«Աշխարհում ցանկացած տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը նվազեցվում են, արտոնությունից ազատում են, եթե բիզնեսը փակվի, վերականգնելու համար երկար ժամանակ է պետք: Տնտեսական ճգնաժամի ժամանակ պետք է գործարարի մատից փուշ հանել»,-այսօր եղեգնաձորցիներին տնտեսության վերաբերյալ իր մոտեցումները ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այսօր ԲՀԿ-ի քարոզարշավը Վայոց ձորում էր:
ԲՀԿ առաջնորդի համոզմամբ, միայն ներդրումներով մեր երկրի տնտեսական խնդիրները չեն լուծվի: Իսկ տնտեսական ճգնաժամերի ժամանակ, ըստ պարոն Ծառուկյանի, պետք է ոչ թե հարկերն ավելացնել, այլ պակասեցնել. «Եթե այսօր մի գործարարն ունի 200 աշխատատեղ, պետությանն էլ ամսական 10 միլիոն հարկ է վճարում, տնտեսական ճգնաժամի ժամանակ թող վճարի 7 միլիոն հարկ, որպեսզի այդ 200 աշխատատեղը լինի, մարդիկ անգործ չմնան եւ պետության հարկերն էլ վճարեն: Եթե նա սնանկանա, 200 մարդ չի աշխատի, 200 ընտանիք սոված կմնա, նպաստ կստանա: Տնտեսական ճգնաժամը կավարտվի, թող էդ 10 միլիոնը դառնա 12 միլիոն, բայց կարեւորը մեր 200 ընտանիքներն անգործ չեն մնա, գործադուլ չի լինի կամ նպաստ չեն ստանա, արտագաղթի ճանապարհը չեն բռնի»:
Այստեղ էլ Ծառուկյանը խոսեց բանկերի բարձր տոկոսադրույքներից՝ ասելով, որ բանկերը գերշահույթներ են ունենում բարձր տոկոսադրույքների հաշվին. «Վարկերը 8-10-12 տոկոսով են, բայց դա էլ է բարձր, պետք է լինեն 3-4 տոկոս: Մեր մոտ բանկային համակարգ չկա, որը տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար ամենակարեւորագույնն է»:
Այս մարզում էլ պարոն Ծառուկյանը նախընտրական խոստումներ տվեց՝
որից մեկը, խոցելի խավերին բնակարանով ապահովելու իր ծրագիրն է: Ասաց, որ Աբովյանում իր միջոցներով արդեն մեկնարկել է նման մի ծրագիր, եւ պատրաստակամ է մատչելի գումարներով բնակարանաշինություն ծավալել նաեւ բոլոր մնացած մարզերում, որպեսզի երիտասարդ ընտանիքը տուն ունենա:
Անդրադառնալով գյուղատնտեսական վարկերին՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ դրանք պետք է գյուղացուն տրվեն 1-2 տոկոսով, որպեսզի ֆերմերը շնչի եւ հնարավորություն ունենա աշխատել:
Նրա համոզմամբ, այսօր թոշակների բարձրացման, ուսանողների ուսման վարձերը վճարելու, առողջապահական խնդիրները նույնպես առաջնային լուծման կարիք ունեն:
Ծառուկյանը խոսեց նաեւ Ղարաբաղի հարցից՝ այն համարելով լուծված. «Այդ հարցը մեր ժողովուրդը կարգավորել է, մնում է միայն ճանաչման հարցը: Ժամանակը ձգվում է դրա համար մենք պետք է ունենանք հզոր պետություն, ուժեղ տնտեսություն, որպեսզի միջազգային ճանաչման հարցը արագ կարգավորվի»:
ԲՀԿ առաջնորդը վստահեցրեց, որ իր քաղաքական ուժն ունի բոլոր այդ հարցերի լուծումները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ