ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ քառասունվեցերորդ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ ԶՐՈ
Ինչպես երեւի հատուկենտ ու ամենաուշադիր ընթերցողները նկատեցին, Վարոն էլ է նոր կերպար օրթախականների շրջապատում, բայց իրականում ոչ թե Վարոն է նոր, այլ ես իրեն չէի անդրադառնում, եւ մինչ այժմ իրեն չէի անդրադառնում ոչ թե էն պատճառով, որ ինքը երեւելի ու վառ անհատականություն չի, այլ միայն ու ընդամենը էն պատճառով, որ Վարազդատը չափազանց երեւլի ու չափազանց վառ անհատականություն լինելով՝ չափազանց քիչ է խոսում, բայց որ խոսում է, չափազանց կարեւոր ու չափազանց հիմնավոր բաներ է ասում, եւ չնայած ինքը բավական լուրջ մաթեմատիկոս է, հրաշալի գրականություն գիտի, եւ ընդհանրապես՝ արվեստի ջերմ ու ճշմարիտ երկրպագու է, ինչպես նաեւ՝ բավական նուրբ ճաշակի տեր, եւ կինոարվեստից էլ է բավական տեղյակ եւ «Ոսկե ծիրան» փառատոնից գրեթե ոչ մի ֆիլմ բաց չի թողնում, եւ ամեն անգամ մեկնումեկիս հետը քարշ է տալիս կինո «Մոսկվա»՝ էդ «Ոսկե ծիրանի» ֆիլմերից որեւէ մեկը նայելու, եւ համարձակվում եմ ասել, որ մաթեմատիկոս Վարոն՝ նույն ինքը Վարդազարյան Վարազդատն իմ պոեզիայի ու արձակի հանդեպ էլ անտարբեր չի, ընդ որում՝ էս անվերջանալի գրությունս էլ է մշտապես կարդում ու հավանում, եւ իր հավանությունից ինձ շատ լավ եմ զգում, որովհետեւ, էլի եմ ասում, Վարոն չափազանց նուրբ ճաշակի տեր է, եւ, էս ամենից էլ բացի, Վարոն Մանկավարժական համալսարանի բարձրակարգ դասախոսներնից է, եւ Ղուշչյանն ու Հայկունին էլ են Մանկավարժական համալսարանի բարձրակարգ դասախոսներ, եւ երեքն էլ՝ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ են, եւ Մալխասյան Արիկն էլ է ճշգրիտ գիտության գծով, եւ ավելորդ չեմ համարում կրկնել, որ Օրթախն էլ է ճշգրիտ գիտության երեւելի ներկայացուցիչ, եւ նույնիսկ Դաշնակ Ավոն է ճշգրիտ գիտության գծով, եւ Սադոյան Արշակն էլ, չնայած իրականության ու հասարակության մեջ հիմնականում մազութի գործով է հայտնի, կրթությամբ մաթեմատիկայի ասպարեզից է, եւ օրթախականներից ես եմ, որ գեղարվեստական գրականության գծով եմ ու մաթեմատիկայից էլ զրո եմ, եւ չնայած Մաղաքյան Անանիան ու Աթոյան Լյովան էլ են գրականության ասպարեզում որոշակի քայլեր սկսել, կրթությամբ իրենք էլ են ճշգրիտ գիտության բնագավառից, եւ Մարտինն էլ է մաթեմատիկայի գծով, եւ չնայած Մարտինն ու Աթոյանն ուշ-ուշ են երեւում, իրենց էլ եմ լիարժեք օրթախական համարում, եւ դրա իրավունքն ինձ վերապահում եմ, որովհետեւ թե Մարտինը եւ թե Աթոյան Լյովան լիովին համապատասխանում են օրթախական չափանիշներին, եւ չնայած էսպես եմ ասում, բայց եթե ինձ հարցնեն թե՝ որոնք են օրթախականի չափանիշները, էդ հարցին դժվար թե կարողանամ պատասխանել, եւ էդ հարցին չի կարող պատասխանել անգամ շամշադինցի ճարտարապետ եւ խնդիրների գիտակ Կորյունը, ով կարծում է թե՝ աշխարհի բոլոր դժվարին հարցերի պատասխաններն ունի, բայց էդ հարցին չի կարող պատասխանել, որովհետեւ շամշադինցի ճարտարապետ Կորյունն ընդամենն ամիսուկես է՝ ինչ ինտեգրվել է օրթախականների կոհորտային եւ որոշ օրթախականների անձամբ չի էլ ճանաչում, որովհհետեւ որոշ օրթախականներ արդեն տարիուկես է՝ ինչ օրթախականների էս ամենօրյա հավաքներին չեն ներկայանում:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ: