Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները

Նոյեմբեր 30,2018 17:35

Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված որոշակի քննարկումները որևէ կերպ չեն կարող ազդել հայ ժողովրդի միասնականության և, առավել ևս, Արցախի ու Մայր հայրենիքի իշխանությունների ունեցած ջերմ, բացարձակ փոխվստահության վրա հիմնված և ամենաբարձր մակարդակի հարաբերությունների վրա: Անհարկի շահարկումների արհեստական այս ալիքի խորացումը բացառելու համար, որպես քաղաքական ուժի ղեկավար և Արցախի իշխանությունների ներկայացուցիչ, պարտավոր էի արձագանքել:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին՝ աջակցելով պաշտպանունակության և տնտեսական զարգացման մակարդակի բարձրացմանն ուղղված Արցախի իշխանությունների ձեռնարկումներին: Լիովին տիրապետելով Արցախում նախատեսվող տնտեսական խոշոր նախագծերին (դրանց մի մասի վերաբերյալ առիթ եմ ունեցել ձեզ տեղեկացնելու), որոնք ապահովելու են Արցախի տնտեսության թռիչքային զարգացումը, ՀՀ կառավարությունը բառացիորեն արել է ամեն ինչ դրանց իրագործմանը նպաստելու համար: Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ առաջիկայում մեկնարկելիք խոշորամասշտաբ այդ ծրագրերը հնարավորություն են տալու կտրուկ բարձրացնելու արցախցիների սոցիալ-տնտեսական կենսամակարդակը: Ի դեպ, այդ ծրագրերն ընդգրկում են Արցախի՝ Սահմանադրությամբ ամրագրված ամբողջ տարածքը: Կարծում եմ՝ ուղերձս հստակ էր, և փակագծերը բացելու անհրաժեշտություն չկա:

Արցախի հարցում որոշ քաղաքական շրջանակների կողմից այս օրերին հաճախակի հնչող մտահոգություններին ի պատասխան ասեմ, որ մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի ունեցած մոտեցումը, այն է՝ հակամարտության լուծման հարցում պետք է վճռական լինի ժողովրդի դիրքորոշումը: Ըստ այդմ կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները:

Համոզված եմ՝ դեկտեմբերի 10-ին մենք մեկ անգամ ևս ամրագրելու ենք հայկական երկու հանրապետությունների առաջնորդների լիովին նոր որակի հարաբերություններ, և առկա բոլոր տեսակի հարցերը այդ հարաբերություններում հաղթահարելի մանրուքներ են: Այս իմաստով անթույլատրելի էր մամլո պատասխանատուների դրսևորած անպատասխանատու վարքագիծը, քանի որ վերջիններս հաշվի չեն առել իրենց խոսքի հանդեպ հանրային ընկալումը:

Ավելի քան վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկապես, կլինեն աննախադեպ Հայաստանի պատմության մեջ և կամբողջացնեն Նոր Հայաստանի նկատմամբ մեր բոլորիս սպասումները, որի անբաժան մասն է կազմում Արցախը:

Արցախի առաջատար քաղաքական ուժի անունից հայտարարում եմ, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անվերապահորեն իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Ուրեմն՝ առա՛ջ հանուն մեր միասնական հաղթած և հզոր Հայրենիքի, որտեղ պետք է տիրեն արդարությունը, միասնականությունը, սերն ու հանդուրժողականությունը յուրաքանչյուրի համար:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արցախի ներքաղաքական շահարկումի ամենացած մակարդակի նմոյշն է՝ հենց այս յայտարարութիւնը:

    Կոպիտ շողոքորթութիւն եւ քծնանք՝ Նոր Տիրոջ նկատմամբ, Արցախի գալիք ընտրութիւններու հեռանկարով:

    Արժանի չենք պահելու Արցախը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930