«Ոմանք ասում են՝ ՀՀ-ում ի՞նչ է փոխվել, որ… ՀՀ-ում այն է փոխվել, որ դուք մտել եք ծակերը եւ դուրս չեք կարող գալ: Չեք կարող դուրս գալ այնքան ժամանակ, մինչեւ չանցնեք քավարանի միջով, չքավեք ձեր մեղքերը եւ չդառնաք օրինապաշտ քաղաքացի»,-նախընտրական հավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով «Իմ քայլը» ժողովրդական շարժման բազմամարդ հավաքների մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ «արյամբ եկել են, արյամբ էլ կհեռանան» սկզբունքին տեղիք չեն տվել. «Նրանք տանկեր էլ ունեին, զենքեր էլ, հանցագործ խմբեր, սափրագլուխներ… բայց բոլորը ծնկի եկան՝ ժողովրդի խաղաղ եւ ոչ բռնի կամքի դեմ: Մենք ապացուցեցինք, որ սերն ավելի ուժեղ է բռնի մեթոդներից, մեր ձեռքերում անգամ քար ու փայտ չկար»:
Ապա Փաշինյանը նշեց՝ ՀՀԿ-ն նոր հակաքարոզչություն է անում. սոցցանցերում տարածվում են Փաշինյանի ելույթների այն հատվածները, որոնցում նա բարկացած է խոսում: «Նրանց վարչապետերը ոչ տխրում են, ոչ ուրախանում, ոչ բարկանում, ոչ ոգեւորվում: Այդ դդում-դեմքերը պահեք ձեր ղափամաների համար,-հեգնեց Փաշինյանը, ապա նկատեց,-ժպիտով կարելի է երջանիկ Հայաստան կառուցել: Հենա՝ նամռոթ դեմքով մեկը կար, տենում էինք՝ ինչ էր կառուցում: Նամռոթ դեմքերով չես կարող երջանիկ Հայաստան կառուցել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
բացառիկ մակարդակ… աշխարհի առջեւ ուղղակի հպարտ կ’ըլլաս, որ Հայաստան կոչուող երկրի մը գերագոյն ղեկավարը այսպէս կը խօսի…
ցաւալին այն է թէ ինք անձնապէս կոշտ ու կոպիտ, անկիրթ մարդ չէ, սակայն այսպէս է խօսում, յարմարելու համար ժողովուրդի մեծամասնութեան մակարդակին… որ միայն այս լեզուէն կը հասկնայ…
երջանի՞կ թէ գռեհիկ Հայաստան