Երեկ Սեւանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է»: Նա ասաց, որ այդ կազմակերպությունում ու ոչ միայն այդ կազմակերպությունում վատ ու հեղինակազուրկ իրավիճակը ժառանգել են ՀՀԿ-ից:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը մեր հարցին՝ համաձա՞յն եք Փաշինյանի այս քննադատության հետ՝ պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի աքիլլեսյան գարշապարներից մեկը արտաքին քաղաքականությունն է ու արցախյան հիմնախնդիրը: ՀԱՊԿ-ում Հայաստանի արժանապատիվ դիրքի վկայությունն էր այն հանգամանքը, որ մեզ հաջողվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիոն մեխանիզմ մտցնել ու առաջինն այդ պաշտոնը ստանձնեց ՀՀ ներկայացուցիչը: Ապիկար ներքին քաղաքականությանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանը աչքի է ընկնում նաեւ անհավասարակշիռ, ինքնահավան ու սիրողական մակարդակի արտաքին քաղաքականությունով: Նա տանուլ է տալիս ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ նաեւ մնացած բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի ազգային ու պետական շահերը, Արցախի անվտանգության հարցերը: ՀԱՊԿ-ում իր վերահաս կատարյալ ձախողումը նախապես քարոզչական փաթեթավորում տալու ու ժողովրդին հերթական անգամ խաբելու ու մոլորեցնելու իր փորձերը դատապարտված են: Եթե դեկտեմբերի 6-ին ՀՀ ներկայացուցիչը ՀՀ-ի համար սահմանված ժամկետում չմնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքական դատափետման ենթարկվի, որովհետեւ ոչ միայն չի կարողացել ավելացնել այն, ինչ մենք իրեն տվել ենք, այլ չի կարողանում անգամ պահել այն, ինչ մենք ստեղծել ենք:
Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խնդիրը ծագել էր իր կույր ցանկությունից, անհարգալից վերաբերմունքից ՀԱՊԿ անդամ որոշ երկրների, հատկապես՝ ՌԴ-ի նկատմամբ, երբ առանց տեղեկացնելու գործընթացների մասին՝ Խաչատուրովի հանդեպ հարուցվել էր քրեական գործ: Մնացած ամեն ինչը՝ Լուկանշենկոյի հանդեպ իր հնչեցրած հաթաթաները, Նազարբաեւի հասցեին իր հնչեցրած կարծիքները ընդամենը Հայաստանի քաղաքացիների աչքերին Դեն Բիլզերյանի այսպես ասած մաչոյի թոզը փչելու հետեւանք է: Եթե Լուկաշենկոյի հանդեպն այդպիսի վատ տրամադրվածություն ուներ նոր իշխանությունը, ապա չեմ հասկանում՝ երկու օր առաջ Արարատ Միրզոյանը Լուկաշենկոյին բարեւելիս ինչո՞ւ այդպես ջերմ ողջագուրվեց, ո՞ւր է ձեր սկզբունքայնությունը, ու՞ր է ձեր հռչակած սուվերենությունը: Մեր՝ նախկինում վարած արժանապատիվ արտաքին քաղաքականության մեջքը դուք ոչ միայն ծռել եք, այլ նաեւ ի վիճակի չեք արդեն կանգնելու, որովհետեւ ձեր ներքաղաքական շահերը սպասարկելու համար պատրաստ եք միակողմանի հաճոյանալ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին: Հաճոյացողներին երբեք չեն գնահատում»:
Աշոտյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել՝ Սիրիա հայկական ռազմական կոնտինգենտ ուղարկելու միտքը ո՞ւմն էր. «Ես վստահ էի, որ Հայաստանինն էր, Նիկոլ Փաշինյանը Մոսկվային հաճոյանալու համար առաջարկել էր մի բան, որը Ռուսաստանը ժամանակին մեզ հետ քննարկել է ու հասկացել է հայկական դիրքորոշումը, թե ինչու չի կարելի այդպես անել՝ առանց ՀԱՊԿ-ի շրջանակի: Այն հանգամանքը, որ գործող իշխանությունները ապօրինի ճանապարհով փորձել են մեր զինվորներին առանց «ԶՈՒ-ի մասին» օրենքը պահպանելու ուղարկել Հալեպ՝ անունը դնելով, որ հայրենակիցներին են օգնելու, այդ հայրենակիցներին մենք այնքան ենք օգնել այս տարիների ընթացքում ու էլի պարտավոր ենք օգնել, բայց այդ զինվորները Հալեպում, եթե տեղակայվեն, իրականում սպասարկելու են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ամբիցիաները Մոսկվայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ