Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Պետք չէր շալակել 15 Բրաբուս հետեւից՝ մարզերում ճռռիկներ անելու համար». Աշոտյանի արձագանքը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 30,2018 21:45

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզչության ընթացքում խոսելով ՀՀԿ-ի մասին՝ ասաց. «Ծպտուն չհանե՜ք բանակի մասին, Հանրապետական եք, ինչ եք… դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը: Դուք արժեքներից չխոսեք, որովհետեւ արժեզրկել եք բոլոր արժեքները: Դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունն ու «Բրաբուսներ» առել ձեր համար: Հիմա պետք է ծախեք այս «Բրաբուսները», որպեսզի վերադարձնեք ժողովրդից գողացվածը»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանն ասաց. «Բրաբուս ունեցող նախկին Հանրապետականները հիմա աշխատում են «Իմ քայլը» դաշինքի համար:

Եթե այդքան սկզբունքային է Նիկոլ Փաշինյանը, թող անձամբ ինքը եւ իր շրջապատի մարդիկ հրաժարվեն Երեւանի եւ Հայաստանի մարզերի այն հեղինակավոր մարդկանց օգնությունից, ում աջակցության մեջ առաջ մեղադրում էին ՀՀԿ-ին: Դուք չգիտե՞ք, որ ամբողջ հանրապետությունով մեկ այն բոլոր վարչաֆինանսական մարդիկ, ովքեր նախկինում աշխատում էին ՀՀԿ-ի համար եւ հասարակությունը մեղադրում էր ՀՀԿ-ին նման գործարքների մեջ մտնելու համար, հիմա նրանք ամբողջությամբ լծվել են՝ «Իմ քայլը» դաշինքի համար ձայներ քերելու թաղ առ թաղ: Խոսում է Բրաբուսներից, ինքը արձակուրդի մեջ է, թող տասնյակ մեքենաներից կազմված սեւ ջիպերի շարասյուններով չշրջի Հայաստանով մեկ: Իհարկե, պետական պաշտպանվող անձ է անգամ արձակուրդի մեջ, բայց դա չի նշանակում, որ տասնյակ մեքենաներ պետք է իրեն ուղեկցեն քարոզարշավի ընթացքում եւ ոչ միայն իրեն, այլեւ իր նախարարների մեքենաները: Ով  գտնվում է արձակուրդում, շարունակում է օգտվել պետական մեքենաներից ու միջոցներից: Վարչապետի դեպքում հասկանալի է, պետական պաշտպանության տակ է, բայց անգամ այդ դեպքում պետք չէր շալակել 15 Բրաբուս հետեւից՝ մարզերում ճռռիկներ անելու համար: Իսկ նախարարներն ընդհանրապես իրավունք չունեին քարոզարշավի գնալ պետական ծառայության մեքենաներով: Խայտառակություն է տեղի ունենում ամբողջ հանրապետությունով մեկ»:

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին ա տալիս, վա՜յ, նանի ջան, վա՜յ, էս ի՞նչ եղավ, Ղարաբաղը, Հայաստանը կորցրինք: Իրանց համար Հայաստանը, երեւի, իրանց պադավատներն ա: Իրանց թվում ա, որ պադավատը կորցրին, ուրեմն Հայաստանը կորցրել են․․․»։ Արձագանքելով նրան՝ Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Փաշինյան, առավոտից իրիկուն ես «գլխիս եմ տալիս», որ վաղը, մյուս օրը մեր ժողովուրդը իր գլխին չտա, ասելով՝ վայ, մենք մեր ձեռով էս ի՞նչ արեցինք, ո՞նց հավատացինք իրան, Նիկոլը էս ո՞նց մեզ ֆռցրեց: Ու այդ ժամանակ Դուք չեք իմանալու, թե Ձեր գլուխը ոնց փրկեք խաբված և դյուրահավատ մեր ժողովրդից: Բայց հիշե՛ք, որ ես ավելի շատ մտածում եմ, ոչ թե Ձեր գլխի մասին, այլ երկրիս, Ղարաբաղի ու մեր ապագայի մասին: Ձեր քարոզարշավներին պետական համարանիշներով մեքենաների առատությունն էլ կփաստի, թե ով է պադավատասեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930