Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես նշվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր՝ որպես Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, և ես ի սրտե մաղթում եմ, որ Ձեր պաշտոնավարումը Վրաստանի պատմության մեջ նշանավորվի շարունակական վերելքով և բարօրությամբ:
Հավատացած եմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի՝ դարավոր բարիդրացիության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել՝ փոխադարձ վստահության և փոխըմբռնման մթնոլորտում, կընդլայնենք երկկողմ օրակարգը բազմաբովանդակ նոր ծրագրերով՝ մեր ժողովուրդների բարեկամության ողջ ներուժը ծառայեցնելով Հայաստանի և Վրաստանի առաջընթացին:
Ձեզ հետ մոտալուտ հանդիպման և հավակնոտ գործընկերություն զարգացնելու ակնկալիքով՝ Ձեզ եմ հղում հարգանքներիս խորին հավաստիքը»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ