«Երեկ ուշադրությունս գրավեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ «Գագիկ Ծառուկյան անում է ներդրումներ, եւ քվեով հնարավորություն տանք, որպեսզի նա այդ ներդրումները շարունակի»: Կարծում եմ՝ այս հայտարարությունը չի արտահայտում այն քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, որը ներկայում առկա է ՀՀ-ում»,-նախընտրական հավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա իր ասածը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Նկատի ունեմ այն, որ քվեն եւ ներդրումը մեկը մյուսի հետ չպետք է կապ ունենան: Եթե ենթադրենք, որ այդ քվեն չկա, եւ կան մարդիկ, որոնք ԱԺ պատգամավոր չեն եւ քվե չեն էլ ստանում: Ի՞նչ է, նրանք ներդրումներ չե՞ն անում: Ներդրման եւ քվեի կապը նշելը ճիշտ չէ, դա մի տեսակ հին ՀՀ-ի սիմվոլ է. նախկին ՀՀ-ի ներդրողների մեծ մասը խորհրդարանում էին»
Փաշինյանը վստահեցրեց, որ իր կառավարությունը երաշխավորում է բոլոր ներդրումների անվտանգությունը՝ անկախ ներդրողի քաղաքական պատկանելիությունից. «Ուստի կոռեկտ չէ «ներդրում ենք անում, որ ձայն տաք» արտահայտությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ