Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային թատրոնում դեմ են ե՛ւ Չալդրանյանին, ե՛ւ Շահվերդյանին. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 30,2018 12:40

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում սկանդալային իրավիճակ է. դերասանները պահանջում են տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Վերջինս մասնակի բավարարել է կոլեկտիվի պահանջը՝ հրաժարվելով գեղարվեստական ղեկավարի պաշտոնից եւ այն զիջելով ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին։

Թատրոնի դերասանական կազմին, սակայն, ոչ միայն չի բավարարել, այլեւ զայրացրել է այդ որոշումը։ Նախ՝ նրանք պահանջում են, որ Չալդրանյանը լքի նաեւ տնօրենի պաշտոնը եւ հեռանա թատրոնից, երկրորդ՝ համաձայն չեն նրա նշանակման հետ եւ այն համոզման են, որ Սուրեն Շահվերդյանը գեղարվեստական ղեկավարի լավագույն թեկնածուն չէ։ Դերասանները ցանկանում են, որպեսզի այդ պաշտոնում ներսից մեկը նշանակվի։ Նրանք անգամ ունեն իրենց թեկնածուներին՝ տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել թատրոնի դերասան Արման Նավասարդյանին, գեղարվեստական ղեկավարի պաշտոնում՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանին։ Եվ քանի դեռ դերասանների պահանջները չեն կատարվել, նրանք պատրաստվում են գործադուլ անել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արման Նավասարդյանը նշեց, որ Չալդրանյանի կատարած նշանակման մասին նոյեմբերի 29-ին է իմացել. «Փաստորեն, Չալդրանյանը փորձեց թեթեւացնել բեռը՝ ցույց տալով, թե իբր ականջալուր եղավ մեր պահանջին, բայց ամենեւին էլ այդպես չէ։ Ո՞վ է Սուրեն Շահվերդյանը։ Ուրեմն Նարինեն նրա չափ չկա՞։ Նարինեն եւ մյուս դերասաններս այս թատրոնի ամեն քառակուսի մետրի համար քրտինք ենք թափել, ոչ ոքի սիրտը մեր սրտի չափ չի ցավում այս կառույցի համար։ Մենք բոյկոտելու ենք նաեւ Սուրենի նշանակման առիթով։ Իսկ Չալդրանյանի՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ բողոքել ենք առաջին իսկ օրերից։ Սակայն այն ժամանակվա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շատ կոշտ պատասխան տվեց մեզ՝ նշելով որ որոշում կայացնողը մենք չենք, այլ ինքը»։

Մենք զրուցեցինք նաեւ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ, հարցրինք՝ ինչպես է պատկերացնում իր գործունեությունը մի թատրոնում, որի դերասաններն իրեն չեն ընդունում. «Օրենքի համաձայն՝ գեղարվեստական ղեկավարին նշանակում է տնօրենը, դրա հետ հարկավոր է հաշվի նստել, բացի այդ, աշխարհի եւ ոչ մի թատրոնում նմանատիպ նշանակումների արդյունքում նոր գեղղեկավարներին գրկաբաց չեն ընդունում։ Հասկանալի է, որ տվյալ կոլեկտիվն ունի թատրոնի ապագայի հետ կապված իր տեսլականը, բայց պետք է հակառակը լինի, գեղարվեստական ղեկավարը պետք է ունենա թատրոնի վերաբերյալ իր տեսլականը եւ իր շուրջ հավաքի համապատասխան մարդկանց, որոշի՝ ում հետ աշխատի եւ ում հետ՝ ոչ։ Ես պատրաստվում եմ մոտ օրերս հանդիպել ստեղծագործական կազմի հետ եւ ներկայացնել իմ ապագա ծրագրերը»,- պատասխանեց ռեժիսորը։

Մենք հարցրինք՝ ինչպե՞ս հասկանալ այն հանգամանքը, որ Կ. Ստանիսլավս– կու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տնօրենի կողմից գեղարվեստական ղեկավարի պաշտոնի նշանակման հարցը Սուրենն ամիսներ առաջ քննադատեց (Սուրենը գեղղեկավարի պաշտոնում առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն տնօրենն ընտրեց այլ թեկնածուի)՝ նշելով, որ աբսուրդ է, երբ տնօրենն է որոշում՝ ում նշանակի այդ պաշտոնում եւ ում՝ ոչ, սակայն Համազգային թատրոնի պարագայում, երբ տնօրենի ընտրությունը կանգ առավ արդեն իր վրա, այդ երեւույթի հետ ինքը հաշտ է. «Ես այսօր էլ համարում եմ, որ սխալ է, երբ տնօրենն է նշանակում գեղարվեստական ղեկավար, բայց քանի որ ունենք այդ օրենքը, առաջնորդվում ենք դրանով։ Օրենքը պետք է փոխվի։ Որքանով տեղյակ եմ, մշակույթի նախարարությունն աշխատում է այդ օրենքի փոփոխության վրա։ Եվ երբ թատրոնի գեղղեկավարը կնշանակվի մի կոնկրետ մարմնի, այլ ոչ թե տնօրենի կամ դերասանների քմահաճույքով, այդ ժամանակ թատրոններում կունենանք առողջ մթնոլորտ»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930