ՄԵՆՔ դաշինքի ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի ձևակերպմամբ՝ իրենց դաշինքը հույսը դրել է ժողովրդի վրա: Երևանում անցկացվող քարոզարշավ-երթի ընթացքում Արտակ Զեյնալյանը, գնահատելով իրենց շանսերն, ասաց. «Պայմանավորվել ենք, որ հաղթելու ենք. իրար հետ ենք պայմանավորել»:
Դառնալով քարոզարշավի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ Արտակ Զեյնալյանն ասաց. «Որոշակի անհավասարություն եմ տեսնում քարոզարշավի ընթացքում: Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի հրավիրում է նույն քաղաքական ուժերին. կարծես թե ինքը որոշել է, թե ովքեր պիտի լինեն ԱԺ-ում: Անուններ չեմ տա, եթե երեկոյան եթերները նայեք, կտեսնեք, որ նույն ուժերն են»:
Հարցին՝ ունե՞ք կառավարությանը քննադատելու առիթ, Արտակ Զեյնալյանը հորդորեց այդ հարցը ՔՊ-ին տալ. «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն իրականացնում է այն, ինչ հնարավոր է և շատ ավելի լուրջ արդյունքներ ունի, քան այն վարչախումբը, որը հեռացվեց հեղափոխությամբ»:
Հարցին՝ որպես արդարադատության նախարար ինքն ի՞նչ է արել ժողովրդի համար, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Բարելավել ենք քրեակատարողական համակարգում վիճակը, իրականացրել ենք վարչական համաներում, որի շրջանակում մեկուկես միլիոն մարդ է ազատվել վարչական պատասխանատվությունից, ավելի քան 530 անձ ազատ է արձակվել, իրավական դաշտում փոփոխություններ ենք կատարել»:
ՄԵՆՔ դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմամբ՝ շատ քաղաքական ուժեր խուսափում են գաղափարական, ծրագրային բանավեճերից, և իր համար դա սպասելի էր. «Ուժեր կան, որ իրենց ծրագրերում նույնիսկ որևէ հիմնավորում չեն դրել, իսկ ՄԵՆՔ-ինը փաստարկված ծրագիր է: Մենք ասում են գազի գինը երեսուն տոկոսով կիջեցնենք, մեր քաղաքական ուժի մեջ ներառված են սկզբունքային քաղաքական գործիչներ, որոնք իրենց սկզբունքները չեն փոխում, պայքարում են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ»:
Խաչատուր Քոքոբելյանի պնդմամբ՝ ՀՀ-ում մենաշնորհ դեռ կա: Նա նշեց, որ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի՝ վերացված է բիզնես դաշտի քվոտավորումը, բայց մենաշնորհը վերացված չէ. «Բենզինի, ծխախոտի, շաքարավազի՝ բոլոր եկամտաբեր ուղղությունների վրա նստած են նույն մարդիկ: Չեմ ասում, որ չկա դրա դեմ պայքար, ընդհակառակը, ասում եմ՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի առնվազն կոռուպցիոն համակարգի ողնաշարը ջարդված է, բայց մենաշնորհը չի վերացել: ՀՀ-ում օրենքներ են պետք, որոնք կկարգավորեն այդ դաշտը: Թվերով ստվերի դեմ պայքարը չի երևում: Դեռ երեքուկես միլիարդ գտնվում է ստվերում»:
Այն հիշեցմանը, թե Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իրենց պայքարը Նիկոլ Փաշինյանի հետ է և հորդորը մյուսներին ոտքի տակ չընկնել, Խաչատուր Քոքոբելյանն այսպես արձագանքեց. «Ես պայքարում եմ նաև Շարմազանովի իրավունքների համար և ցավում եմ, որ և′ Շարմազանովը, և′ մյուս քաղաքական գործիչներն իրենց իշխանության ընթացքում չկանխեցին հանցագործ տարրերի և այն օլիգարխների մուտքը ՀՀԿ, որոնք Հայաստանն այս օրվան հասցրին, որտեղ նաև խնդիր ունի Շարմազանովի, իմ երեխան»:
Լրագրողները Խաչատուր Քոքոբելյանին հիշեցրին, որ երբ Ժառանգություն կուսակցության հետ դաշինք կազմեցին, որը փլուզվեց և հարցրին՝ ինչո՞ւ այժմ ընտրողը պետք է վստահի իրենց դաշինքին, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Փլուզման խնդիր չի եղել. ունեցել ենք ընդհանուր խմբակցություն և դրա բոլոր անդամները քվեարկել են այնպես, ինչպես պատվիրակված է եղել, և դա այն փոքրաթիվ խմբակցությունն է եղել, որ բոլոր կարևորագույն հարցերի հետ կապված հիմնական բարձրաձայնողն է եղել: Փլուզում չի եղել, եղել է կոշտ իշխանական միջամտություն շատ հարցերում: Այն դերակատարությունը, որն ունեցել են այդ փոքր խմբակցության պատգամավորները, որևէ հարց չեք գտնի, որտեղ ունեցել ենք տարբեր մոտեցումներ՝ սկսած ինձնից, վերջացրած Զարուհի Փոստանջյանից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ