«Հայ ռուսական հարաբերությունները պետք է շարունակեն մնալ ռազմավարական-դաշնակցային: Հետեւողականորեն պետք է շարունակել այս ուղեգիծը: Բայց «ռազմավարական դաշնակցային» ձեւակերպում ամեն օրվա հետ ավելի շատ բան պետք է նշանակի»,-նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց. «Մեր կառավարությունը պատրաստ է աշխատել, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան, որովհետեւ անհրաժեշտ ենք համարում դաշնակցային գործընկերության զարգացումը եւ դրան ավելի գործնական իմաստ հաղորդելը»:
Փաշինյանը շեշտեց՝ ողջունում է բոլոր այն հասարակական-քաղաքական-տնտեսական հարթակները, որոնց նպատակը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկխոսություն ծավալելն է. «Այո, ես միջազգային որեւէ առաջնորդի հետ երեւի այնքան հաճախ չեմ շփվում, որքան ՌԴ նախագահի հետ, բայց այդ շփումները պետք է շարունակվեն նաեւ մնացած բոլոր, այդ թվում՝ հանրային, նախարարների, մշակույթի մակարդակներում: ՀՀ-ՌԴ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական առումով, նոր մակարդակի վրա պետք է բարձրացվեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ