«Մեզ մեղադրում են նրանում, որ մեր կառավարության օրոք երկու խոշոր ձեռնարկություն փակվեց՝ Ալավերդու պղնձաձուլարանը եւ Ամուլսարի ոսկու հանքը: Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրը կապված է Թեղուտի հանքի փակման հետ եւ այն փաստի հետ, որ Թեղուտը շահագործող «Վալեքս» ընկերությունը 380 միիոն դոլարի վարկ է վերցրել բանկից եւ չի կարողացել այն սպասարկել»,-Գեղարքունիքում նախընտրական հավաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «Դրա բացասական հանգամանքն այն է, որ Թեղուտի պոչամբարի ամբարտակը ճաքել է եւ բարդացրել հանքի հետագա շահագործումը: Բայց հիմա մենք քաջալերել ենք, որ բանկը նոր օպերատոր ներգրավի, եւ հույս ունենք, որ Թեղուտի հանքն առաջիկայում կաշխատի: Իսկ պղնձաձուլարանը կամ կաշխատի, կամ էլ նոր պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիր կիրականացվի»:
Ինչ վերաբերում է Ամուլսարին, Փաշինյանը շեշտեց. «Հանքի շահագործումն ընդունելի կլինի այն ժամանակ, երբ կլինեն հստակ մասնագիտական գնահատականներ առ այն, որ հանքի շահագործումը չի վնասելու Սեւանին եւ Ջերմուկի ջրային ավազանին: Առաջիկայում ՀՀ-ն փող չի խնայի պետբյուջեից, որպեսզի միջազգային ընկերությունը փորձաքննություն անցկացնի այդ նպատակով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ