«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Կարեն Հարությունյանն ահազանգում է, որ նախընտրական քարոզարշավն ընթանում է սեւի եւ սպիտակի հարթությունում: «Գրեթե ոչ ոք չի խոսում այն կարեւոր բանի մասին, որ հեղափոխությունը եղավ, հիմա մենք ինչպե՞ս ենք պատկերացնում մեր կյանքը, դեպի ո՞ւր ենք գնում, եւ մենք, իբրեւ քաղաքական ուժ, ի՞նչ կարող ենք անել Հայաստանի համար`մեր կողմից»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսում իր տեսակետը հայտնեց Կարեն Հարությունյանը: «Ես լավն եմ, դուք՝ վատը» բանավեճերի մեջ «Քաղաքացու որոշումը» չի մտնում:
Խոսելով Հայաստանի զարգացման իրենց պատկերացումների մասին՝ Կարեն Հարությունյանն ասաց`իրենց կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական է, դա արդեն խոսում է այն մասին, որ պետությունը քաղաքացու համար ստեղծում է պայմաններ, եթե հնարավորություններն էլ կան, որպեսզի մարդը շարունակական զարգացում ապահովի իր համար: Աղքատության հաղթահարում, որակյալ տնտեսություն. սա իրենց հեռահար նպատակն է, որ մարդիկ ստիպված 50 հազար դրամով չաշխատեն, այլ կրթվեն, դառնան որակյալ մասնագետներ եւ արժանապատիվ աշխատանք ու կյանք ունենան: Կրթության զարգացման շեշտը դրվելու է հասանելիության եւ որակի բարձրացման վրա: Ասում է`բյուջեի հատկացումները կրթական մասով, պետք է բարձրացնել, այդ թվում նաեւ՝ ուսուցիչների աշխատավարձերը:
Հարցին` ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագրում» չեք, քանի որ հասարակական հատվածից եկող գործիչները «Իմ քայլի» ցուցակում են, Կարեն Հարությունյանը պատասխանեց. «Գաղափարական տարբերություն կա. մենք սոցիալ դեմոկրատ ենք, իրենք դեռ գաղափարներ չունեն, հիմա ինչ-որ բաներ փորձում են, բայց ինձ համար անհասկանալի է»: Նաեւ, ասում է, որ ՔՊ-ում կա ձեւավորված հիերարխիա, որի մեջ իրենք իրենց չեն տեսնում, ուզում են իրենց ինքնուրույն օրակարգն ունենան: Բայց հեղափոխության օրակարգի շրջանակում ՔՊ-ի հետ համագործակցություն եղել է ու կշարունակվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ