2016թ. «Հայջրմուղկոյուղին» եւ ԻՖԱԴ-ը Բագրատաշենում խմելու ջրի ցանց են կառուցել: Ստեփանավանի սարերից ձգվող խմելու ջրատարն արդեն երրորդ տարին է, ինչ Բագրատաշեն է մտնում, սակայն բնակիչները զրկված են Ստեփանավանի որակյալ ջրից, շարունակվում են խմել Դեբեդ գետից ափին գտնվող անորակ ջրից: 2800 բնակիչ ունեցող Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ դրա պատճառն այն է, որ բնակիչների տներում ջրաչափեր տեղադրված չեն: Բագրատաշենի բնակիչները, բնակավայրի հիմնման ժամանակից`1936թ,-ից մինչ օրս խորքային հորից մղված անորակ ջուրն են խմում: Գյուղի խմելու ջրի պոմպակայանը գտնվում է Դեբեդ գետից 3 մ հեռավորությամբ: Խորհրդային տարիներին Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվել է գետից 25 մ հեռու: Դեբեդի մեջ մեծ է Լոռու հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետած ծանր մետաղների`պղնձի, կապարի,արճիճի եւ այլնի պարունակությունը, այդ մետաղները մարդու օրգանիզմում կուտակվելու հատկություն ունեն: Բագրատաշենին մատակարարված խմելու ջուրը կոշտ է, այն եռացնելուց հետո թեյնիկի հատակին մեծ քանակի կիր է գոյանում: Գյուղի շատ բնակիչներ այլ բնակավայրերից մեքենաներով խմելու ջուր են ներկրում:
Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ գյուղին խմելու ջուրը մատակարարում է «Տավուշ» ՋՕԸ-ն, որը նույն պոմպակայանով նաեւ ոռոգման ջուր է մղում: Համայնքը մատակարարված խմելու ջրի դիմաց վճարում է ՋՕԸ-ին: Նա ասաց, որ խորքային հորից մատակարարված ջուրը լաբորատոր հետազոտության են ենթարկել, ջուրը վնասակար նյութեր չի պարունակում, սակայն որակյալ չէ: Խորքային հորի ջուրը բնակչությանը տրվում է 5 օրը մեկ: Մակյանը հայտնեց, որ Բագրատաշենում եւ խմելու ջրի սուր խնդիր ունեցող,հարեւան Դեբեդավան գյուղում մեկնարկել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագիրը, որով Բագրատաշենում ջրաչափեր կտեղադրվեն, Բագրատաշենը կօգտվի Ստեփանավանի ջրից. Դեբեդավանում էլ խմելու ջրի ներքին ցանց կկառուցվի : Արդեն կայացել է շինարարության մրցույթը, որի արդյունքում կորոշվի ծրագիրն իրականացնող կազմակերպությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ