Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսությունը կապահովագրեն, բայց առայժմ պիլոտային ծրագրով

Նոյեմբեր 29,2018 16:14

Գյուղատնտեսության նախարարությունն այս օրերին ուսումնասիրություններ է կատարում սպառման մեծ ծավալ ունեցող ապրանքային շուկաներում՝ գների թանկացման մասին իրարամերժ խոսակցություններից զերծ մնալու համար։ Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Ըստ նրա՝ այդ մթերքներն են ձուն, լոլիկը, կարտոֆիլը, միսը, պանիրը, վարունգը եւ այլն: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությունը կա, որտեղ երեւում է, որ այդ ապրանքների գներում թվերի լուրջ փոփոխություն չկա.«Սակայն մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ ենք կատարում եւ տեղեկատվությունը կներկայացնենք ձեզ»:
Պարոն Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում ներդրվում է ապահովագրական համակարգ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ապահովագրական գործընթացը կսկսվի 2019 թվականից՝ պիլոտային ծրագրի տեսքով: Նախ կապահովագրվեն Արմավիրի, Արարատի մարզերի ֆերմերների որոշ մշակաբույսերի տեսակներ: Այս պահին, Գեղամ Գեւորգյանի խոսքով, քննարկվում է Շիրակի մարզում ներդնելու հարցը եւս:

Պարոն Գեւորգյանն ասաց, որ դա նորություն է, եւ այն ծախսերը, որ  գյուղացին  կատարում է ամբողջությամբ, ապահովագրական ընկերություններն այդ մասով ռիսկերը կծածկեն.«Ռիսկերը կապված են բնական աղետների հետ՝ սկզբնական շրջանում հաշվի կառնվեն կարկուտը, ցրտահարությունը: Այսօր կառավարությունում ներկայացրինք նախագիծ, որով առաջարկում ենք գյուղացու վնասների փոխհատուցում, սակայն ապահովագրական համակարգի ներդրման պարագայում պետությունն արդեն դուրս կգա այս գործընթացից, և ապահովագրական ընկերություններն ավելի մեծ ծավալով հատուցում կկատարեն»:
Ըստ պարոն Գեւորգյանի՝ լինելու է սուբսիդավորում եւ գյուղացու վրա մեծ բեռ չի նախատեսվում:
Ինչ վերաբերում է հակակարկտային ցանցերին, ապա, պարոն Գեւորգյանն ասաց, որ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ խումբ է ստեղծվել՝ հասկանալու արդյունավետության մեխանիզմները: Ըստ նրա՝ մեր երկրում արդեն արտադրվում են հակակարկտային այդպիսի ցանցեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930