Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ԲՀԿ-ի կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արայիկ Աղաբաբյանը`մարզում Մանվելի Գրիգորյանով եւ առանց Մանվել Գրիգորյանի, ընտրությունների մասին
–Արդեն մի քանի օր է, քարոզարշավը մեկնարկել է, ինչպե՞ս եք գնահատում ընթացքը:
– Խաղաղ բնույթ է կրում: Բազմաթիվ թեկնածուներ կան`տարբեր կուսակցություններից, բոլորն էլ, կարծես, իրենց գործով են զբաղված: Միջկուսակցական պայքար չի երեւում: Այո, ամեն դեպքում մրցակցություն է, բայց լարվածություն չկա:
– Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ եք պայքար մղելու, քանի որ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածուները`մարզում հայտնի կամ անհայտ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին արդեն ստարտային ոչ հավասար պայմաններում են: Հե՞շտ է մրցակցությանը դիմանալը:
– Դիմանալու առանձնակի խնդիր չկա: Ձեր ասածն, այո, համապատասխանում է իրականությանը, բայց թեկնածուների ճանաչողության խնդիր էլ գոյություն ունի: Ես չեմ առարկում, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ֆակտորն աշխատում է, բայց թեկնածուների ճանաչողության խնդիրն էլ նշանակություն ունի: Ամեն ընտրող ինքը կորոշի`ում ձայն տալ: Կգա ընտրության օրը`կտեսնենք, ես գուշակություններով չեմ ցանկանում զբաղվել: Բայց ամեն մի ընտրող, ըստ իս, պետք է ընտրությամբ պատկերացնի իր վաղվա օրը, պատկերացնի, թե ո՞ւմ ընտրվելու դեպքում ընտրողը կշահի, որքանո՞վ տվյալ բնակավայրի խնդիրները լուծման փուլ կմտնեն, թեկնածուներից ո՞վ է իրենց ավելի մոտ կանգնած, ո՞ւմ ավելի շուտ կարող են դիմել, ո՞վ ավելի արդյունավետ կաշխատի իրենց համար:
– Միջկուսակցական կատաղի պայքար, ասացիք, չկա, մրցակցություն է: Իսկ ներկուսակցական պայքար կա՞, քանի որ ռեյտինգային ընտրակարգն ինքնին մղում է կուսակցությունների ներսում պայքարի:
– Այո, համաձայն եմ, օրենքը բերում է ներկուսակցական պայքարի: Որքան էլ որ թեկնածուները նույն կուսակցությունից են, յուրաքանչյուրն էլ ձգտում է, որ ինքն առավել շատ ձայներ հավաքի:
– Արմավիրի մարզում հիմա բավական հետաքրքիր իրավիճակ է. եթե նախկինում գեներալ Մանվել Գրիգորյանի դերակատարումը դոմինանտ էր, եւ իր հաստատած խաղի կանոններով պետք է բոլորը շարժվեին, հիմա դաշտը, կարծես ազատ է: Առա՞ջ էր հեշտ, թե՞ հիմա:
– Չգիտեմ, մի քիչ տարածված տեսակետ է`Մանվել Գրիգորյանի դերակատարման դոմինանտությունը, բայց, չգիտեմ, ես գոնե, դա չեմ զգացել դա: Անցած ընտրություններում էլ, դրանից առաջ էլ, ես երկու անգամ ընտրվել եմ, երկու դեպքում էլ ես ամբողջ մարզով աշխատել եմ եւ այդ դոմինանտությունը չեմ զգացել: Ես իմ գործով եմ զբաղվել: Մարդիկ ինձ ճանաչում են եւ որքան որ կարողացել եմ մարդկանց վստահեցնել, որքան որ մարդիկ հավատացել են ինձ`այդքան էլ ձայներ եմ ստացել`մարզի բոլոր հատվածներից:
– Արմավիրի ընտրատարածքում ԲՀԿ-ն 14 թեկնածու է առաջադրել: Նրանցից ո՞ւմ եք ձեր հիմնական մրցակիցը համարում, քանի որ, ի վերջո, դուք էլ նկատեցիք, որ յուրաքանչյուրը ձգտելու է ձայների առավելագույնը ստանալ:
– Ոչ միայն ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին, առհասարակ, բոլոր կուսակցությունների թեկնածուներին էլ ես համարում եմ հավասար մրցակիցներ: «Դե յուրե» գոնե այդպես է`հավասար պայմաններով գրանցված թեկնածուներ են: Այլ բան է`«դե ֆակտո»:
– Ո՞րն է իրականությունը, ձեր կարծիքով, ի՞նչ-որ բան եք ակնարկում:
– Չեմ ցանկանա որեւէ մեկին առանձնացնել, ոչինչ էլ չեմ ակնարկում: Ասում եմ`կան մարդիկ, որոնց բոլորն էլ լավ ճանաչում են, կա աշխատանքի փորձ, կա կենսագրություն, կա ներդրում: Ես կցանկանայի, որ ընտրողներն իրենց ընտրությունը կատարեին`զուգահեռներ անցկացնելով:
– Ձեր արդեն իսկ ունեցած հանդիպումներից ի՞նչ տպավորություն ունեք, մարդիկ այդպես խորությա՞մբ են ուսումնասիրում, թե՞ ավանդաբար գործող`«մեր տղեն ա», «մեր ընկերն ա» եւ նման սկզբունքներով կամ էյֆորիկ տրամադրություններով:
– Դե, ըստ տարածաշրջանների, նայած թե ով ում է ճանաչում: Ես ամբողջ մարզը գիտեմ, մարզի բոլոր համայնքներում էլ ծանոթ եմ, համարյա բոլոր համայնքներում էլ ինձ են ճանաչում, գիտեմ համարյա բոլոր համայնքների հիմնախնդիրները, տարիներ շարունակ աշխատել եմ տարբեր անհատների հետ, շփվել եմ մարդկանց հետ, հնարավորության սահմաններում փորձել եմ լուծել նաեւ նրանց կողմից առաջադրված խնդիրները: Համենայնդեպս, երբ ես կրկին համաձայնվել եմ առաջադրել թեկնածությունս, գնացել եմ այդ քայլին`հաշվի առնելով նախ իմ կապը ազգաբնակչության հետ, միմյանց նկատմամբ փոխվստահությունը: Դա է ինձ թույլ տվել կրկին գնալ այդ քայլին:
– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:
– Շատ բարդ հարց է: Անկեղծ ասած, չէի էլ ցանկանա գնահատել իմ հնարավորությունները: Թող ժողովուրդը գնահատի:
– Դուք ասացիք երկու անգամ մասնակցել եք ընտրապայքարին եւ ընտրվել: Երկու անգամն էլ`2012-ին էլ, 2017-ին էլ իբրեւ ԲՀԿ կուսակցության անդամ եք ընտրվել: Բայց դուք նախկինում էլ, իբրեւ անկուսակցական, մասնակցել եք ընտրություններին. ինչո՞ւ իբրեւ անկուսակցական չկարողացաք ընտրվել:
– Այո, դուք ճիշտ եք, ես 2003 թվականին էլ եմ մասնակցել ԱԺ ընտրություններին, իբրեւ անկուսակցական թեկնածու, բայց այն ժամանակ էլ բացարձակ հաղթանակ եմ գրանցել: Բայց այդ ժամանակ ընտրությունները անվավեր համարվեցին, քանի որ Սարդարապատ համայնքի երեք տեղամասերում, երբ ընտրություններն արդեն ավարտվել էին, հանձնաժողովներն իրենց աշխատանքն ավարտել էին, արձանագրությունները պատրաստ էին, քվեաթերթիկները պարկերի մեջ էին տեղադրված եւ զմռսված, հանկարծ զինված խմբեր մտան եւ միջազգային դիտորդների ներկայությամբ ուղղակի թալանվեցին տեղամասերը`քվեաթերթիկներով պարկերը անհետացան: Մենք արդյունքները արդեն գիտեինք, իմ վստահված անձինք բոլորն էլ ուներին հանձնաժողովների կողմից հաստատված արձանագրությունները… Անհետացած պարկերը մի ամբողջ օր չկային, մեկ էլ հանկարծ հայտնվեցին` այլ արձանագրություններով: Այս խայտառակությունից դուրս գալու համար իշխանություններն այդ ընտրատարածքում անվավեր համարեցին ընտրությունները: Պարզապես, հետագայում ես ընտրապայքարը չկարողացա շարունակել: Այդ դեպքերին շատ խոշոր ավտովթար հաջորդեց, ինչն էլ խանգարեց իմ մասնակցությունը կրկնակի ընտրություններին:
Մինչդեռ այդ ընտրություններում ես բացահայտ եւ բացարձակ հաղթանակ էի տարել, իշխանությունն այդ կերպ ծածկեց իր խայտառակությունը: Քվեաթերթիկների անհետացման քրեական գործն էլ ծածկադմփոց արվեց, ավտովթարից հետո ես էլ ի վիճակի չէի զբաղվել այդ հարցերով: Այդպես իմ հաղթանակը ոչնչացվեց, բայց ես միայնակ, մեծամասնական ընտրակարգով առաջադրվելով, կարողացա հաղթել իշխանական համակարգին:
– Հիմա չե՞ք պատրաստվում այդ գործը վերհանել, իրավիճակ է փոխվել:
– 1,5 տասնամյակ է անցել, ես հիմա չգիտեմ էլ`գործի արխիվային նյութեր պահպանվե՞լ են, թե`ոչ: Բայց ես շնորհակալ եմ, որ սարդարապատցիներն այն ժամանակ այդքան համերաշխ գնահատել էին եւ համարժեք քվեարկություն էին կատարել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ