Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԴԽ-ում հարցերը նախապես չեն լուծվում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 30,2018 11:54

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, երբ դատավորները դատի են տալիս կառույցին՝ մեղադրելով նրանց ոչ օբյեկտիվ որոշումների մեջ։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ։

– Պարոն Դանիելյան, վերջին շրջանում միտում է առկա, երբ ԲԴԽ-ին դատի են տալիս եւ մեղադրանքներ հնչեցնում։ Ի՞նչ է կատարվում կառույցում։

– Մենք արդեն տվել ենք պարզաբանումներ եւ դրանից չենք խուսափում։ Բացատրել ենք, թե զարգացումներն ինչով են պայմանավորված։ Եթե իսկապես կա դատական վեճ, ուրեմն դատարանն էլ կորոշի։ Ես չէի ցանկանա նախապես որեւէ որոշում հայտնել, որեւէ կերպ կաշկանդել դատարաններին, դրա ցանկությունն ու նպատակը չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է զարգացումներին, դրանք տարբեր պատճառաբաևություններ ունեն։ Մի կողմից՝ դրանք ինձ համար ողջունելի են, բայց կցանկանայի, որ դատավորների համարձակությունն ուղղված լիներ ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին, այլ բոլոր այն օղակներին, որտեղ իրենք խնդիր են տեսնում, որտեղ իսկապես խնդիր կա։ Նաեւ անցումային փուլի խնդիր կա։ Նոր է խորհուրդը, որի կազմը էապես վերանայվել է, կան իրավաբան-գիտնականներ, որոնք անհամեմատ ավելի անկաշկանդ են եւ կարող են վճռորոշ դեր ունենալ։

– Բայց կառույցի անդամներին մեղադրում են սուբյեկտիվ որոշումների մեջ։

– Բնականաբար այդպես կլինի։ Երբ խորհուրդը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք նախկինում չեն եղել, ապա կտեսնեք, որ վերանայվել են ինչ-որ միտումներ, որոնք կարող են ընկալվել որպես սուբյեկտիվ։ Յուրաքանչյուրն իր սուբյեկտիվ մոտեցումներով է առաջնորդվում եւ այդպես են պարտավոր։

– Ինչպիսի՞ չափորոշիչներով եք առաջնորդվում։ Ձեզ մեղադրում են, որ մասնագիտական որակները հաշվի չեք առնում եւ այլ հանգամանքներ եք հաշվի առնում։

– Դա իրենց կարծիքն է, եւ այդ կարծիքը, իմ խորին համոզմամբ, որեւէ հող չունի։ Դուք մեր մոտեցումները չեք ցանկանում հասկանալ, բայց մենք դրանից չենք նեղվում։ Մենք չենք մտածում, որ պետք է անպայման ամբողջովին վերանայենք մեր մոտեցումները։ Մենք շատ ճիշտ ենք սկսել, եւ պետք է հասկանալ՝ եթե մենք շեղվենք, փորձենք վախկոտություն դրսեւորենք, դրանից չի շահի դատական համակարգը։ Դուք հարթակ եք տրամադրում մարդկանց, որոնք ունեն դժգոհություններ, բայց կան բազում որոշումներ, որոնցով մարդիկ գոհ են։ Ինչ վերաբերում է մասնագիտականին, ապա, բնականաբար, մենք դա հաշվի առնում ենք։ Սակայն պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել, որ օրենսգիրքը միայն մասնագիտական գիտելիքները չէ, որ չափանիշ է համարում։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930