Ոստիկանությունը «Բրաբիոն» ծաղկի սրահից առգրավել էր տեսաձայնագրությունները
Երեւան քաղաքի դատավոր Էդիկ Ավետիսյանի վճռով «Բրաբիոն Ֆլորա սերվիս» ՍՊ ընկերությունից հօգուտ քաղաքացու՝ հայցվոր Գագիկ Փանոսյանի պետք է բռնագանձվեր 11.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Միեւնույն ժամանակ ծաղկի սերվիսից պետական բյուջե պետք է բռնագանձվեր 220 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Բրաբիոն Ֆլորա սերվիսի» վերաքննիչ բողոքը բավարարվել էր: Երևանի դատարանի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել էր նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Քաղաքացին, բնականաբար, դժգոհ էր մնացել, դիմել էր Վճռաբեկ դատարան, դատարանը դարձյալ վերադարձրել էր անչափ ուշագրավ այս բողոքը: Սակայն երկու նիստ գումարելուց հետո քաղաքացիական գործի վարույթը դատարանում կասեցվել է մինչև քրեական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում կայացնելը:
Գագիկ Փանոսյանը երեք տարի առաջ «list.am» ինտերնետային կայքում տեղադրել է հայտարարություն գրպանի ոսկյա ժամացույց վաճառելու մասին: Հայտարարության մեջ նշվել է ժամացույցի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, այդ թվում արժեքը՝ 8.000 ԱՄՆ դոլար: Հայտարարության տակ նշվել էր որդու հեռախոսահամարը: Հայտարարությունից հետո որդուն զանգել է ոմն Ալիկ, հոր համարն է ուզել: Ըստ այս գործի, Գագիկին զանգում է Ալիկը և հետաքրքրվում է ժամացույցով ու հայտնում, թե ցանկանում է գնել: Պայմանավորվում են, որ այն կգնի 7.000 դոլարով:
Քանի որ ժամացույցը գրավադրված էր բանկերից մեկում, Գագիկը մարում է վարկի պարտքը, բանկից հետ է ստանում գրավադրված 130 գրամ ընդհանուր քաշով ոսկյա ժամացույցը և սպասում Ալիկի զանգին: Որոշ ժամ սպասելուց հետո հայցվորը զանգում է Ալիկին, բայց նրա երկու հեռախոսահամարներն անհասանելի էին:
Սակայն ժամեր հետո Գագիկին զանգած Ալիկը հայտնում է, որ բացակայում է Հայաստանից, կվերադառնա ու կզբաղվի ժամացույցի հարցով:
Երեկոյան Գագիկին զանգում է Արտյոմ ներկայացած մեկը՝ Ալիկի «եղբայրը»: Սակայն զանգն «ընդհատվում» է, քանի որ զանգում է Ալիկը և առաջարկում, որ ժամացույցի գնման հարցով եղբոր` Արտյոմի հետ հանդիպեն: Գագիկը ոմն Արտյոմին հայտնում է իր գտնվելու վայրը: Պայմանավորված ժամից ուշանում է երկրորդ անծանոթը, որը զանգում է Գագիկին, հայտնում՝ շատ զբաղված է, աշխատավայրից դուրս գալ չի կարող, եւ որ՝ «իմ փոխարեն կգա աշխատակիցս, որը լիազորված է բոլոր հարցերը լուծելու»: Այդ խոսակցությունից հետո Գագիկի գտնվելու վայրին մոտենում է ոմն Լևոն` «Ռենո» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով, ներկայանում է որպես Արտյոմի լիազորված անձ: Լևոնը տեսնում է ժամացույցը, ապա իր հեռախոսով զանգում է Արտյոմին ու ասում, որ այն «List.am» կայքում տեսած ժամացույցն է. «Զրույցի ժամանակ Լևոնը հայտնել է, որ Արտյոմի հետ աշխատում են ՀՀ ՊՆ գնումների դեպարտամենտում, ժամացույցը նվեր են տալու ինչ-որ գեներալի»: Գագիկը ոգեւորված, որ այն նվեր է տրվելու, այն էլ զինվորականի, հայտնում է, որ ոսկուց պատրաստված, վրան ադամանդե փոքր քարերով, խաչաձև, կենտրոնական մասում «Գրիգոր Նարեկացու» էմալապատ դիմանկարի արտապատկերով կրծքանշան էլ ունի վաճառքի, արժեքը մոտ 6.000 դոլար:
Այն ցույց է տալիս Լևոնին: Վերջինս զանգահարել է Արտյոմին, նկարագրել կրծքանշանը, հայտնել, որ դա ավելի լավ նվեր է, քան ժամացույցը: Ըստ գործի նյութերի. «Արտյոմը Գագիկ Փանոսյանի հետ զրուցել է և համաձայնության են եկել, որ ընդհանուր 11.000 ԱՄՆ դոլարով գնում է երկու իրը»: Լևոնը Գագիկին հայտնում է, որ Արտյոմը խնդրում է Թումանյան փողոցի վրա գործող «Բրաբիոն Ֆլորա սերվիս» ծաղկի սրահում փաթեթավորեն գրպանի ոսկյա ժամացույցն ու կրծքանշանը, որ այդ ընթացքում Արտյոմը նշված սրահ կգա և կլուծի վճարման հարցերը:
Մտնում են «Բրաբիոն Ֆլորա սերվիս» ծաղկի սրահ, Լևոնը հարցնում է, թե ո՞վ է Ամալյան: Սրահում գտնվող մեկը ներկայանում է որպես Ամալյա: Գագիկը գրպանից հանում է փաթեթավորման հանձնվող ժամացույցն ու կրծքանշանը՝ ժամացույցը զամշե փոքրիկ պատյանից, կրծքանշանը`փոքր տուփի միջից, ցույց է տալիս Ամալյային, դրանք հանձնում նրան, ասելով՝ «փաթեթավորի ու երբ վերադառնան, դրանք հանձնի իրեն»:
Ոմն Արտյոմը Գագիկին նույն այդ պահին զանգելով հայտնում է՝ աշխատավայրում է, գալ չի կարող, խնդրել է գնալ ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ, ինքը դուրս կգա և կկարգավորի վճարման հարցը:
Գագիկը Լևոնի հետ նրա ավտոմեքենայով դեպի ՀՀ ՊՆ վարչական շենք են գնում: Լևոնը մի քանի անգամ զանգում է Արտյոմի երկու հեռախոսահամարներին, սակայն դրանք անհասանելի են: Գագիկը Լևոնին առաջարկում է մտնել շենք և դուրս հրավիրել Արտյոմին, սակայն Լևոնը չի պատասխանել, հայտնել է, որ իրականում տաքսի ավտոմեքենայի վարորդ է, համագործակցել է Արտյոմի հետ`ակնկալելով համապատասխան 30.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալ, բայց ինքն էլ է խաբվել…
Հասնելով «Բրաբիոն»` Գագիկին սրահի աշխատակիցը հայտնել է. «Ձեր՝ սրահից դուրս գալուց հետո զանգեց մեր մշտական հաճախորդ Արտյոմը, ասաց, որ զարդերը այլևս հարկավոր չէ փաթեթավորել, դրա փոխարեն փաթեթավորման համար այլ նվեր կբերեն: Հետո ինչ-որ անձ է մոտեցել ու զարդերը վերցրել, գնացել»:
Կատարվածի մասին Գ. Փանոսյանը հայտնել է ոստիկանություն: Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, համաձայն որի՝ Գագիկ Փանոսյանը ճանաչվել է տուժող:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»,
29.11.2018