Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ թայ-բրեքում 3:0 հաշվով հաղթելով վերջին շրջանում ԱՄՆ-ի դրոշը ներկայացնող ծագումով իտալացի Ֆաբիանո Կարուանային:
Մրցաշարի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում Կարլսենը չի թաքցրել ուրախությունը չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար: «Շատ ուրախ եմ, զգում էի, որ սա լավ օր է: Ես լավ աշխատեցի, ամեն ինչ գերազանց անցավ», – ասել է նա:
Գրոսմայստերը մեկնաբանել է նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Գարի Կասպարովի եւ Վլադիմիր Կրամնիկի՝ իր հասցեին արած քննադատությունն առ այն, որ ինքը դասական շախմատի 12-րդ տուրում առավելություն ունենալով՝ մրցամարտի ելքը հետաձգել է թայ-բրեք: «Ինչ վերաբերում է Գարիի եւ Վլադի արած արտահայտություններին, ես նրանց թույլ եմ տալիս այդպիսի հիմար տեսակետ ունենալ», – հայտարարել է չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ