Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք» դաշինքը հաշվել է՝ որքան պարտք ենք կուտակել, արտաքին պահուստներ կորցրել

Նոյեմբեր 30,2018 14:00

«Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ՝ էականորեն նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները. եթե 2014թ. Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016թ., ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, ընդամենը 10,7 միլիարդ: Նվազել են նաեւ Հայաստանի արտաքին պահուստները. եթե 2014 թ. դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա այժմ, համաձայն Կենտրոնական բանկի, այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից»,- իր նախընտրական ծրագրում այսպիսի մտահոգություն է հայտնում «Մենք» դաշինքը: Այս դաշինքի անդամ են «Ազատ դեմոկրատներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք միասնական դաշինք ստեղծեցին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Դաշինքի ծրագրի տնտեսական հատվածում նաեւ նշվում է, որ էլ ավելի մեծ անկում է ապրել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը. «2014-ի համեմատ 2016թ. ներմուծումը պակասել է 28%-ով: Արտահանումը նույն ժամանակաշրջանում աճել է 16 տոկոսով, որը, սակայն, ոչ թե արդյունք է Հայաստանի առեւտրային դիրքերի ուժեղացման եւ հայկական արտադրության զարգացման, այլ Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման։ Եթե արտահանման ծավալներից հանենք «թուրքական հոսքը», ապա կարելի է պնդել, որ այն նույնպես անկում է ապրել»:

Փոխարենը, ըստ դաշինքի նախընտրական ծրագրի, աճել է Հայաստանի պետական պարտքը. «Եթե երկու տարի առաջ պետական պարտքը 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա այժմ այն ավելացել է 26%-ով՝ հասնելով 5,6 միլիարդ ԱՄՆ դոլարի: 2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը 6,7 մլրդ դոլար է: 2016 թվականի համեմատ այն աճել է 5 մլն դոլարով կամ 12%-ով»:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրոպական Միությանը՝ «Մենք» դաշինքը համարում է, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական:

Դաշինքի համոզմամբ՝ Ամերիկայի երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի, արաբական աշխարհի երկրների հետ երկկողմ ձեւաչափով հարաբերությունները չիրացված մեծ ներուժ ունեն: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա նախընտրական ծրագրում «մենքականները» կարծիք են հայտնում, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար անարդյունավետ կառույց է. «ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր, պետք է վերանայել այդ կառույցի հետ հարաբերությունները եւ Հայաստանը քայլ առ քայլ ու անցնցում տանել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն: ԵԱՏՄ անդամակցության այս ընթացքն էլ ապացուցել է, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն Հայաստանի, այլեւ մյուս անդամ պետությունների համար անարդյունավետ միավոր է, քանզի հնարավորություններ ստեղծելու փոխարեն խոչընդոտներ եւ սահմանափակումներ է առաջացնում, մասնավորապես՝ երկրի անվտանգության, զարգացման ու առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով փոխշահավետության հիմքով այլ ուժային կենտրոնների, պետությունների եւ կազմակերպությունների հետ հարաբերություններում: Բացի այդ, ԵԱՏՄ անդամակցության տարիների ընթացքում վատթարացել են Հայաստանի ցուցանիշները մի շարք բնագավառներում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ», 

29.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930