«Երեւանի կենդանաբանական այգու ամենամեծ բացթողումը եղել է այն, որ նրանք ընդունել են տարբեր կենդանիների չստուգելով նրանց առողջական վիճակը։ Պետք է կենդանաբանական այգու ամբողջ տարածքում ցանկապատ լինի, որպեսզի խուսափենք փողոցային կենդանիների ներխուժումից, քանի որ դրանք տարբեր վիրուսների կրող են։ Կենդանաբանական այգին նաեւ ունի տարածքային խնդիր»,-այսօր Երեւանի կենդանաբանական այգում կայացած ասուլիսում ասաց Ամստերդամի հանրահայտ «Արտիս» Թագավորական կենդանաբանական այգու գլխավոր համակարգող եւ Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի անդամակցության գործընթացում Երեւանի կենդանաբանական այգու մենթոր Յանոշ Շանտոնը:
Միջոցառման մասնակիցները նաեւ անդրադարձան վերջին շրջանում կենդանաբանական այգում հաճախակի դարձած կենդանիների անկման դեպքերին:
Այգու գլխավոր անասնաբուժը մանրամասնեց, 4 օր առաջ կոկորդիլոսի անկման պատճառները․ «Կոկորդիլոսի անկումը կապված է եղել խրոնիկ հիվանդության հետ, որը իր մոտ եղել է 10 տարի շարունակ։ Այդ կոկորդիլոսին, երբ բերել են չի ունեցել ոչ մի փաստաթուղթ, ոչ մի տվյալ առողջության մասին»։
Ըստ պարոն Յանոշի․ «Կենդանիների անկումները նորմալ է, քանի որ նրանք ապրել են վատ պայմաններում։ Այգին մեկ տարի է ինչ ունի մշտական անասնաբուժ: Ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները կարող են ունենալ հիվանդություններ։ Ի տարբերություն մարդկանց, կենդանիները հատկապես՝ կոկորդիլոսները չեն կարող արտահայտել իրենց ցավը»:
Այգու տնօրինությունը հայտնեց նաեւ լավ նորություններ՝ այգին շուտով կհամալրվի նոր կենդանիներով՝ զեբրերով, ընձուղտներով եւ անտիլոպներով։ Վստահեցրին, որ նրանց համար հարմարավետ պայմաններ են ստեղծվում։
Ալվինա ՎԻԼԱՍՅԱՆ