Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պահն արդեն եկել է. ես եկել եմ»

Դեկտեմբեր 01,2018 12:30

Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Գալուստ Ներսիսյանի հետ

– Ձեր անունը սկսեց հոլովվել 2015թ. Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի (պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի արվեստանոց) դիպլոմային՝ Օստրովսկու «Ամպրոպը» բեմադրությունից հետո, ընդ որում՝ հիացմունքի խոսքեր ենք լսել նաեւ նման արտահայտություններում ժլատ որոշ մասնագետների կողմից: Նշում էին, թե երեւակայության մեծ թռիչք ունի, պոետիկ, խորհրդանշական մունջ լուծումներով, պլաստիկ արվեստի կողմնակից է: Անցել է երեք տարի: Այսօր, երբ նաեւ արտասահմանում եք իրականացնում բեմադրություններ, մասնագետների կողմից ձեր հասցեին լսում ենք արդեն կոնկրետ արտահայտություններ, օրինակ՝ փնտրող է, ոնց որ հետախույզ լինի կամ՝ ի՜նչ համարձակն է, նախաձեռնող, բայց այստեղ հարթակ չունի: Մի դիտարկում՝ կարծիքների հեղինակների թվում մարդիկ կան, որոնք թատրոններ են տնօրինում, այդ թվում՝ մարզային: Կարեւոր մի հանգամանք՝ ձեր բեմադրություններում մշտապես ընդգրկում եք նաեւ ուսանողների, սկսնակ դերասանների նույնպես:

– Դիպլոմային աշխատանքս՝ «Ամպրոպը», ներկայացրի Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում: Հրաչյա Գասպարյանն այդ տարիներին կուրս ուներ մեր ինստիտուտի Կապանի մասնաճյուղում: Մեր ժամանակներում մեծ թվով դերասաններ ինքնարտահայտվելու հնարավորություն չունեն, ես էլ իմ չափով ուզում եմ օգտակար լինել նրանց: Հետո՝ սիրահարվում եմ դերասաններիս (ծիծաղում է- Ս. Դ.), ինչը, կարծում եմ, իր արտահայտությունն է գտնում բեմադրություններիս մեջ: Երեւանյան եւ մարզային շատ թատրոնների եմ ներկայացնում նախագծեր, օրինակ՝ Հենրիկ Մալյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը դեռեւս անցյալ տարի ողջունեց եւ պատրաստակամություն հայտնեց, որպեսզի «Մարիա Ստյուարտը» բեմադրեմ իր թատրոնում, բայց առաջացան զուտ ֆինանսական խնդիրներ… Միանշանակ չեմ կարող ասել, թե այստեղ աջակցություն չեմ ստանում: «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի աջակցությամբ դերասանուհի Վալենտինա Դավիթավյանի մասնակցությամբ վերջերս փառատոնի օրերին ներկայացվեց «Ուղղակի Ֆրիդա» մոնոդրաման:

Բեմադրություններ եմ իրականացրել Ռուսաստանի թատրոններում, օրինակ՝ Կրասնոդարի Գորկու անվան պետական թատրոնում Ալեքսանդր Գրինի «Կարմիր առագաստները», Մոսկվայում՝ Լենկոմում, անվանի Մարկ Զախարովի արվեստանոցում ուսանելու տարիներին բեմադրեցի Գոգոլի «Շինելը», Սանկտ Պետերբուրգում՝ Թատերարվեստի երիտասարդական միության բեմում մի քանի էքսպերիմենտալ ներկայացումներ եմ իրականացրել եւ այլն: Վարպետության դասընթացների եմ մասնակցել Գեներետա Յանովսկայայի, Կամո Գինգսի, Վիկտոր Ռիժակովի մոտ: Շփվելով նման անհատականությունների հետ, ինչպես նաեւ այսօր դասավանդելով ինստիտուտում՝ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի եւ պրոֆեսոր Վահե Շահվերդյանի արվեստանոցներում, համոզվել եմ, որ ստեղծագործող մարդը չի կարող պարզապես չստեղծագործել: Առաջացած անհարթություններն էլ շատ հաճախ կարծես ինքնըստինքյան հաղթահարվում են: Կրկնում եմ՝ դերասանին պետք է նախ նկատել, սիրել, իսկ ռեժիսորը ինքը պետք է գտնի, ստեղծի, փորձի եւ որ ամենակարեւորն է՝ ոչ մի դժվարությունների առջեւ չկանգնի: Յուրաքանչյուր բարձրարվեստ կտավի համար անհրաժեշտ են թանկարժեք ներկեր, ինչը, ուզենք թե չուզենք, ենթադրում է ֆինանս: Իսկ մեր իրականությունում մշակույթի բոլոր ոլորտներում հենց նորին գերազանցություն ֆինանսի բացակայության խնդիրն է:

«Ամպրոպը»

– Այն, որ հայաստանյան ոչ մի թատրոնից դեռ առաջարկ չունեք՝ դա փաստ է, բայց մեզ հասած տեղեկություններով՝ փոխարենը աշխատանքի հրավերներ եք ստացել ռուսաստանյան, նաեւ մեկ-երկու գերմանական թատրոններից, նույնիսկ գլխավոր ռեժիսորի պաշտոն է առաջարկվել:

– Թեեւ հարցի մեջ հնչեց նաեւ պատասխան, ինձ մնում է կոնկրետացնել. այո, Կրասնոդարի, Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոններից ստացել եմ գլխավոր ռեժիսորի առաջարկ… Չեմ էլ զղջում, որովհետեւ դեռ պատրաստ չեմ նման պատասխանատվություն ստանձնել եւ վստահ եմ, որ ինձ փորձառություն է հարկավոր: Բարձրակարգ ռեժիսոր լինելու համար պետք է շատ աշխատել, բեմադրել ու բեմադրել, էքսպերիմենտների մեջ թրծվել, ձեռք բերել սեփական ձեռագիր, հետո նոր ներխուժել թատրոն ու ասել՝ բարեւ, ես եկել եմ: Ի վերջո, ռեժիսորը թատրոնը ոչ թե պետք է իրեն հարմարեցնի, այլ ինքը հարմարվի:

Առաջարկներ եմ ունեցել նաեւ Բեռլինի եւ Համբուրգի թատրոններից: Այս երկու առաջարկից, անկեղծ ասած՝ հրաժարվել եմ լեզվական խնդրի պատճառով: Չեմ ցանկանում աշխատել անվանս համար, որ հետո անունս աշխատի ինձ համար… Ինչ վերաբերում է հայաստանյան ոչ մի թատրոնից առաջարկ չստանալուն, ասեմ, որ ռեժիսորն այն մասնագետն է, որ թատրոնի ղեկավարությունն ինքը նախ պետք է դիտի այդ ռեժիսորի աշխատանքները, հետո նոր որոշում կայացնի՝ նման ձեռագիր իր թատրոնին պե՞տք է, թե՞ ոչ: Դա է պատճառը, որ չեմ թակել ոչ մի դուռ…

Տեսարան «Ժաննա դը Արկ» ներկայացումից

– Եվ ինչքան եք պատրաստվում էքսպերիմենտներ անել եւ հետո ներխուժել ու հայտարարել՝ ես եկել եմ…

– Այդ պահն արդեն եկել է (ժպտում է): Ընդ որում՝ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ լուրջ մասնագետների, որոնք արդեն ինձ հորդորում են. գնա ու ասա՝ ես եկել եմ:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ», 

30.11.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Վերջում արդեն երևաց ինչպիսին ես… Դրա համար էլ քո երկրում չեն տեսնում քեզ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31