«Ես ու դու դառնում ենք մենք». այս կարգախոսով ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցիչներն այսօր ընտրողների հետ հանդիպեցին Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
ՄԵՆՔ-ի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը և առաջին եռյակում գտնվող Խաչատուր Քոքոբելյանն ու Անժելա Խաչատրյանը զուգահեռ քարոզարշավ էին անցկացնում Վանաձորում:
Լրագրողները Արամ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ մտահոգություն չունե՞ն, որ հաղթանակ գրանցելը բարդ կլինի, քանի որ իրենց ռեյտինգային թեկնածուները հայտնի չեն: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ամենահաղթող թեկնածուն այն թեկնածուն է, որ քիչ է հայտնի: Հայտնիների ժամանակը լրացել է. հայտնիներին համարում են խոստում տված, չարած»:
Արամ Սարգսյանը հավաստիացրեց՝ Լոռու մարզում շատ լավ թեկնածուներ ունեն. «Այնպիսի մարդիկ են, որոնք իրենց ապրած կյանքով իսկապես ծառայություն են մատուցել հայրենիքին, որպես ազատամարտիկներ մասնակցել են ազատամարտին, անբասիր կյանք են վարել: Մյուս ուժերից ՄԵՆՔ-ի տարբերությունը նրանում է, որ մենք մեր գաղափարներն ասում ենք՝ անկախ նրանից՝ ժողովուրդն ուզում է լսել, թե ոչ: Նրանք, ովքեր համարում են, թե պետք է գաղափարներն ասել, երբ ժողովուրդն ուզում է լսել, նրանք պոպուլիստներ են»:
ՄԵՆՔ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանն իրենց ռեյտինգային թեկնածուներին անվանական ներկայացրեց. «Ունենք դասախոսներ՝ ի դեմս Լիլիթ Կարապետյանի, Տիգրան Արզումանյանի, Արայիկ Այվազյանի, Մասիս Այվազյանի: Մեր թեկնածուները և՛ շատ հայտնի են, և՛ այնպիսիք, որոնց գործողությունները բացառապես ժողովրդի շահերից են բխում, կոռուպցիայի դեմ առերեսում չունեցած, կոռուպցիայի դեմ պայքարած մարդիկ են. իրենց գիտելիքով և՛ սովորեցրել են, և՛ պայքարում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ