Պակիստանը Ադրբեջանին կմատակարարի տարբեր նշանակության ավիառումբեր: Այս մասին գրում է Azeri Defence պորտալը՝ վկայակոչելով Պակիստանի Global Industrial & Defence Solutions (GIDS) պետական ընկերության հայտարարությունը:
«Մենք պատրաստվում ենք Ադրբեջան արտահանել տարբեր նշանակության ավիացիոն ռումբեր: Մենք արդեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերին ներկայացրել ենք ավիառումբերը և դրանց նավիգացիոն բաղադրիչները»,- ասել է GIDS-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ռումբերն ունակ են «բարձր ճշգրտությամբ վերացնել երկաթբետոնե և բետոնե թաքստոցները, հակառակորդի ամրաշինական կառուցվածքները» և կարող են նետվել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ խորհրդային/ռուսական ինքնաթիռներից: «Մենք արդեն պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ՝ ավիացիոն ռումբերի համատեղ արտադրության շուրջ: Այդ ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ արդեն տեղի են ունեցել հանդիպումներ»,- նշել են Պակիստանի ռազմական ընկերությունից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ