Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթած Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ այժմ Ռուսաստանի հետ համագործակցության համար հարմար պահ չէ: Այս մասին նա ասել է BBC-ի հետ զրույցում:
«Քանի դեռ Ռուսաստանն իրեն այնպես է պահում, ինչպես հիմա, հաշվի առնելով՝ ինչ է տեղի ունենում գրավված տարածքների գծում, որտեղ առևանգում են մարդկանց, և այդ գիծն առաջ է գալիս մեր տարածքների խորքերը, ավելի մոտ Թբիլիսիին… հաշվի առնելով, թե ինչպես է Ռուսաստանն իրեն պահում Ուկրաինայի հանդեպ, չեմ կարծում, որ այդ ամենի դեպքում մենք կարող ենք հենց հիմա անցնել համագործակցության»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանն ունի եվրոպամետ դիրքորոշում, և եթե երկրի արևմտյան գործընկերները՝ ի դեմս Եվրոպայի և Ամերիկայի, երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ, Վրաստանը կողքից նայողի դերում չի մնա:
Հինգշաբթի առավոտյան Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Վրաստանի ընտրությունները, հայտարարել է. «Մենք ի գիտություն ենք ընդունում թեկնածուի հաղթանակի տեղեկատվությունը և փաստը: Նախընտրում ենք սպասել առաջին հայտարարությունների, Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների զարգացման հնարավոր հեռանկարների մասին գնահատականների»:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների 100%-ի հաշվարկից հետո հինգշաբթի օրը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որի համաձայն Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52%-ը:
Պաշտոնապես Զուրաբիշվիլին համարվում է անկախ թեկնածու, սակայն նա աջակցություն է ստանում իշխող կուսակցությունից: Նրա հակառակորդ Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր շարժումը, ստացել է մոտավորապես 40,48%:
Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների հրապարակումից հետո կարճ հայտարարություն է արել: Նա շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին հաղթանակի առթիվ, սակայն խիստ է արտահայտվել ընտրությունների ընթացքի մասին:
«Հետևելով երեկվա ընտրություններին, ինչպես նաև վերլուծելով դիտորդների գնահատականները՝ կցանկանայի իմ մտահոգությունը հայտնել ժողովրդավարական ընտրությունների որակի կտրուկ անկման մասին: Միանշանակ կարող եմ ասել, որ Վրաստանում այլևս չպետք է անցկացվեն այսպիսի չափանիշներով ընտրություններ»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, եվրոպացի դիտորդները չեն գրանցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էականորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, սակայն նկատել են, որ դրանք բացարձակ մաքուր էլ չի կարելի անվանել:
«Մեծ անակնկալ էր նաև ընտրություններից մի քանի օր առաջ ավելի քան 600 հազար Վրաստանի քաղաքացիների բանկային պարտքերի դուրս գրումը»,- ասել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Լայմա Անդրիկիենեն: Խոսքը երկրի իշխանությունների խոստումն է սև ցուցակ ընկած պարտատերերի բանկային պարտքերը մարելու մասին:
Բացի այդ, անկախ դիտորդները դժգոհ են մնացել, որ «մի կողմը օգտվել է անթույլատրելի առավելությունից», լրատվամիջոցները ցուցաբերել են կանխակալություն, իսկ նախընտրական քարոզարշավն ընթացել է «կոշտ հռետորաբանության և բևեռացման» պայմաններում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ