ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Կերչի նեղուցում Ռուսաստանի պրովոկացիոն գործողությունները Ուկրաինայի նավերի նկատմամբ, հայտնում է The Hill-ը: Փաստաթղթում կոչ է արվում ազատել կալանավորված ուկրաինացի նավաստիներին: Բանաձևի հեղինակներն են հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Քրիս Մերֆին:
Ռոն Ջոնսոնը հայտարարել է, որ Ամերիկայի Սենատը «հաստատել է աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին, կառավարությանը և տարածքային ամբողջականությանը»: «Սենատը Պուտինին հստակ ուղերձ է հղել այն մասին, որ չի թույլատրվելու Ազովի ծովում Ուկրաինայի նկատմամբ նրա կառավարության ագրեսիան: Մենք վճռականորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից նախաձեռնված ցանկացած ռազմական գործողություն՝ միակողմանիորեն միջազգային կանոնները փոփոխելու ուղղությամբ»,- ասել է սենատորը:
Բանաձևում ասվում է նաև, որ դիմակայությունը Ղրիմի թերակղզու ափերին, որն ԱՄՆ-ը համարում է Ուկրաինայի տարածք, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում և տանում է հետագա սրացման: ԱՄՆ սենատը «կոչ է անում միջազգային հանրության անդամներին միավորվել Կերչի նեղուցում Ռուսաստանի կառավարության գործողություներին դիմակայելու համար, քանի որ նրանք խախտում են բոլոր ազգերին վերաբերող միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները», ասվում է փաստաթղթում:
Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի սահմանապահները Կերչի նեղուցում կալանավորել են ուկրաինական երեք նավ, որոնք ըստ ռուսական կողմի, ապօրինաբար հատել են սահմանը: Նավերի վրա գտնվող ուկրաինացի 24 նավաստիները կալանավորվել են երկու ամսով: Կոնֆլիկտի պատճառով Ուկրաինայի 10 շրջաններում 30 օրով մտցվել է ռազմական դրություն:
Այս միջադեպը նոր սրացում է մտցրել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է G-20-ի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախապես ծրագրված հանդիպումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ