Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է Փաշինյանի՝ տնտեսական զարգացման մոդելը

Դեկտեմբեր 01,2018 15:00

Քարոզարշավն է՞լ իշխանության համար առիթ չէ «տնտեսական հեղափոխության» առաջին քայլերը ներկայացնելու

Անցյալ շաբաթ տնտեսական գիտաժողովի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Տնտեսության համար կարեւորն օրինականությունն է, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կարեւորն արդարության միջավայրի ձեւավորումն է»: Խոսելով տնտեսության առջեւ ծառացած խնդիրներից՝ Փաշինյանը նշեց, որ կարեւորությամբ հաջորդը պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է. «Դա ձեւակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որը մենք անխուսափելիորեն 2019-ի ընթացքում այդ խնդրին անդրադառնալու ենք: Այսինքն, ընտրություններում, հույս ունեմ, մենք կստանանք վստահության քվե եւ դրանից հետո, անպայման, այդ թեմային անդրադառնալու ենք»:

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն բավական կոպիտ է ու խիստ քաղաքականացված: Մինչդեռ ցանկալի կլիներ, որպեսզի քաղաքական ուժերը նաեւ ծանրանային Հայաստանի տնտեսական զարգացման իրենց տեսլականի վրա, ցույց տային իրենց մոտեցումները, թե ինչպես են պատրաստվում երկու տասնամյակ ներկայացրած խնդիրների լուծումները:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի կանխատեսմամբ՝ ավարտվող տարում տնտեսական աճը կլինի «5-6 տոկոս միջակայքում»: ԱԺ ընտրություններին ընդառաջ մեր պետության տնտեսական հեռանկարի հարցը դարձավ ներքաղաքական բանավեճի առարկա, երբ Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ այս սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցեց 0.2 տոկոս անկում:

«Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել ե՛ւ տնտեսական ակտիվության ցուցանիշի, ե՛ւ ներդրումների վրա: Բայց դրա ազդեցությունը երկարաժամկետ պետք է դիտել: Ի՞նչ է բերել հեղափոխությունը․ բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն, ավելի հավասար մրցակցություն: Սրանք այն գործոններն են, որոնք կարող են եւ պետք է ապահովեն ավելի բարենպաստ միջավայր ներդրումային որոշումներ կայացնելու համար: Իսկ դրանք միանգամից լուծումներ եւ արդյունքներ չեն տալիս: Այսինքն, այդպիսի միջավայրը նրա համար է, որ երկարաժամկետ առումով տնտեսական աճի ցուցանիշը լինի ավելի բարձր, տնտեսական աճը լինի ավելի կայուն, ստեղծվող արդյունքները բաժանվեն մասնակիցների միջեւ ավելի հավասարաչափ»: Նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, տնտեսական դրական զարգացումներն ավելի ակնառու կդառնան. «Իրավիճակի կայունացումը, քաղաքական նոր փուլը, որ սկիզբ է առնելու խորհրդարանական ընտրություններին հաջորդող հնգամյա ժամանակահատվածում, շատ լավ ժամանակահատված է, որպեսզի բոլոր սպասողները կայացնեն իրենց վերջնական որոշումները եւ սկսեն նոր ծրագրեր իրագործել»:

Ակնհայտորեն այս տարվա մայիսից մինչ օրս իշխանությունը հանրությանը տնտեսական հաջողության հիմքեր ցույց տալու փաստեր չունի: Առայժմ խոսվում է հեղափոխության ընձեռած հնարավորությունների մասին: Մինչեւ ե՞րբ պետք է դրա մասին խոսել… Մինչդեռ ամենագլխավոր հարցը՝ ի՞նչն է այս յոթ ամիսներին խոչընդոտել պոտենցիալ ներդրողներին՝ ներդրումներ իրականացնել, միջին ձեռներեցներին՝ զարգանալ, ընդլայնվել, չկա պատասխան: Ասվում է՝ բոլորը սպասում են: Ինչի՞ն են սպասում ու ինչո՞ւ են սպասում…

Յոթ ամիսները բավարար ժամանակ էին կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի շրջանակներում ոչ միայն առանձին դեպքերի, հավաքվող գումարների մասին տեղեկությունների տարածման համար, այլեւ խնդիրը համակարգային ձեւով լուծելու նպատակով քայլերի իրականացման համար, օրենսդրական փոփոխություններից սկսած՝ մինչեւ կոնկրետ մեխանիզմների մշակում:
Առհասարակ, իշխանությունն ինչո՞ւ յոթ ամիսների ընթացքում չի ներկայացրել տնտեսական զարգացման հայկական մոդելը: Դա պետք էր ներկայացնել հենց իշխանափոխությունից անմիջապես հետո եւ նույնիսկ կարելի էր հասցնել քայլեր իրականացնել եւ այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին կարելի էր ներկայացնել արդեն իրականացրած քայլերի արդյունքները, թեկուզ դրանք առայժմ սակավ լինեին:

Իսկ մի շարք հարցերի պատասխաններ իսկապես մնացել են օդում. ի՞նչ տնտեսություն ունենք, ի՞նչն ենք ցանկանում ուղղել եւ ինչպես: Համոզիչ որեւէ փաստ ներկայացվե՞լ է ստվերի կրճատման մասին՝ կառավարության հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում, քանի՞ տոկոս ստվեր ունեինք ու հիմա ունենք: Եթե ոչ, ուրեմն չենք կարող նաեւ պնդել, որ իշխանության հակակոռուպցիոն գործունեության այս յոթ ամիսներին ունենք ցուցանիշներ այս հարցում:

Որեւէ մեկը երեւի չի կասկածում, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փորձ ու գիտելիքներ ունի տնտեսության զարգացման պատկերացումներում: Բայց նրա կողմից հնչեցված գնահատականներին, քննադատությանը իշխանությունները հարկ էլ չեն համարում պատասխանել:

Նոյեմբերի 23-ին NEWS.am-ի տված հարցազրույցում Հրանտ Բագրատյանը բազմաթիվ ուշագրավ խնդիրներ է առաջ քաշել: Փաշինյանի կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխության մտադրության մասին։ 2019-ի բյուջեի նախագիծն ու նախորդ 6 ամիսների աշխատանքը հաշվի առնելով՝ կա՞ն նախադրյալներ տնտեսական հեղափոխության համար, հարցին Բագրատյանը պատասխանում է. «Տնտեսական հեղափոխություն ընդհանրապես չի լինում՝ դրանք էժան, ժողովրդի ականջին հաշվարկված բառեր են։ Տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է, տնտեսությունը ռեւոլյուցիաներ չի սիրում, տնտեսությունը ավելի բարդ է, պետք է կարողանալ տնտեսությունը զարգացնել այնպես, որ երկար ժամանակում ստացվի որակական փոփոխություն»։

Ինչպես հայտնի է, նախկին իշխանությունները հայտարարել էին, որ թողնում են 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, նոր իշխանությունները խոստանում են 4,9 տոկոս աճ։ Արդյո՞ք իրական թիվ է 7,5 տոկոսը, թե՞ տարբեր մանիպուլյացիաներով հաշվարկված եւ ի՞նչ է նշանակում 4,9 տոկոսը, հարցնում է լրագրողը. «7,5 տոկոսը նույնքան մանիպուլյացիա ունի, որքան 4,9 տոկոսը կունենա ապագայում։ Բայց հիմա 7,5 թվի պատասխանատուն ոչ թե նախորդ իշխանություններն են, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը վերանշանակել է ԱՎԾ-ի պետին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ թիվը չի փոխվել։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանի թիվն է։ Այնքանով, որքանով այս տարվա տնտեսական աճը՝ 10 ամսում 6 տոկոս, որը կտրուկ իջավ, որովհետեւ առաջին 4 ամիսը ընդհանրապես 10 տոկոս էր. սրա պատասխանատուն նույնպես Փաշինյանն է, նոր իշխանություններն են։ Մյուս տարվա մասին ասում են 4,9 տոկոս։ Այդ 4,9 տոկոսը վկայում է, որ ոչ միայն ոչ մի հեղափոխություն չկա, այլ որ աճի դինամիկա էլ չկա, անգամ էվոլյուցիա չկա, էլ չենք խոսում ռեւոլյուցիայի մասին»։

Խոսելով ստվերի դեմ պայքարի մասին՝ Բագրատյանն ասում է. «Ստվերի ցուցանիշը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է։ Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նոր՝ 2019-ի, Փաշինյանի բյուջեում իջնելու է, այսինքն` ստվերը լինելու է ավելի շատ, քան թե նախորդ իշխանության ժամանակ, դա միանշանակ այդպես է։ Իհարկե, ես հակված չեմ ասելու, թե հարկային կամ ֆիսկալ քաղաքականությունը 2019-ին անպայման ավելի վատը կլինի։ Գուցե տնտեսության զարգացման կառուցվածքն այնպիսին է, որ ուզենար-չուզենար պիտի իջներ, բայց որեւէ տեղ գլուխ գովալու խնդիր չկա, թե ստվերը ավելի քիչ է, քան նախորդ իշխանությունների ժամանակ։ Այն մի փոքր ավելացել է»։ Հարցին, թե ինչի՞ հաշվին է ավելացել, Բագրատյանը բացատրում է. «Ամեն ինչի։ Օրինակ, հենց թեկուզ նրա, որ փոքր բիզնեսը, որը նույն փողոցային առեւտուրն անում է, այնպես չի ճնշվում, ինչպես նախկինում էր։ Դա ստվեր է։ Հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդեցություն է ունենում»։

Գալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Բագրատյանը նկատում է. «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից անցել է 6 ամիս, ոչ մի քայլ դեռ արված չէ։ Կաշառակերության, տարբեր խարդախությունների միջոցով բյուջե են վերադարձրել 12 միլիարդ դրամ՝ 25 միլիոն դոլար։ Եթե այդ թիվը վերցնենք, 2013-ին էլի բյուջե էին վերադարձնում, նույն կարգի թվեր են։ Ոչ մի կոռուպցիոն գործարք մեզ մոտ գոյություն չունի այս պահի դրությամբ»։

Բագրատյանն ասել էր, թե ներդրումները նվազել են 11 անգամ, ԿԲ նախագահը դա սխալ թիվ էր համարել։ Այս առիթով Բագրատյանն արձագանքում է. «ԿԲ նախագահը ավելի լավ է, թող թվին պատասխանի, եւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա պատասխանում։ Նրա հետ պրոբլեմ կա, որովհետեւ նա մասնագիտությամբ տնտեսագետ չէ, նրան պրոբլեմ կա թվերը հասկացնելու առումով։ Չի կարելի նման հարցերին այսպես արձագանքել՝ մանիպուլյատոր է։ Մանիպուլյատորը ինքդ ես։ Վեր կաց բացատրիր, որ այդպես չէ։ Համաձայն վիճակագրության՝ առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 100 միլիոն, երկրորդ եռամսյակում՝ 9 միլիոն դոլար։ 100-ը բաժանած 9-ի, հավասար է 11-ի»։

«Տնտեսական հեղափոխություն» իրականացնելու նպատակով իշխանությունն արդեն իսկ պետք է ներկայացրած լիներ առաջնային քայլերի շարք: Բայց, ինչպես երեւում է, նույնիսկ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը իշխանության համար հարմար առիթ չէ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»,  30.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մինչեւ հիմա գոնէ, ապագայի վերաբերող բոլոր կարեւոր նիւթերուն մէջ, իր հիմնական մոդելը՝ մոդել չունենալն է: Improvisation-ի մասնագէտ է, մարդը:

    Մօտեցումը այն է թէ՝ ահա, ես դաշտը կը բանամ, լայն կը բանամ, ու անկէ ետք՝ ամէն անձ թող իր մոդելը հնարէ, ծրագիր մշակէ ու կիրարկէ: Ես ալ կողքին կը կանգնիմ ու կը ծափահարեմ, խանդավառ խօսքերով կը քաջալերեմ:

    Մթնոլորտ ստեղծել, տրամադրութիւն բարձրացնել է իր ստանձնած գործը: Leader չէ, այլ՝ cheerleader:

    Կարելի է որ շատ մը այլ երկիրներու համար, հետաքրքրական եւ արդիւնաբեր մօտեցում ըլլար այս: Սակայն ոչ Հայաստանի պարագային: Իսկ պատերազմի նիւթով, սարսափելի է…

  2. Եթե ընդունենք միայն օրենքի օրինական օգտագործումը, ապա չէն լինի անիմաստ ամպագոռգոռ արտահայտություններ և սեվացրած թղթեր:
    Երբ ամեն ոք իր պաշտոնավարման տարիներին սկսած 1992թ-ից մտածել է ինչպես թալանել՛ նա այսօր պարտավոր է ներկայացնելու հետվերադարձի ճանապարհը: Մոռացանք՛ վենդետա չի լինելու՝ դրա շուրջը մտածեք և կտեսնեք, թե տնտեսական աճ և մարդու արժեվորում: Ինչ մնում է քայլերի շարքին,եթե ուշադիր նայենք 7 ամիսներին՝ ապա այն կդառնա առերևույթ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31