Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշխարհի որևէ խնջույքի վայրում չեմ լսել այնպիսի գմփգփոցներ, ինչպիսին մեր ռեստորաններում»․ Լևոն Շիրինյան

Նոյեմբեր 29,2018 18:20

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն ու Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներն այսօր իրենց քարոզարշավն անցկացրեցին Շիրակի մարզի տեղանքներում, Գյումրիում էլ հանդիպեցին լրագրողների հետ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։

Լևոն Շիրինյանն ասաց, որ որպես հոգևոր, մշակութային և քաղաքակրթական հենք ունեցող կուսակցություն՝ այն առանձնանում է։

«Ճիշտ է մենք կրոնական կազմակերպություն չենք, բայց մի կուսակցություն ենք, որը դավանում է ազգային-պահպանողականություն Առաքելական եկեղեցու արժեհամակարգի, նրա դավանանքի փիլիսոփայության վրա։ Դրա համար եկեղեցու հետ հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն,միաժամանակ պահելով քաղաքացիական հասարակության բոլոր կանոնները՝ խղճի ազատության սկզբունք և այլ, և այլն»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Նա նշեց, որ կուսակցությունն իրեն հայտարարել է այլընտրանք, բայց ոչ ընդդիմություն։

«Մեր այլընտրանքն այն այլընտրանքը չէ, ինչին սովոր են Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ իշխանությունը մի ձեռից մյուսը փոխանցել, իբրև թե իշխանությանը կա այլընտրանք և պատրանք առաջացնել։ Ասեմ հետևյալը՝ մենք ընդդիմություն ենք իրականության մեջ երրորդ հանրապետության դերակատար կուսակցություններին՝ Հանրապետական և մանկլավիկներ և նրանց հետ մինչև իրենց քաղաքական լուրջ գիտական վերլուծությունները և խոստովանությունը, իրենց արածը, բացառում ենք որևէ համագործակցություն։ Այս իմաստով մենք ընդդիմություն ենք, արմատական ընդդիմություն, սակայն որպես հեղափոխության իդեալները բաժանող կուսակցություն՝ այս իմաստով մենք այլընտրանք ենք»։

Ըստ բանախոսի, վարչապետը՝ որպես հեղափոխության առաջնորդ, անպայման պիտի ունենա կայուն մեծամասնություն, որպեսզի հեղափոխության հետագա գործընթացը գործնական կյանք մտցնի, բայց երկրի համար չափազանց վտանգավոր կլինի բացարձակ մեծամասնություն ունենալը։

Լևոն Շիրինյանի համոզմամբ, քայքայված տնտեսության պայմաններում որևէ կուսակցության բացարձակ մեծամասնության պարագայում խորհրդարանը սկսի օրենքներ «թխել», և սա կվերածվի Հանրապետական կուսակցության պրակտիկային։

«Մենք պարտավոր ենք ընտրություններից հետո կազմաքանդել ոչ միայն օլիգարխիան ընդհանրապես, այլ նաև խորքային պետությունը։ Հայաստանում խորքային պետությունը կա, որը մնացել է գրանիտի նման քրեաօլիգարխիկ տարրերի ձուլվածքի տեսքով, տեսնում ենք այսօր հեղափոխության դեմ ինչպիսի կատաղի պայքար է գնում տարբեր մեթոդներով»,-ասաց Լևոն Շիրինյանը։

Նա նշեց, որ իրենք պատրաստ են Հայոց պետականությանը ծառայել խորհրդարանում ու ներկայացնել այս տեսակետները՝ ազգային-պահպանողականության և հատկապես արժեհամակարգի տեսանկյունից, որը քրիստոնեական է, ձևավորվել է մեր եկեղեցու ու պատմության հազարավոր տարիների ընթացքում  և բացառապես բխում է Հայաստանի մշակույթից ու քաղաքակրթությունից։

Լևոն Շիրինյանն ասաց, որ խորհրդարանում «պրիմիտիվիզմն ու կենցաղայնությունը» հաղթահարելու համար իրենք որպես թեկնածու առաջադրել  են նաև երիտասարդ քաղաքագետների։

Խոսելով իրենց տնտեսական ծրագրից, քաղաքագետն ասաց․ «Տնտեսական հարաբերությունների մեջ պիտի ներդրվի սոցիալական հարցը,  չլինի որ հասարակությանը միշտ նպաստ առաջադրվի։ Դուք տեսնում եք՝ ինչ վիճակ է, հասարակությունը նպաստառու  է դարձել, մի տեսակ վատ էլ ես զգում, ուզում են մարդիկ, սովորել  են, դժվար են ապրում, դուք տեսնում եք գյուղերում ինչ վիճակ է, քաղաքներում էդքան չի նկատվում»։

Նա նաև նշեց, որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր, որտեղ գերիշխողը կլինի արդյունաբերող դասակարգը, ոչ թե ներդրողը։

«Հիմա իշխանությունը վաշխառուինն է և ներդրողինն է, ֆինանսական սպեկուլյատիվ կապիտալը գումարված ներդրողի հետ, իբրև թե բիզնես է կոչվում, սա բիզնես չէ իրականում Հայաստանում։ Մենք արտադրողական ուժերի զարգացման հանգամանքը ունենալով՝ կունենանք պահանջ, կունենանք բարձր մշակույթ, այդպիսի երկիրը չի կարող ռաբիսով, կնունք-ծնունդներով սոսկ, ուտել-խմելով բավարարվել։

Մտեք մեր ռեստորաններ, նստել չի լինում, հնարավոր բան չէ, աղմուկ-աղաղակ, գոռում-գոչյուն, ես չեմ տեսել աշխարհի որևէ խնջույքի վայր կամ հանգստի վայր, որտեղ այնպիսի գմփգփոցներ են, որտեղ մարդ կարող գալ հանգստանալ և փողոց գալ, հաջորդ օրը մարդ սպանել, որտեղ խելագարության աստիճան է առաջանում։ Մենք պարտավոր ենք վերադարձնել մեր մշակույթի բոլոր տարրերը, քաղաքակրթությունը։ Քրիստոնեական բարեպաշտությունն ընտանիքիներում ինչպիսի եղել է , պետք է վերադառնա», -ասաց Լևոն Շիրինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930