Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջանալու ժամանակն է

Նոյեմբեր 30,2018 14:30

Ամեն անգամ չափազանց զարմանում եմ, երբ հին ու նոր նախկին իշխանավորներից որևէ մեկը որևէ խելացի միտք է արտահայտում: Բանն այն է, որ այդ դեպքում անմիջապես հարց է առաջանում, թե այդ խելացի մտքի տերը այդ նույն գաղափարը ինչո՞ւ չէր առաջադրում, երբ ինքը իշխանության ներկայացուցիչ էր, ի՞նչ է՝ այն ժամանակ նա խելոք չէ՞ր, թե՞ կային ավելի լուրջ պատճառներ, որոնք խանգարում էին բարձրաձայնել այդ խելացի գաղափարները, առաջարկները: Այս ամենը ստիպում է հանգել որոշակի տխուր եզրակացությունների:

Առաջին՝ նախկին իշխանավորի այդպիսի վարքը վկայում է այն մասին, որ ստեղծվել էր այնպիսի վարչակարգ, որի պայմաններում արգելափակված էր ազատ խոսքը, անկախ այն հանգամանքից՝ այն կլինի հիմար, թե խելոք միտք: Նման իրավիճակում թույլատրելի է միայն այնպիսի միտքը, որն արդարացնում է այդ վարչակարգի բոլոր գործողությունները, ինչպիսիք էլ դրանք լինեն: Այդ վարչակարգում թույլատրելի է արտահայտել միայն տիրակալի արտահայտած մտքերը, դրանք հիմնավորել, այլապես նման տեսակետի հեղինակները դուրս կշպրտվեն իշխանական համակարգից: Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են իշխանության առանձին, անգամ երևելի սպասարկողներ դուրս նետվել այդ համակարգից՝ նույնիսկ չափազանց աննշան զանցանքի համար:

Երկրորդ՝ մարդիկ, որոնք ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, և քանզի այլակարծությունը դատապարտված է, իրենց մտքի ամբողջ ուժով պետք է ապահովեն այդ վարչակարգի ապագան և դառնան վարչակարգի սպասարկուներ, այլ ոչ թե ժողովրդի մասին հոգացողներ: Եվ որքան ավելի խելացի են, այնքան ավելի վտանգավոր են դառնում հասարակության համար, որքանով իրենց մտքի ամբողջ կարողությամբ կարողանում են «հիմնավորել», «արդարացնել» անարդարությունը, անօրինականությունը, սքողել դրանք: Ինչով բացատրել այն երևույթը, երբ փորձ էր կատարվում արդարացնել մի քանի հեկտար հողերի հանձնումը թշնամուն: Այդ խելոքներից ոչ մեկը ծպտուն անգամ չհանեց, լռությամբ «արդարացրին» կատարվածը: Չէին համարձակվի, որովհետև դուրս կմղվեին իշխանական համակարգից: Այլ կերպ ասած՝ նրանք իրենց խելացիությունը օգտագործում են ոչ թե ժողովրդին ծառայելուն, այլ սեփական շահերի պաշտպանությանը, իսկ այսօր իրենց խելացի մտքերով փորձում են «չոր դուրս գալ» այն կեղտից, որի մեջ ընկղմվել են ամբողջությամբ:

Ասվածը վերաբերում է ոչ միայն նախկին իշխանավորներին, այլև առհասարակ բոլոր իշխանավորներին, քանզի նորերը կարճ ժամանակ անց կարող են հայտնվել այն նույն իրավիճակում, ինչ նախկինները: Քանի դեռ իշխանավորը չի կարողանում լսել դիմացինին, քննադատական ամեն մի խոսք համարում է իր նկատմամբ ոտնձգություն, ամեն գնով պաշտպանում է իր հիմար թիմակցին (անգամ եթե նա «պոլի փետ» է), անընդունակ է ընդունել սեփական սխալը, աստիճանաբար հրաժարվում է բարոյական սկզբունքներից, նա դատապարտված է հայտնվել աղբակույտում:

Ամենասկզբում ասացի, որ զարմանում եմ, երբ նախկին իշխանավորը խելացի գաղափար է առաջադրում, բայց ավելի շատ զարմանում եմ, երբ նոր իշխանավորը ոչ թե արձագանքում է այդ գաղափարին, այլ միանգամից հակադարձում է՝ ինչու ձեր ժամանակ այդ գաղափարը չէիք առաջարկում, դուք այս ու այն վատ բաներն եք արել և այլն: Տեր Աստված, ինչո՞ւ չես կարողանում գնահատել այդ խելացի գաղափարը, չէ՞ որ այն կնպաստի քո գործի հաջողությանը: Չէ՞ որ, չկարողանալով ըստ արժանվույն գնահատել դիմացինի գաղափարը, ցույց ես տալիս քո սնանկությունը, ինքդ քեզ հավասարեցնում ես այդ նախկին իշխանավորին, ցուցադրում ես քո անլիարժեքությունը: Չգիտեմ ինչու, մեզանում մեծ տարածում է ստացել այն մոտեցումը, որ երբ նշում են որևէ մեկի կոնկրետ, այն էլ ակնհայտ սխալը, նա պատասխանում է այդ մեկին ոչ թե ընդունելով իր սխալը, այլ ասում է՝ իսկ քո հորեղբոր տղայի կնոջ քեռու հարևանը անբարո է: Այ քեզ փաստարկ: Գուցե հռետորական արվեստի առումով նման հնարքը լավ փաստարկ է, բայց եկեք ընդունենք, որ նման պատասխանը միանգամայն անտրամաբանական է և անբարոյական և ընդամենը ցույց է տալիս ասողի խեղճությունը:

Վաղուց ժամանակն է նախկինների սխալները, թերացումները տեղի-անտեղի չհիշատակելը, մի՞թե նոր ասելիք չունես: Դու պարտավոր ես առաջին հերթին ասել, թե ո՛ր խնդիրը ինչպե՛ս ես լուծելու, որքա՛ն ժամանակում, ի՛նչ միջոցներով, ո՛րն է մարտավարությունն ու ռազմավարությունը:

Նախկիններն իրենց վարքով ու գործունեությամբ ամեն ինչ արեցին հեղափոխությունը հասունացնելու գործում, նորերը, հուսով եմ, ավելի խելացի կլինեն, իսկ ավելի լավ կլինի՝ ձգտեն խելոքանալ:

Վ. Պողոսյան

«Առավոտ», 

29.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930