Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավի անցկացման ազատություն կա, այնուամենայնիվ կան որոշ մտահոգություններ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույց

Նոյեմբեր 30,2018 15:45

Հայաստանում քարոզարշավի անցկացման ազատություն կա, այնուամենայնիվ մտահոգություններ են հնչել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ: Այս մասին ասվում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում:

«ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում, վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում: ԺՀՄԻԳ ԸԴԱ –ի զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ հայտնեցին անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քարոզարշավ անցկացնելն արգելված չէ և չի կարգավորվում օրենքով: «Նոյեմբերի սկզբին քաղաքական կուսակցությունները և դաշինքները սկսեցին ներկայացնել ԶԼՄ-ներում, թե ովքեր են գլխավորելու իրենց ազգային ցուցակները, և հնարավոր թեկնածուները սկսեցին նախանշել իրենց ծրագրային առաջնահերթությունները: Մրցակիցները նաև սկսեցին Ֆեյսբուքի միջոցով ակտիվորեն դիմել հնարավոր ընտրողներին, ինչպես նաև սկսեցին տպագրել և տարածել քարոզչական թռուցիկներ: Որոշ մրցակիցներ նշեցին, որ սկսած նոյեմբերի 23-24-ի հանգստյան օրերից նրանց թեկնածուները «երթեր» կամ «քայլարշավներ» կսկսեն մարզային քաղաքներից, որոնք կավարտվեն Երևանում՝ պաշտոնապես մեկնարկելով իրենց քարոզարշավները: Նոյեմբերի 23-ին Երևանում սկսեցին նկատվել քարոզչական գովազդային վահանակներ»,- ասվում է զեկույցում:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել շարունակական ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ, հատկապես առցանց տիրույթում: «Պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացումն իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը զուգահեռ արգելվում է: Որոշ քաղաքական կուսակցությունները հայտարարեցին ԶԼՄ-ներին և ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ նոյեմբերի 19-ին գործող վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ և մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում»,- ասվում է զեկույցում:

Լրատվական դաշտին վերաբերող հատվածում զեկույցի հեղինակները նշում են, որ լրատվական միջավայրը բազմազան է, սակայն շատ ԶԼՄ-ներ ընկալվում են որպես փոխկապակցված քաղաքական ուժերի հետ՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերությունը: Ի լրումն հեռարձակվող ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում:

Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ գովազդային շուկան սահմանափակ է, և միայն մի քանի լրատվամիջոցներ են ինքնաբավ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները նշել են, որ շատ մասնավոր լրատվամիջոցներ, այդ թվում որոշ խոշոր հեռուստաընկերություններ ֆինանսավորվում են տարբեր քաղաքական խմբերին հարող ձեռնարկատերերի կողմից, և, հետևաբար, ընկալվում են որպես քաղաքական կուսակցությունների հետ սերտորեն փոխկապակցված: «Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոց: Մինչ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի մի շարք զրուցակիցներ նշել են, որ առկա է ԶԼՄ-ներում բազմակարծության բարելավում 2018 թ. ապրիլի դեպքերից հետո, ոմանք հայտարարել են, որ հանրային դիսկուրսը նպաստավոր չէ գործող կառավարության և, մասնավորապես, գործող վարչապետի հանդեպ հնչող քննադատության առումով»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930