ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ թեկնածու Էդուարդ Շարմազանովն այսօր Լոռու մարզից ուղիղ եթերի միջոցով, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց, որ օր օրի ե՛ւ ինքն է ավելի շատ մտահոգվում, ե՛ւ իր ընտրողները, ու մտահոգ քաղաքացիների քանակն ավելանում է: Ըստ Շարմազանովի, ի տարբերություն իրենց, որ ընտրողներին ներկայացնում են իրենց անելիքները, ծրագրերը, իշխանությունները «ասֆալտին են փռում», վզներից բռնելու ու ահաբեկելու մասին են խոսում. «Եկավ Սպիտակ, ասֆալտին փռեց, գոռգոռաց, գնաց: Գնաց Ալավերդի՝ ստերի շարան, ասում է՝ պղնձաձուլարանի աշխատողները կաշխատեն Թեղուտի հանքավայրում: Ա՛յ ախպեր ջան, դու հանքավայրի ու պղնձաձուլարանի աշխատողների մասնագիտական գործունեության տարբերությունը հասկանո՞ւմ ես գոնե: Գոնե ինչից չես հասկանում՝ մի խոսա, կամ էդ օգնականներիդ ասա խորհուրդ տան: Պղնձաձուլարանի плавильщик-ը հանքում ի՞նչ է անելու, դա նույն բանն է, որ ատամնաբույժը մարզպետ աշխատի, չնայած հա, դա ձեր մոտ ադաթ ա արդեն»:
Շարմազանովն ասաց, որ մտահոգություններն ավելացան նաեւ հաջորդ օրը, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարեւոր չի, ամենաէական հարցը չի. «Եթե անվտանգության հարցերը կարեւոր չեն, եթե կարեւոր չի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ քաղաքացի է, թե Բելառուսի կամ Ղազախստանի, բա Փաշինյանը ինչի՞ էր իրեն ճղելով, գոռգոռալով ասում, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, բա եթե կարեւոր չի, ինչի՞ ես ամեն ինչ անում, որ մնա: Հիմա զգացել ես, որ դեկտեմբերի 6-ին ճամփելու են քո պատճառով Հայաստանի գլխավոր քարտուղարի պաշտոնից, ասում ես՝ էական չի: Բա ի՞նչն է էական՝ 800 հազար ՀՀ քաղաքացիներին անբան ու լոդր անվանե՞լը, ասֆալտին փռե՞լը, մատ թափ տա՞լը քաղաքական ընդդիմախոսների վրա, գնալ Ալավերդի խաբե՞լ, որ Թեղուտի ծրագիր ունենք, բա ունեք՝ մինչեւ դեկտեմբերի 9-ը բացեք: Կամ Պղնձաձուլարանի աշխատողներին խաբեք ասեք՝ Թեղուտում աշխատելու ես, ո՞նց են աշխատելու, տարբեր մասնագիտություն է, ոնց որ տաքսու վարորդին խաբեք ասեք՝ սամալյոտի պիլոտ ես լինելու»:
Շարմազանովն անդրադարձավ նաեւ Փաշինյանի մյուս հայտարարություններին, որոնք ուղղված էին Արցախի ղեկավարությանը: Շարմազանովի խոսքով՝ «ՀՀ ոչ բարով ղեկավարը մատ է թափ տալիս Արցախի հանրապետության ղեկավարի ու պաշտոնյաների վրա, այն մարդկանց վրա, որոնց մի մասը Արցախի հերոսներ են, այն մարդկանց, որոնց պայքարի ու արյան գնով այսօր ինքը Հայաստանում ապրելու եւ շնչելու իրավունք ունի: Մատը մատին չի տվել Արցախի համար՝ սաղին քննադատում է: Ալիեւից նորմալ ու կիրթ մարդու տպավորություն ստացած վարչապետը Արցախի իշխանությունների վրա գոռգոռո՞ւմ է, լավ են անում՝ խոսում են, ինչի՞ չպիտի խոսան»:
Շարմազանովն ասաց. «Որեւէ մեկդ չփորձեք Արցախի վրա մատ թափ տաք, դուք գնացեք ձեր քաղաքական ծրագրերից խոսեք, որը 0 է: Հիմա տեսնում եք, որ այս 7 ամսում ոչ մի բան չեք արել՝ գոռում եք, ասֆալտին եք փռում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ