Նոյեմբերի 25-ին կերչի նեղուցում ռուսական եւ ուկրաինական նավերի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Պատինի հետ։
Ընդ որում, Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պորոշենկոյի նախաձեռնությամբ, իսկ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի։
Կարելի է ենթադրել, որ Թուրքիան, ի հեճուկս Ուկրաինայի մեծ ցանկության, չի խառնվելու ռուս- ուկրաինական ճգնաժամին՝ համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ կա Իդլիբի եւ քրդերի խնդիրը։ Իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող թեժ կետերն իրականում փոխկապակցված են եւ դրանցից մեկում հավասարակշռության խախտումն անխուսափելիորեն անդրադառնալու է մյուսի վրա։
G20-ի գագաթնաժողովում Էրդողանի կողմից Ազովի «հարցի բարձրացումը», ամենայն հավանականությամբ, համահունչ կլինի նախօրեին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որում արտաքին գերատեսչությունը հայտնում էր, որ պաշտոնական Անկարան «մտահոգված է Ազովի ծովում ստեղծված իրավիճակով եւ կոչ է անում ապահովել ուկրաինական նավերի անխոչընդոտ նավարկումը Կերչի նեղուցով», ինչպես նաեւ կոչ էր անում հարգել միջազգային իրավունքը եւ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Այս հայտարարությունը որեւէ կերպ չի հակասում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ավելին՝ դրանում տեղ գտած ձեւակերպումները զգույշ են եւ ընդհանուր բնույթի։
Դա զարմանալի չէ, քանի որ Թուրքիան, որը չէր կարող չարձագանքել միջադեպին, բավական տհաճ իրավիճակում է հայտնվել։ Մի կողմից ուղղակի լավ հարաբերություններ Պորոշենկոյի հետ, մյուս կողմից՝ իրական եւ որոշ դեպքերում գրեթե կենսական նշանակություն ունեցող համագործակցություն Ռուսաստանի հետ։ Ստեղծված իրավիճակում Թուրքիան, ամենայն հավանականությամբ, փորձելու է ամեն կերպ խուսափել Ազովի ճգնաժամում անմիջական մասնակցություն ունենալուց։
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում