Այս ընտրությունների ֆավորիտ «Իմ քայլը» դաշինքն արհեստականորեն, նախկին իշխանական ՀՀԿ-ի կշիռը բարձրացնելով, փորձում է նրան բերել խորհրդարան: Այս համոզմանն են ընտրարշավին մասնակցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Սուրեն Սահակյանը, ամփոփելով քարոզարշավն, ասաց, որ մինչեւ երեկ այն «սեւ-սպիտակի» մթնոլորտում է անցել: Ասում է`լավ կլիներ, որ բանավեճը գաղափարական դաշտ տեղափոխվեր: Բանախոսի գնահատմամբ`դա շատ նման է, որ հատուկ է արվում. «ՀՀԿ-ն զոռով ներքաշվում է ԱԺ: Այն կառույցը, որը դիակ էր: Դա անում է «Իմ քայլը» դաշինքը`Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակից, սեւ-սպիտակի գաղափարը հրապարակ նետելով: Երբ ֆավորիտը գործընթացներում ակնհայտորեն մեկ ուժի է անդրադառնում, նրա կշիռը բարձրանում է: Եթե դա գաղափարական լիներ, էլի ոչինչ, բայց ապագաղափարական է»:
Բանախոսը չի ծուլացել, եւ հաշվել է`զուտ մեդիահիշատակումների առումով, ՀՀԿ-ի կշիռը արդեն իսկ բավական բարձր է. լուսաբանումների առումով լիդերը իշխող ուժն է, երկրորդը`ՀՀԿ-ն, թեկուզ հակադարձումներով. «Օրվա կտրվածքով, երեկ չէ առաջին օրվա դրությամբ, 650 մեդիահիշատակում եղել է «Իմ քայլին», 500`ՀՀԿ-ին եւ մեծ ճեղքվածքով` 200-ից մի քիչ ավել կամ պակաս ԲՀԿ-ին»:
Կուսակցության անդամներից Կարեն Հարությունյանն էլ զարմանում է. «Դիսկուրսը գնում է «Իմ քայլի» եւ ՀՀԿ-ի` լավ ու վատի մեջ, բայց մենք այդ հարցը լուծել էինք ոնց որ, ինչի՞ ենք հետ բերում: Ինչի՞ համար ենք պայքարում, ոնց որ պայքարել վերջացրել էինք»:
Սուրեն Սահակյանի գնահատմամբ, նախկին եւ ներկայիս իշխող ուժերը տնտեսական ծրագրերի մասով էլ միմյանցից ոչ մի բանով չեն տարբերվում: Ավելին, ըստ բանախոսի, շարունակում են մեկը մյուսին, թեեւ մեկի կառավարման ժամանակաշրջանը մեծ է, մյուսնին`կարճ: Բացառություն է կոռուպցիայի դեմ պայքարի տարրը: «Նույն քաղաքականությունն է, որի հիմքում մարդը, քաղաքացին իր խնդիրներով բացակայում է: Այսինքն, մարդը վիճակագրական տվյալ է, որը աշխատում է որեւէ ճյուղ բարելավելու կամ չբարելավելու վրա: Եթե մարդը բեռ է, այսինքն, սոցիալապես անապահով, ապա կարելի է իրեն եթերից կշտամբել, որ ինքը ծույլ է եւ այլն: ՀՀԿ-ն էր շարունակում, եւ նոր կառավարությունն է շարունակում այդ գիծը»,- ասաց Սուրեն Սահակյանը:
Գործազրկության մակարդակի կրճատման մասով էլ, բանախոսի տպավորությամբ, նույնն են նախկին եւ ներկայումս իշխող ուժերի պատկերացումները. «Մեծ կորպորացիաներ բերեն, շատ աշխատատեղեր ստեղծեն, թեկուզ այդ մարդիկ ապահովվելու են 50 -60 հազար դրամ ոչ արժանապատիվ աշխատավարձով: Բայց չեն մտածում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ստեղծագործ միտք ունեցող մարդիկ սկսեն աշխատել»:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության վերաբերյալ մոտեցումներին, Սուրեն Սահակյանը ներկայացնում է իրենց ծրագրային դրույթներում ամրագրված երեք հիմնական մոտեցումները. «Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ դիսկուրսը կեղծ է, եւ միշտ կեղծ է եղել: Այդ դիսկուրսը մտցնելով՝ մեր քաղաքական կյանքը շեղել ենք ճիշտ ուղուց`դնելով կամ-կամ դիլեմայի տակ: Եվ երկրորդ`Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորինս լավ քաղաքական մանեւրների հնարավորություններ է տալիս, մինչդեռ մեզ հակառակն են պնդել. որ մենք պատերազմի մեջ ենք, մեր աշխարհագրական դիրքը լավը չի, մի կողմից՝ Թուրքիա, մի կողմից՝ Ադրբեջան, պետք է ինչ-որ բաներից զրկվենք, դիմանանք…»: Երրորդը`ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի պետական շահի սպասարկման եւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման վրա: Դիտարկմանը, որ վերջին շրջանում «եւ-եւ»-ի քաղաքականություն էր վարվում, Սուրեն Սահակյանը արձագանքեց. «ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված էր դրսից լեգիտիմություն բերելու վրա` ինչ-որ իրավունքներ զիջելու դիմաց»:
Արցախի հարցի վերաբերյալ «Քաղաքացու որոշումում» հետեւյալ պատկերացումն ունեն. ի հեճուկս հայտնի եւ աշխարհում տարածված տեսակետի, իրենք Արցախի կոնֆլիկտը գնահատում են այսպես. «Դա Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող կոնֆլիկտ չէ»: Հարցի լուծման մասով իրենց պատկերացումն էլ այսպիսին է. հարցը պետք է լուծվի`աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բավարարմամբ, եւ այդ լուծումը չպետք է հակասի տեղում ապրող ժողովուրդների ազատ եւ երջանիկ ապրելուն: Այլ լուծումներ, որոնք բացառում են այդ երկու դրույթները, իրենք չեն տեսնում: Մինչ այժմ առաջարկված եւ այժմ օրակարգում գտնվող մադրիդյան սկզբունքներն իրենք անընդունելի են համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ