Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանին փորձում են մեղադրել. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 30,2018 13:10

ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտնել էր, որ հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն՝ հարցաքննության։ «Այս րոպեին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա»։

Ավելի ուշ մանրամասնեց, որ տվյալ քրեական գործը հարուցվել է մինչեւ հեղափոխությունը, բայց ինքը սկսել է գործով որպես վկա անցնել, ինչպես շեշտեց, ընդդիմություն դառնալուց հետո։ Քրեական գործն առնչվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների նպատակային տեղերում պետպատվերով կրթություն տրամադրելուն։ Հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն, երբ այս կամ այն բնակավայրում ասենք ուսուցչի կարիք է լինում, մարզպետը դիմում է ԿԳ նախարարին՝ դիմորդների համար նպատակային տեղերում կրթություն ապահովելու եւ հետագայում համայնքի մասնագիտական կարիքները բավարարելու համար։ Պետությունը ստանձնում է այդ դիմորդների ուսման վարձը փոխհատուցելու պարտավորությունը պայմանով, որ ուսումնառության ավարտից հետո նրանք պետք է գնան, տվյալ դպրոցում աշխատելու։ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N2 դպրոցի դեպքում էլ ժամանակին նման իրավիճակ է ստեղծվել, երեք դիմորդի ուսումը պետպատվերով կազմակերպվել է, բայց նրանք այդպես էլ չեն աշխատել։ Մանկավարժական համալսարանը դիմել է դատարան՝ պետությանը պատճառած մոտ 4 միլիոն դրամ ընդհանուր վնասը ուսումնական հաստատությունից գանձելու համար։

Աշոտյանն իր շուրջը տեղի ունեցող այս զարգացումներին քաղաքական երանգավորում է տալիս։ Նշում է, որ նախորդ ամիսներին հարցաքննության է հրավիրվել մի քանի անգամ, բայց եւ ընտրարշավի օրերին դարձյալ հրավիրվելը որակում է իր ու կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու, սուր ճոճելու եւ ահաբեկելու փորձ։ «Որովհետեւ ես Նիկոլ Փաշինյանին անձամբ քննադատող ամենատեսանելի քաղաքական գործիչներից մեկն եմ։ Ես ձեզ որքան ժամանակ է՝ ուզում եմ հասկացնել, որ որեւէ սպառնալիք ինձ եւ իմ ընկերների վրա ազդել չի կարող»,- ասում է Արմեն Աշոտյանը։

Նա, ինչպես նշեց, այս առնչությամբ դիմել է դիտորդներին, դեսպանատներին, թե ինչպես է գործող իշխանությունը խաթարում ՀՀԿ քարոզչության պատասխանատուի աշխատանքը, թեկնածուներից մեկի քարոզչությունը իր ընտրատարածքում եւ քաղաքական վենդետայի եւ սպառնալիքների լեզվով խոսում։ ՀՀԿ-ական գործիչն, ի դեպ, քանիցս ընդգծում է, որ հարցաքննության այս հրավերը իրեն արված նվեր է։ Ու դա, փաստորեն, լիուլի կարող է շահարկվել։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930