Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքները պիտի ուժեղանան, դրա համար պիտի նվազեցվեն մարզպետարանների լիազորություները. Էդմոն Մարուքյանը՝ Աշտարակում

Նոյեմբեր 30,2018 15:08

«Համայնքները պիտի ուժեղանան, դրա համար պիտի թուլանան մարզպետարանները՝ հնարավորինս նվազեցվեն մարզպետների լիազորությունները, և սահմանադրական փոփոխությունների արդյունքում պիտի վերանայենք տարածքային կառավարումը»,-Աշտարակում քարոզարշավի  ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն այսպիսի առաջարկ արեց տեղական ինքնակառավարման ոլորտում խնդիրների լուծման համար:

Ըստ նրա՝ նպատակային է արվել, որ համայնքները լինեն փոքր, թույլ, չզարգացող և օգտագործվեն ընտրություններից ընտրություն ընտրակեղծիքներ անելու և գործող իշխանությանը վերարտադրելու համար. «Նպատակային համայնքներին դարձրել են կենտրոնական իշխանություններից միջոցներ ուզողներ: Ունեցել ենք իրավիճակ, որ համայնքներն ունեն երկու միլիոն բյուջե, և կարող է պետությունը մեկ կամ երկու միլիոն դոտացիա տալ, բայց կան պարտադիր ծախսեր, կան կամավոր պարտականություններ տեղական ինքնակառավարման: Գյուղական համայնքներ կան, որտեղ վարորդը, գյուղապետն ու նրա տեղակալն են ստանում աշխատավարձ, էլեկտրաէներգիայի ծախսերն են հոգում, և բյուջեն պրծնում է: Եվ դա համայնք է կոչվում»:

Էդմոն Մարուքյանը զգուշացրեց՝ եթե այս հարցերը չբարձրաձայնվեն, կարող է այս նոր իշխանությունն էլ եղած համակարգը հարմար գտնի և պահպանի:

Որպես լուծում բարձրացված խնդիրների՝ Էդմոն Մարուքյանն առաջարկեց հետևյալը. «Համայնքները հնարավորինս շատ լիազորություններ պիտի ստանան: Համայնքներին լիազորություններ չեն տվել և տվածներն էլ թույլ չեն տվել իրականացնել, իսկ նշանակված մարզպետները հավաքել են մի դահլիճում համայնքի ղեկավարներին և սկսել են գոռգոռալ այդ մարդկանց վրա, թե գնացեք, տեղական հարկերը հավաքեք, սա այն դեպքում, երբ մարզպետները մի ստորագրությամբ նշանակվում և ազատվում են, իսկ համայնքի ղեկավարն ընտրվում է ժողովրդի կողմից»:

ԼՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Բաբաջանյանը, անդրադառնալով Արագածոտնի ՀՀԿ-ական նախկին մարզպետի ինքնաբացարկին, ասաց. «Սա վկայում է այն մասին, որ խավարը չի կարող տեղ ունենալ, երբ գալիս է լույսն ու լուսավորը: Լուսավոր Հայաստանը միակն է ընտրապայքարում եղած քաղաքական ուժերից, որը ոչ մի կապ չունի նախկին համակարգի հետ, մեզ մոտ չեն գտնի մի մարդ, որը երբևէ նախկին վարչակարգի հետ կապ է ունեցել»:

Թալինում Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ մենք հստակ ընտրողներ ունենք և նրանց թիվն օր օրի շատանում է: Մարուքյանի գնահատմամբ՝ քաղաքական ուժերի խոսակցությունները ժողովրդի խնդիրներից կտրված են. «Ասում են՝ ներառական տնտեսություն, տեխնոլոգիական գյուղատնտեսություն, այն դեպքում, երբ համայնքներն ունեն ոռոգման խնդիր: Մարդն ունի ծառ, արև, բայց ջուր չունի: 21-րդ դարում կարելի՞ է  կարկուտի հետ խնդիր ունենալ: Այն ժամանակներն անցել են, որ մարդիկ հեռուստացույցով լսեն թեկնածուներին, քաղաքական գործիչներին, ասեն՝ ոչինչ, որ չհասկացանք ասածը, կարևորը խելացի մարդ էր երևում, և գնան նրան ընտրեն»:

Էդմոն Մարուքյանը թալինցիներին վստահեցրեց՝ «Լուսավոր Հայաստանը» ժողովրդից ծնված կուսակցություն է. այն չի ստեղծել որևէ օլիգարխ կամ քաղաքական գործիչ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930