«Մարդը կարող լինել իրապես ազատ միայն, եթե ապահովված է նրա տնտեսական բարեկեցությունը, գործում են սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտահայտությունը եւ ազատորեն որոշումներ կայացնելու հնարավորությունը: Մինչդեռ, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, անկախության վերականգնումից ի վեր, հիմնված է եղել ինքնակարգավորվող շուկայի նեոլիբերալ գաղափարախոսության եւ «անցումային տնտեսության» մոտեցման վրա»: Այսպիսի մտահոգություններ է արտահայտում իր նախընտրական ծրագրում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:
Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ-ն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը
«Պետությունն ուսերից թոթափել է պատասխանատվությունն իր քաղաքացիների նկատմամբ, թողնելով, որ վայրի մրցակցության մեջ հաղթի «ուժեղը»՝ առանց հոգալու «պարտվածների» ճակատագրի մասին: Ցավոք, այս մոտեցումը դեռեւս գերիշխում է Հայաստանի քաղաքական էլիտայի գործիքակազմում»,-այսպիսի կարծիքի է քաղաքական այն ուժը, որը ժամանակ առ տաբեր կառավարությունների հետ կոալիցիա էր կազմում, ու նախարարական պորտֆելներ ունենում:
ՀՅԴ-ն այն կարծիքին է, որ մեր հայրենակիցները բողոքում են հայտարարվող տնտեսական աճի պայմաններում իրենց կյանքի մակարդակը գնալով անկում է ապրում, քանի որ տնտեսական աճի բարիքներից օգտվում է «հաղթողների» մի փոքրիկ խումբ.« Այսպիսով, պետությունն իրեն օտարեց քաղաքացուց, իսկ քաղաքացին օտարվեց պետությունից: Չզգալով պետության պատասխանատվությունը քաղաքացու հանդեպ, քաղաքացին դադարում է պատասխանատվություն զգալ պետության ու երկրի հանդեպ: Արդյունքը վիթխարի ծավալների հասնող արտագաղթն է, երբ հայ մարդը, չզգալով սեփական հայրենիքի հոգածությունը, իր ապագան փորձում է կապել այլ երկրների հետ: Անհրաժեշտ է արմատապես փոխել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տրամաբանությունը, վերականգնել պետության եւ քաղաքացու պատասխանատվությունը միմյանց հանդեպ՝ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին համարժեք»:
Եվ այսքանից հետո ինչ է առաջարկում Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրով:
«Ապահովել տնտեսական աճի եւ ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջեւ: Հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրացնել արժանապատիվ աշխատանք ունենալու իրենց իրավունքը: Բացառել, որ օրնիբուն աշխատող մարդը չկարողանա իր ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի նույնիսկ տարրական կարիքները: Երբեմն, առաջարկվող վարձատրությունն այնքան ցածր է, որ աշխատունակ եւ ինքնասիրություն ունեցող մարդը գերադասում է նպաստը, այլ ոչ թե ազնիվ աշխատանքը: Աշխատանքը պետք է ապահովի մարդու արժանապատիվ կյանքը, ոչ թե գոյությունը: Աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսապահովման զամբյուղից: Աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի իրավունքը, կրթության իրավունքը, առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը, մշակութային և հոգևոր արժեքների հետ հաղորդակցման իրավունքը»,-գրված է ծրագրում: Նկատենք, ՀՅԴ-ի նշած այս խնդիրները նոր չեն, դրանց մասին տարբեր փորձագետներ բարձրաձայնել են նախկին իշխանության ժամանակ, երբ տնտեսական բլոկը ղեկավարում էր Դաշնակցական Արծվիկ Մինասյանը:
Այս քաղաքական ուժն իր ծրագրով նաեւ առաջարկում է՝ «Ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը: Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով է հնարավոր վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը: Եկամտահարկի դրույքաչափի առաջարկվող համահարթեցումը՝ անկախ եկամուտի չափից միասնական մեկ դրույքաչափի կիրառումը չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը»: Հիշեցնենք, ներկայիս կառավարությունն առաջարկում է համահարթ հարկման համակարգը, երբ բոլոր աշխատողները նույն չափի հարկ են վճարում:
ՀՅԴ-ն այն կարծիքին է, որ պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը պետք է գործի նաեւ գույքահարկի եւ հողի հարկի պարագայում.« Ունեւոր մարդը պատրաստ է ավելի շատ հարկ վճարել, եթե դրան համապատասխան պետությունից ստանա իր սեփականության լիարժեք պաշտպանվածություն, մաքուր շրջակա միջավայր, իր երեխաների համար անվճար եւ որակյալ կրթություն, առողջապահություն եւ այլն»:
ՀՅԴ-ն գտնում է, որ գյուղատնտեսական աջակցության թիրախը պետք է լինի այն գյուղացին, ով օրնիբուն աշխատում է իր հողի վրա, աջակցությունը պետք է տրվի ուղղակի գյուղատնտեսությամբ զբաղվողներին այլ ոչ թե զանազան միջնորդ եւ մատակարար կառույցներին.«Աջակցությունը պետք է լինի թիրախային՝ խրախուսելու առավել բարձրարժեք գյուղատնտեսությունը եւ նպաստի, որ գյուղացիները դուրս ելնեն աղքատության ճիրաններից: Գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն կոոպերատիվների ստեղծման, հողերի կամավոր խոշորացման եւ անմշակ հողերի կրճատման ուղղությամբ: Միաժամանակ, պետական ինչպես նաև պետություն-համայնք- մասնավոր հատված ֆորմատով պետք է ներդրումներ կատարվեն գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման համար»:
Հիշեցնենք, որ նախորդ իշխանության ժամանակ եւ անգամ նոր կառավարությունում գյուղատնտեսության նախարարը ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն էր: Իր կառավարման ժամանակ այս նախարարը նման ծրագրերով հանդես չի եկել, թեեւ հնարավորություն պիտի որ ունենար:
«Կանխել կյանքի դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցների, որոնք աշխատաշուկայում մրցունակ չեն կամ ինչ-ինչ պատճառներով աշխատանք չունեն, լուսանցք մղվելը: Պետությունն ակտիվ քաղաքականություն պետք է իրականացնի աշխատաշուկա նրանց մուտքն ապահովելու համար եւ պաշտպանի աշխատողների իրավունքները»,-գրված է նախընտրական ծրագրում, բայց թե ինչ կոնկրետ գործողություններ է նախատեսում, ծրագրում ոչ մի բառ չկա:
Առողջապահության ոլորտում ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որեւէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից.«Որեւէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի»:
Արտագաղթի մասին՝ ՀՅԴ-ն ասում է՝ «Արտագաղթը կանխելու նպատակով՝ ստեղծել հնարավորություններ, որ հայոց բանակում ծառայած, իր կյանքը հանուն անկախության ու ժողովրդի բարօրությանը վտանգած յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հոգալ իր բնակարանային ապահովվածության ու աշխատանքի կարիքները»:
«Օգնել հատուկ կարիքներ ունեցող անձանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը».սա եւս ՀՅԴ ծրագրի դրույթներից է: Այսքանով սահմանափակվում է այս ուժի՝ հատուկ կարիքներ ունեցողներին աջակցելու ծրագիրը: Մանրամասներ, թե կոնկրետ ինչ քայլեր, գործողություններ է նախատեսում այդ ոլորտում, ծրագրում գրված չէ:
«Նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը: Սոցիալ-տնտեսական, բնակարանային, ցածր զբաղվածության և այլ պատճառներով ուշ ամուսնություններն ու ցածր ծնելիությունը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղետի եզրին»,-գրված է ծրագրում:
ՀՅԴ-ն իր ծրագրում գրել է՝ «Վարել ակտիվ հայրենադարձման քաղաքականություն, նպաստել, որ հայրենիքից հեռացած մեր համաքաղաքացիները եւ սփյուռքահայերը վերադառնան իրենց երկիր՝ քանի դեռ նրանց սերունդները չեն ուծացվել ու չեն դադարել հայ լինելուց: Հայրենիքից հեռացածները եւ տարիներ ի վեր հայկական Սփյուռքում հանգրվանածները այլ երկրների տնտեսական, գիտական, մշակութային, մարզական էլիտայի մաս են: Հայրենադարձության բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ այդ ներուժն ու կարողությունը կծառայեն մեր բոլորի հայրենիքին»:
Սրանք ՀՅԴ-ի ծրագրի՝ «Ազատ մարդ եւ համերաշխ մարդ» խորագրում ներառված դրույթներից էին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ