«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն այսօր նախընտրական հանդիպումներ անցկացրին Գեղարքունիքի մարզում:
Լճափ համայնքում կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանն ասաց, որ գյուղի խնդիրներով շատ մտահոգ են. «Պետք է ունենանք շեն ու ժամանակակից գյուղ քաղաքից չտարբերվող: Եթե ապահովում ենք թալանի վերադարձը ժողովրդին, թալանի մի զգալի մասը պետք է ուղղվի գյուղի խնդիրների լուծմանը՝ մանկապարտեզ, ջուր ճանապարհներ»:
Լճափում «Սասնա ծռերի» վարկանիշային թեկնածուն էլ համագյուղացիներին խնդրեց «Քաղաքացիական պայմանագիրը» «Սասնա ծռերին» չհակադրել, որովհետեւ. «Էդ մարդիկ էն մարդիկ են, որ իրենց կյանքը դրեցին էս երկրի համար, կարող են ամեն ինչ անել, ինչ հնարավոր է, ես այս կուսակցության անդամ չեմ, ձեզ ոչ փող, ոչ ճանապարհ, ոչ էլ կրիշա սարքել եմ խոստանում, կաշխատեմ ընդունել այնպիսի օրենքներ, որ կարողանաք լավ ապրել»:
«Սասնա ծռերի» վարկանիշային թեկնածուն ասաց, որ դեմ է համայնքների խոշորացմանը ու կարծում է՝ դա հենց պետության քանդման հիմքն է. «Երկրորդ խնդիրը՝ տարին դեռ չի լրացել բանակում 38 հոգի ինքնասպան է եղել, տասնվեց տարի պայքարում եմ, որ բանակի զորակոչման հարցերը ոչ մեծ տերությունների Ռուսաստանի ու Ֆրանսիայի, այլ մեր ավանդական եղանակով լուծեն: Կարելի է բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը բարձրացնեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ