Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Ինտեգրված կադաստրը կփակի չարաշահումների ճանապարհը»

Նոյեմբեր 30,2018 16:41

«Գուցե երազելով շատ հեռուն ենք գնացել, ասեք, թե ծրագրի որ մասն է թույլ, միասին քննարկենք»,- Ինտեգրված կադաստրի հայեցակարգային դրույթներն առաջին անգամ հանրային հարթակում ներկայացնելուց հետո ասաց Սարհատ Պետրոսյանը և այնուամենայնիվ ավելացրեց՝ բայց ամեն դեպքում, թույլ տվեք նաև երազել…

Ինտեգրված կադաստրի իրականացման դրույթները ներառված են ՀՀ անշարժ գույքի կադաստրի գործունեության հնգամյա ծրագրում, իսկ նրա հայեցակարգի նախագիծը շուտով կքննարկվի այլ գերատեսչություններում, ապա կներկայացվի Կառավարության հաստատմանը։

Ինտեգրված կադաստրը մեկտեղելու է Հանրապետության բոլոր գերատեսչություններում և պետական այլ մարմիններում գործող ու ռեգիստրի դեր կատարող համակարգերը.

«Իսկ Քանի որ Հայաստանի քարտեզագրական բոլոր տվյալները մշակվում են Կադաստրի կոմիտեի տրամադրած նյութերի հիման վրա, շատ տրամաբանական է, որ Կադաստրի կոմիտեն լինի այդ ամենը համակարգող օղակը»,- ասաց Սարհատ Պետրոսյանը։

Ինտերգված կադաստրի առաջին շերտը պետք է լինի Հանապետության ողջ տարածքի օդալուսանկարումը (նախատեսված է 2019թ. գարնանը)։ Երկրորդ շերտը կկազմեն տեղագրական քարտեզները, որոնք Կադաստրի կոմիտեն մշակել է Հանրապետության գրեթե ողջ տարածքի համար։ Հաջորդ շերտը կկազմի առանձին ոլորտների քարտեզագրումը (անտառներ, հուշարձաններ, ճանապարհներ…)։ Ըստ Պետրոսյանի, «շատ հաջող և կայացած նման համակարգեր ունենք հատկապես բնապահպանության և ջրային ռեսուրսների ոլորտներում։

«Այսինքն, մեկ բազայում ունենալու և պահպանելու ենք Հայաստանի ցանկացած քառակուսի մետրի, սանտիմետրի ամբողջական տարածական տվյալները»,-ասաց Պետրոսյանն՝ ավելացնելով, որ մեկ բազայում պահպանումը չի նշանակում մեկ կենտրոնից վարում. բոլոր ոլորտային մարմինները շարունակելու են վարել իրենց կադաստրները։

Տվյալները մշակվելու են GIS համակարգով, որը հսկայական ծավալով նաև անձնական ու գաղտնի տեղեկություններ է պարունակելու, ուստի պետք է խստորեն պաշտպանված լինի։ Համակարգը հասանելի կլինի պետական մարմինների համար, որոշ չափով՝ հանրային ծառայություններ մատուցող ենթակառուցվածքային ընկերություններին, իսկ մասնավոր սեկտորը, բիզնեսը և անհատը կունենան համակարգից տվյալներ ստանալու, բայց ոչ տվյալներ մուտք անելու իրավունք։

Այս ամենի արդյունքում, որևէ անշարժ գույքի սեփականության վկայականում իրավունքի հետ նշված կլինեն նաև սահմանափակող տեղեկությունները, եթե այդպիսի հանգամանքներ կան. օրինակ, որ տվյալ շինությունը պատմության հուշարձան է և այլն։

Իսկ ամենակարևորը, սա կփակի չարաշահումների ճանապարհը, քանի որ.

«Այս համակարգում ցանկացած գործողություն՝ դիտումներ, փոփոխություններ…, ֆիքսվելու է։ Որևէ բան չի ջնջվելու, այսինքն, կարելի է տեսնել արված բոլոր քայլերը»։

Սարհատ Պետրոսյանի ասելով, ինտեգրված կադաստրին հասնելը երկար ճանապարհ է, «բայց մենք ուզում ենք, որ այդ ճանապարհը շատ երկար չլինի։ Եթե որևէ բան չխանգարի, 5 տարի հետո, եթե նույնիսկ ոչ 100 տոկոսանոց, բայց մենք կունենանք այս համակարգը, կսկսենք զարգացնել»։

Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանն ասաց, որ երկրում իրականացվելիք ընդլայնված ընդլայնված բարեփոխումների համատեքստում Ինտեգրված կադաստրը արդյունավետ, առանցքային «գործիքներից է»։

Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը՝ լսելով նախորդ զեկույցները, համոզմունքը փոխանցեց, որ իրոք, երբեմն տարբեր գերատեսչություններ իրարից անկախ կրկնում են նույն գործողությունը, իսկ ինտեգրված կադաստրի ստեղծումը կրկնությունը բացառելու և պետական ռեսուրսները խնայելու հնարավորություն կտա։

Մյուս կողմից, Ստեփանյանը կարևորեց, որ ինտեգրված կադաստրի մանրամասնված տվյալները դեպի Հայաստան կհրապուրեն նաև ներդրողներին։

Զեկույցները հնչում էին Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) կիրառումը Հայաստանում» սիմպոզիումի շրջանակում, որը նախաձեռնել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն և ՀԱՀ GIS և հեռահար զոնդավորման լաբորատորիան։ Նպատակն էր ցույց տալ, թե երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը Հայաստանում ինչ դեր ունի հանրային և կառավարման որոշումների  կայացման գործում։ Արվածի ու անելիքի մասին զեկույցներով հանդես եկան պետական, տեղական մարմինների, ուսումնական հաստատությունների, հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930