ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքն այսօր էլ վերաքննիչ դատարանը չհասցրեց քննել:
Այսօր պաշտպանները մի շարք միջնորդություններ են ներկայացրել: Իսկ կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 3–ը։
Այսօր նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց, որ դեկտեմբերի 1–ին Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ մամուլի հրապարկման մասին դատարանում հայտարարություն է արել, խնդրել, որ նախագահող դատավորը մեկնաբանի, սակայն, դատարանը չի արձագանքել. «Ես էլ այսօր բացեցի մամուլը, կարդացի տեղեկությունը և քանի որ դատավորին հարցեր ուղղելու իրավունք չունեի, դատարանում հանդես եկա այդ մասին հայտարարությամբ։ Հայտարարության վերջում ասացի, որ շատ կուզեի, որպեսզի դատավորը վերջում մեկնաբանություն անի իմ հայտարարության վերաբերյալ։ Բայց նա ոչինչ չասաց։ Ես նաև վկայակոչեցի, որ առայժմ երկու անգամ է նման հայտարարություն եղել, որոնք երկուսն էլ հաստատվել են»:
Այսօրվա նիստին էլ է ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել:
Հայկ Ալումյանի խոսքով, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացվել է ոչ թե օրենքով նախատեսված նպատակներով, այլ՝ ստիպեն անձանց ցուցմունք տալ. «Ուղիղ ասվում է այդ խոսակցությունում, այդ միջնորդությունը օրինական նպատակ չի հետապնդել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ