Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:
Հանդիպման ընթացքում Կ. Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով, կրկին անգամ նշել են, որ 2004-2006թթ. պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կ. Ղազարյանը երբևէ չի ծառայել ՀՀ զինված ուժերում:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կ. Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:
Դավիթ Տոնոյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Կ. Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում:
ՀՀ պաշտպանության նախարարություն