Ինչպե՞ս են հիվանդները բուժվում՝ ոլորտի պատասխանատուները տեղյակ չեն
Նախօրեին առողջապահության նախարարի պաշտոնակատար եւ «Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց. «Բոլոր նախադրյալները կան՝ պնդելու, որ մենք մյուս տարի սկսելու ենք վիրուսային Հեպատիտ Ց հիվանդության բուժման ազգային ծրագիր՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Սկզբնական շրջանում ծրագրում կընդգրկվեն մոտ 1000 պացիենտ, իսկ հետագայում ծրագիրը կընդլայնվի»։
Արդյոք այս հայտարարությամբ նախարարի պաշտոնակատարն ու պատգամավորության թեկնածուն ինքն իրեն նախընտրական շրջանում PR չի՞ անում, եւ դեռ վաղ չէ՞ այս մասին խոսել, քանի որ ընդամենը 2 օր առաջ է հանձնարարել՝ «դիտարկել եւ առաջարկություն ներկայացնել 2019-ից Հեպատիտ Ց-ի դեղորայքային բուժման ազգային ծրագիր ներդնելու հարցը` առայժմ շուրջ 1000 հիվանդի համար»:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց. «Բնավ այդպես չէ, որովհետեւ մենք բավական երկար ժամանակ է՝ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Այդ մասին կան հայտարարություններ, որոշակի հստակություն արդեն կա»:
Տիկին Նանուշյանը վստահեցրեց՝ մինչ օրս Հայաստանում Հեպատիտ Ց-ի բուժման դեղորայք գրանցված չէ: Փոխնախարարն ասաց՝ ազգային ծրագիրը ներդնելու համար այս պահին մի քանի ուղղություններով աշխատանքներ են իրականացնում:
Օրինակ՝ նախարարությունը բանակցում է դեղագործական կազմակերպությունների հետ. «Քանի որ այսօր ՀՀ-ում չունենք գրանցված դեղեր Հեպատիտ Ց-ի բուժման, տանում ենք աշխատանքներ, որպեսզի իրենք գան Հայաստան եւ գրանցեն իրենց դեղերը, որովհետեւ հակառակ դեպքում չեն կարող վաճառել եւ հասանելի չեն լինի: Եվ միաժամանակ բանակցություններ ենք վարում, որպեսզի ավելի էժան գներով բերենք: Շատ երկրներում բրենդային ընկերություններն ունեն պատենտի իրավունք, բայց մեր երկրում բրենդը թույլ չի տվել վաճառել: Աշխատանքներ ենք տանում, որպեսզի Հայաստանում ջեներիկ դեղերն ավելի մատչելի գնով մուտք գործեն եւ գան գրանցեն իրենց դեղերը, որովհետեւ Հայաստանը, լինելով փոքր շուկա, ընկերությունները հետաքրքրված չեն բերել իրենց դեղերը»:
Մեր հարցին՝ եթե Հեպատիտ Ց-ի բուժման դեղեր չկան գրանցված մեր երկրում, ապա ինչպե՞ս են մեր երկրում այդ հիվանդներին բուժել, տիկին Նանուշյանն ասաց, որ օրենսդրությամբ կա հնարավորություն, եթե բարեգործական ճանապարհով է ներմուծվելու դեղը, հնարավոր է առանց գրանցելու, փորձաքննություն անցնելուց հետո թույլ տան ներմուծել. «Երկրներ կան, որ ջեներիկների թույլտվությունը տրված է, եւ հիմնականում այդ բրենդի արտադրողը սոցիալական ծրագրերի շրջանակներում թույլ է տալիս այն երկրներում, որտեղ ցածր է եկամուտը, կամ փոքր է շուկան, կամ բարձր է հիվանդացության մակարդակը, վաճառել դեղը»:
Բայց Հայաստանն այդ երկրներից չէ, մեր երկրում դեղատներում չեն վաճառվում Հեպատիտ Ց-ի դեմ դեղամիջոցներ: Ու կրկին նույն հարցն ուղղեցինք տիկին Նանուշյանին՝ ինչպե՞ս են հիվանդները բուժվել: Փոխնախարարը մեր հարցին հարցով պատասխանեց. «Եթե դեղը չկա դեղատներում, չի վաճառվում, չի էլ ներկրվում, ինչպե՞ս կանեն բուժումը, ես եմ ձեզ հարցնում»: Ապա պատասխանեց. «Գրանցված չի եղել, հետեւաբար հասանելի չէր, անգամ վճարովի, որպեսզի դեղատներից կարողանային ձեռք բերել»:
Պաշտոնական լրահոսը պրպտելով՝ նախարարության մի հայտարարություն գտանք. «2017թ. Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարարությունը Հայաստանին նվիրեց 3000 տուփ սովալդի, որով հնարավոր էր բուժել Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի»։
Հեպատիտ Ց-ով որքա՞ն գրանցված հիվանդ կա Հայաստանում, արդյոք այս 1000 հիվանդը, որոնք անցյալ տարի ներառվել են անվճար բուժման ծրագրում, բոլո՞ր հիվանդների թիվն է: Պարզվում է՝ չկա վիճակագրություն: Համենայնդեպս, փոխնախարարը մեր հարցին ի պատասխան՝ որեւէ թիվ չասաց, նա վստահեցրեց. «Քանի որ թիվն անընդհատ ավելանում է, մարդիկ կան՝ բուժվում են կամ հեռանում են երկրից, մարդիկ կան, որոնց կորցնում ենք, նոր են վարակվում, տարբեր վիրաբուժական միջամտության ժամանակ հայտնաբերվում ու ախտորոշվում է, դրա համար այդ թիվը փոփոխական է»: Օրինակ՝ նախարարությունը չունի՞ թիվ, թե ասենք՝ 2018 թվականի առաջին կիսամյակում այսքան հիվանդացության դեպք է գրանցվել, մեր այս հարցին ի պատասխան էլ տիկին Նանուշյանն ասաց. «Ոչ, դա անընդհատ, դինամիկ պրոցես է, մարդը թեստավորման մի քանի փուլեր պետք է անցնի, որպեսզի հաստատվի: Լինում է, որ մարդիկ արագ թեստն անցնում են, բայց վերջնական հաստատման չեն գնում»:
Ուստի, ինչպես փոխնախարարը վստահեցրեց, ազգային ծրագրի ներդրման համար տարվող աշխատանքներից մեկն էլ այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի հետ համատեղ ծրագիր են անում՝ գնահատելու եւ հասկանալու մեր բնակչության շրջանում Հեպատիտ Ց-ի տարածվածությունը: Բացի այս, ըստ Նանուշյանի, նաեւ բոլոր բժշկական հաստատությունների հաստատած՝ Հեպատիտ Ց-ով հիվանդների թիվն են հավաքագրում. «Որպեսզի հասկանանք՝ ներկա պահին որքան հիվանդ ունենք, որոնք են պատրաստ բուժում ստանալու»:
Նանուշյանը վստահեցրեց՝ եթե բանակցությունները հաջող ավարտվեն, եւ հաջողվի դեղը գրանցել, մատչելի գներով ներմուծել, եւ քանի որ պետական պատվերով բուժում չի եղել, ապա առաջին անգամ Հայաստանում այդ պետպատվերով ապահովելու են մեկ տարում 1000 հիվանդի բուժումը:
Թե որքան կկազմի այս ծրագրի բյուջեն, Նանուշյանն ասաց՝ պարզ չէ, քանի որ բանակցությունները գնային մի քանի տարբերակների շուրջ են գնում. «Փորձում ենք հնարավորինս ցածր գնով ստանալ: Կան միջազգային կազմակերպություններ, որոնք մի քանի երկրների համար գնում են: Նաեւ բանակցում ենք, եթե Հայաստանի համար էլ գնեն, մեզ ի՞նչ գնով կկարողանան տրամադրել: Բանակցությունների ավարտից հետո պարզ կլինի, թե որքան կարժենա այս ծրագիրը բյուջեի վրա»:
Թորոսյանը նաեւ հայտարարել էր, որ շուտով կառավարություն կներկայացվի որոշման նախագիծ, որը պարտադիր է դարձնելու տարեկան պարբերական զննումների ժամանակ Հեպատիտ Ց-ի ստուգումը, ինչը թույլ կտա վաղ հայտնաբերել այն եւ բուժել. «Նաեւ քննարկվում է Հեպատիտ Ց-ի հայտնաբերման այլ լայնածավալ միջոցառումների անցկացումը, որպես օրինակ՝ բժշկական օգնության դիմած ցանկացած քաղաքացու մոտ այն ստուգելը, որպեսզի հայտնաբերենք եւ բուժենք գրեթե բոլորին՝ ունենալով Հեպատիտ Ց-ից զերծ բնակչություն»։
Նանուշյանն էլ հիշեցրեց՝ դեկտեմբերի 1-ին մեկնարկում է եվրոպական շաբաթը՝ ՄԻԱՎ-ի թեստավորման, որը նաեւ Հեպատիտ Ց-ի թեստավորում է նախատեսում Մոբիլ-կլինիկաներում, այդ օրը Հյուսիսային պողոտայում ցանկացողները կարող են անվճար թեստավորում անցնել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»,
29.11.2018