«Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանն այսօր պատմեց, որ դրսից իրեն հաճախ են շնորհավորում Հայաստանում լեգիտիմ իշխանության առիթով:
«Ինձ ասում են, ինչքան լավ է՝ լեգիտիմ իշխանություն է, մեզ պետք է լեգիտիմությունը, որ համոզի, որ հանձնեն տարածքները»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նա նաեւ խոսեց ԼՂ հիմնահարցի լուծման իրենց տեսլականից. «Ղարաբաղի հարցում «Սասնա ծռերն» ունեն տեսլական, որ Արցախն ու Հայաստանը պետք է միավորվեն, մենք գնացինք ինքնորոշման ճանապարհով, ծնվեցին մադրիդյան սկզբունքները,բայց այսօր եկեք իրար հետ չխառնենք, մադրիդյան սկզբունքներ չկան, բանակցություններ չկան ու ոչ թե մեր, այլ Ադրբեջանի մեղքով: «Սասնա ծռերն» ասում են՝ մենք պետք է քայլեր անենք, որ Արցախն ու Հայաստանը միավորվեն, մեկ Հայաստան է, Արցախում ապրում են հայեր, ոչ թե արցախցիներ»:
ԼՂ հիմնահարցի լուծումը, ըստ Ստեփան Գրիգորյանի, իրենք տեսնում են փուլերով. «Պետք փուլերով գնանք, կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, իրավունք չունենք, ասել՝ վերջ այս տարբերակն է ու իրենց նեղացնենք, բայց ինքնորոշման սկզբունքը այսօր չի աշխատում Ադրբեջանի կոշտ, վայրենի քաղաքականության պատճառով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ