Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրում տնտեսության վերաբերյալ հատվածում նկարագրում է, թե ինչպիսին պետք է լինի իրենց պատկերացրած պատասխանատու պետությունն եւ ակտիվ տնտեսական քաղաքականությունը:
Նախ՝ ՀՅԴ-ն նշում է, որ մեր երկրում ձեռնարկություններին թողել են միայնակ համաշխարհային մրցակցության մեջ: Ըստ ՀՅԴ-ի, «Պետությունը պետք է կանգնի գործարարի կողքին, աջակցի նրան, ապահովի մրցակցության արդար պայմաններ և գործարարությամբ զբաղվելու հստակ կանոններ: Պետությունը պետք է պատրաստ լինի մասնավորի հետ համագործակցաբար կիսել բիզնես ռիսկը, առաջնորդել այն բնագավառներում, որտեղ այդ ռիսկն ավելի մեծ է կամ որտեղ շահութաբերությունը ավելի ցածր է, կամ մասնավոր ֆինանսավորումը բացակայում է»:
Այս քաղաքական ուժը գտնում է՝ որպեսզի պետությունը կարողանա օգնել իր քաղաքացիներին ու գործարարներին, պետական կառավարման համակարգն էական բարեփոխումների կարիք ունի.«Հանրային ծառայությունը (ներառյալ քաղաքացիական ու համայնքային ծառայությունը) պատիվ է, որին պետք է արժանանան միայն բարձր մասնագիտական ու մարդկային որակների տեր անձիք: Պետական չինովնիկը, ով կոչված է ծառայելու քաղաքացուն, երբեք չպետք է իրավունք ունենա քաղաքացու հետո խոսել վերեւից: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է անձնական պատասխանատվություն կրի իր արածի ու չարածի համար եւ երբեք փորձ չանի իր պաշտոնական դիրքն օգտագործել անձնական շահի նպատակով: Պետք է բացառվի շահերի բախումը: Միայն այս դեպքում հանրային ծառայությունը, որը պետք է արժանապատիվ վարձատրվի, հրապուրիչ կլինի նվիրված ու բանիմաց կադրերի համար: Պետական ապարատի գործառույթները պետք է հստակեցվեն: Նույնիսկ, եթե անհրաժեշտ լինի սահմանափակել այդ գործառույթները, կրճատվող հանրային ծառայողները չպետք է փողոցում հայտնվեն»:
Դաշնակցությունն առաջարկում է՝ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: ՀՅԴ-ի կարծիքով՝ «Հայաստանը որքան էլ բարձր տեղեր գրավի միջազգային վարկանիշային ցուցակներում, միեւնույն է, դա չի նվազեցնում մեր ձեռնարկատերերի դժգոհությունները տնտեսվարման միջավայրից: Փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնք ոչ միայն եկամուտ եւ աշխատանք են ապահովում, այլեւ հնարավորություն են ստեղծում ինքնադրսեւորվելու ու արարելու, հաճախ խոշոր ընկերությունների զոհ են դառնում: Բանկերը, վարկային կազմակերպությունները, տնտեսական առաջընթացն ապահովելու փոխարեն, հաճախ նմանվում են վաշխառուների՝ անիրատեսական եւ ստրկացնող վարկավորման պայմաններով»:
Այս քաղաքական ուժը գտնում է, որ առաջնային համարվող, ռազմավարական եւ սոցիալական նշանակություն ունեցող ձեռնարկությունների հետ, պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում, պետք է կիսել բիզնես ռիսկը եւ ապահովել մատչելի ֆինանսավորում.«Պետությունը պետք է վերանայի տնտեսական հարցերում պասիվ դիտորդի իր կարգավիճակը: Անհրաժեշտ է առավել ակտիվորեն աջակցել այդ ձեռնարկություններին, նրանց հետ ստեղծել համատեղ ընկերություններ, տրամադրել վենչուրային ֆինանսավորում, փոխառություններ եւ այլ արտոնություններ»:
Իր նախընտրական ծրագրում ՀՅԴ-ն առաջարկում է աջակցել հայրենական արտադրողին.« Հայ գյուղացին չի կարողանում վաճառել իր արդար քրտինքով աճեցրած բերքը, քանի որ ներմուծված ապրանքով ողողված է մեր երկիրը: Պետությունը պետք է մտածի իր արտադրողի մասին: Արտահանման խթանմանը զուգահեռ պետք է ներկրման փոխարինման քաղաքականություն իրականացվի՝ մասնավորապես ագրոպարենային ոլորտում»:
Դաշնակցությունն առաջարկում է ուժեղացնել մենաշնորհների եւ անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը եւ երաշխավորելով ազատ մուտքը շուկա.«Մենաշնորհներն ու գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պետք է լրացուցիչ հարկվեն: Բնական մենաշնորհ հանդիսացող ընկերությունները ցուցակվեն բորսայում եւ վերածվեն բաց բաժնետիրական ընկերությունների»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ