Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա կարելի է դիտարկել որպես մասնավոր այց: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդ այցը չի կարող դիտարկվել այլ բան, քան մասնավոր այց: Դրա կարգավիճակն ակնհայտ է: Եվ դա չի հակասում ո՛չ Ռուսաստանի օրենսդրությանը՝ հենց այդ՝ մասնավոր այցի հատկանիշով, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը»,- ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան ասել է Զախարովան:
Զախարովան նշել է, որ Ադրբեջանի կողմից ռուսական կողմի նկատմամբ դժգոհություններն այդ հարցի շուրջ իրենց տեսանկյունից անհիմն են:
Հիշեցնենք, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ