Գավառում այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր քաղաքական մրցակիցների քննադատություններին, թե Փաշինյանի կառավարության օրոք ներդրումային միջավայր գրեթե չկա: Փաշինյանն օրինակներով խոսեց. «Երբ նոր դարձա վարչապետ, ինձ զեկուցեցին, որ մի սփյուռքահայ գործարար փորձում է ՀՀ ներկրել բամբակի սերմ, որպեսզի փորձնական ցանք իրականացնի Արմավիրի մարզում, բայց մաքսայինում խնդիրներ են առաջացել: Ասվեց, թե ֆիտոսանիտարական խնդիր կա: Հրահանգեցի անպայման ստուգել եւ թույլ տալ, որ այդ սերմերը ներկրվեն ՀՀ»:
Դրանից հետո, ինչպես պատմեց Փաշինյանը, այդ գործարարը, ինչպես եւ նախատեսել էր, Արմավիրում իրականացրեց բամբակի ցանք՝ երկար տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ. «Ներկայում պարզվել է, որ բերքը սպասվածից էլ շատ է: Այդ գործարարը, որը երկար տարիներ բնակվել է Ուզբեկստանում, ծագումով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է եւ որոշել է գյուղում ստեղծել տեքստիլ-գործարան, որտեղ բամբակից թել են մանելու: Սկզբնական շրջանում կլինի 400-600, իսկ հետագայում՝ հազարից ավելի աշխատատեղ: Դրանք բացվելու են գավառցիների համար»:
Փաշինյանը հավելեց, որ ըստ գործարարի խոստման՝ գործարանը կաշխատի հունվարից: Վարչապետի պաշտոնակատարը նաեւ հայտնեց, որ մեկ այլ գործարար «Հայէլեկտրոմեքենա» նախկինում հայտնի գործարանի տարածքում ցանկանում է հիմնել գյուղտեխնիկայի արտադրություն: Ներդրումային ծրագիր է նախատեսվում իրականացնել նաեւ Կոտայքում: «Ներկայում 589 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում, եւ մենք օգնելու ենք նրանց»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ