոթ իրավաբանը կհաստատի, որ դրա կիրառման պայմաններն առկա չեն: Նշված նախադեպային որոշման առկայությունը հետաքննության մարմնին չի ազատել վերջինիս վրա օրենքով դրված պարտականությունը կատարելուց, ինչը չի կատարվել ոչ Համլետ Մնացականյանի դիմումը ստանալու պահին, ոչ էլ քրեական գործ հարուցելուց առաջ»,-«Առավոտին» ասաց պաշտպան Կ. Հակոբյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ հետաքննության մարմնի և դատախազության կողմից օրենքի պահանջները սխալ ընկալելու և կիրառելու արդյունքում, քրեական գործ է հարուցվել փաստաբանի դիմումի հիման վրա, այն դեպքում. «Երբ Համլետ Մնացականյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով ազատված լինելով որպես վկա հարցաքննվելու պարտականությունից, սուտ մատնություն կատարելու համար պատասխանատվության չի կարող ենթարկվել միջնորդավորված տեղեկություններ ստանալով և հետաքննության մարմնին փոխանցելով»։

Փաստաբան Կարեն Հակոբյանն ասում է, որ դատախազն ուղղակի ցուցում է տվել քննիչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավել Հրանտ Ղազարյանին և մեղադրանք առաջադրել, ինչն ակնհայտորեն վկայում է «մեղադրողի՝ մեղադրյալի նկատմամբ ակնհայտ կանխակալ վերաբերմունքի, Մանվել Ղազարյանին հովանավորչության մասին», քանի որ դատախազ Հ. Սարգսյանը, ըստ Կ.Հակոբյանի, անգամ չի սպասել իր իսկ տված ցուցումով կատարվելիք քննչական գործողությունների արդյունքներին, դրանք նույնիսկ ապացուցման կանոններին համապատասխան չեն վերլուծվել և գնահատվել, այն դեպքում, երբ ստացված բոլոր փաստական տվյալները թերի են եղել:

«Առավոտի» հարցին` հեղափոխությունից հետո արդյոք առկա չե՞ն փոփոխություններ իրավունքի պաշտպանության ոլորտում, Կ.Հակոբյանը պատասխանեց, որ, ցավոք սրտի, դեռևս շատ բարդ է օրինական պայքար մղել կոռուպցիոն սխեմաների, մարզի «սահմանափակ» տարածքում, երբ «դիմացինը» ունի և ֆինանսական, և այլ ազդեցություններ, հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ գործով անցնող անձանց մի մասն անմիջականորեն կապված է «գործատու-աշխատող» թելերով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ», 

30.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31