Այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ շատերն են խոսում երջանկության մասին: Իհարկե, համաշխարհային մասշտաբով դա նորամուծություն չէ: Օրինակ՝ մոտ 250 տարի առաջ ընդունված ԱՄՆ Անկախության հռչակագիրն սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «Մենք ելնում ենք այն ակներեւ ճշմարտությունից, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, եւ նրանք Արարչի կողմից օժտված են անօտարելի իրավունքներով, որոնց թվին են պատկանում կյանքը, ազատությունը եւ երջանկության ձգտումը»: Որ բոլորս ձգտում ենք երջանիկ լինել, եւ ոչ ոք իր համար դժբախտություն չի ուզում՝ դա, իհարկե, անվիճելի է: Բայց որ երջանիկ կամ դժբախտ զգալը պայմանավորված է հասարակական գործընթացներով, քաղաքական ռեժիմով եւ այլն՝ դա, իմ կարծիքով, քննարկելու հարց է:
Նախ՝ այդ զգացողությունը խիստ անհատական է եւ չափազանց փոփոխական: Այսօր ես ինձ երջանիկ եմ զգում, վաղը մի տեղս կարող է ցավալ կամ, հնարավոր է, ընկերոջս հետ եմ վիճել եւ, որպես հետեւանք, ինձ դժբախտ համարել: Ավելին՝ կարող եմ երջանիկ լինել՝ ի հեճուկս որեւէ ֆիզիկական կամ հոգեկան ցավի, եւ հակառակը՝ դժբախտ լինել այն պահին, երբ ամեն ինչ արտաքնապես հաջող է դասավորվում: Որքան հանգիստ վերաբերվենք այդ բնական տատանումներին, որքան քիչ մոխիր լցնենք գլխներիս դժբախտ զգալու պարագայում («վա՜յ, իմ անբախտ»), այնքան լավ:
Այդ անհատական զգացողությունը կարող է ընդհանրապես կապ չունենալ հասարակարգի հետ: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ իրենց երջանիկ են զգացել անգամ նացիստական համակենտրոնացման ճամբարում՝ կարդացեք ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանքլի հրաշալի աշխատությունները: Կարեւորը տվյալ պարագայում այն է, թե ինչն է մարդն իր կյանքի իմաստը համարում եւ արդյոք կարողանո՞ւմ է իրականացնել իր առաքելությունը: 20-րդ դարում, զանգվածային սպառման շեշտակի ավելացման պայմաններում, կինոն, իսկ այնուհետեւ հեռուստատեսությունն ու համացանցը ձեւավորել են երջանկության որոշակի ստանդարտներ, որոնք կապված են նյութական հաջողությունների հետ, որոնց ձգտումը, սակայն, սովորաբար դարձնում է մարդկանց կյանքը դատարկ ու դժբախտ: Այնպես որ՝ երբ ԱՄՆ «հիմնադիր հայրերը» փառաբանում էին «երջանկության ձգտումը», նրանք, հավանաբար, ամեն ինչը չէ, որ հաշվի էին առել: Օրինակ՝ թմրամոլները երջանիկ են, երբ «դոզայի տակ են», եւ այդ պարագայում նրանց դեմքին ժպիտ է նկատվում: Նրանց ձգտումները պե՞տք է խրախուսել:
Կամ՝ ավելի արդիական օրինակ: Հայաստանի քաղաքացիների մեծ մասը երջանիկ կլինի, որ բոլոր ՀՀԿ-ականներին գնդակահարեն առանց որեւէ դատական որոշման: Բայց երջանկության այդ պահը կարճատեւ կլինի՝ շարունակություն չունենալու դեպքում: Չէ՞ որ եթե ձեզ որեւէ ուտեստ երջանկություն է պարգեւում, դուք այն ցանկանում եք կրկին ուտել: Կամ՝ երբ դուք տեսնում եք ձեր սիրելի մարդուն, դուք չեք ուզում, որ այդ հանդիպումը տեւի ընդամենը մեկ օր:
Արամ Աբրահամյան
23.04.2018թ. ժամը մոտ 15-16-00-ի սահմաններում ամբողջ աշխարհի Հայերի երևի 99%-ը իրեն երջանիկ էր զգում: